«Ականատեսը» դիտորդական առաքելությունը հայտնել է 5 էական միջադեպի մասին
«Ականատես» դիտորդական առաքելությունը հայտնում է, որ տեղամասերի մատչելիության, կահավորման, բացման և նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաև փաստաթղթերի, ցուցակների ու գույքի հետ կապված խնդիրների մշտադիտարկման ընթացքում արձանագրվել է 5 էական միջադեպ։
7/6 ընտրատեղամաս
Հանձնաժողովի նախագահը մերժել է դիտորդի պահանջը՝ գրանցամատյանում արձանագրել քվեարկության գաղտնիության խախտման ռիսկի վերաբերյալ գնահատականը։ Դիտորդի կարծիքով՝ քվեախցիկի տեղադրման վայրում առկա ելումուտի պատճառով տեսանելի էր դառնում քվեախցիկում կատարվող գործընթացը։
8/61 ընտրատեղամաս
Հանձնաժողովի նախագահը մերժել է դիտորդի պահանջը՝ արձանագրել քվեարկության սենյակի կահավորման խնդիրը։ Ըստ դիտորդի՝ քվեախցիկների ետնամասում գտնվող սանհանգույցների պատճառով այդ հատվածում առկա անցուդարձը կարող էր խախտել քվեարկության գաղտնիությունը։
8/38 ընտրատեղամաս
Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի ուշացման պատճառով տեղամասային կենտրոնը մինչև ժամը 07։18-ը չի բացվել, և այդ ընթացքում որևէ անձի մուտքը չի թույլատրվել։
14/6 ընտրատեղամաս
Արձանագրվել է քվեարկության գաղտնիության խախտման ռիսկ․ քվեախցիկների ետևում տեղադրված վարագույրը ցանկացած պահի կարող էր բացվել։ Դիտորդի առաջարկից հետո անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել, սակայն գնահատականը գրանցվել է ՏԸՀ գրանցամատյանում։
4/54 ընտրատեղամաս
Արձանագրվել է խնդիր չհրկիզվող պահարանի հետ կապված․ այն բաց է եղել դեռևս ժամը 06։55-ի դրությամբ՝ նախապատրաստական աշխատանքների մեկնարկից առաջ։