Կեղծ լուր ֆեյսբուքյան էջերում․ Ալիևի` այլ հարցով խորհրդակցությունը ներկայացվել է որպես «300 000-ի վերադարձի» քննարկում

Սոցիալական ցանցերի հայաստանյան տիրույթում (1, 2) տարածվում է մի տեսանյութ, որում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր կաբինետի անդամների հետ խորհրդակցություն է վարում։ 

Տեսանյութն անձայն է, փոխարենը երևում են ենթագրեր․ «․․․Հունիսի 18-ին Նախիջևանում կայանալիք համագումարին կհրապարակենք Հայաստանից տեղահանվածների վերաբնակեցման մեր տեսլականը և կսկսենք աշխատել հայերի հետ այս ուղղությամբ գործընթացը մեկնարկելու համար»։ 

Այնուհետև տեսանյութի ենթագրերում նշվում է, թե իբր Ալիևի խոսքով, հայերը պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, որի արդյունքում հազարավոր ադրբեջանցիներ հնարավորություն կստանան վերադառնալ իրենց տներ ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։

«Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս տեսանյութին ուղեկցող տեքստը՝ ենթագրերում, և դրա բովանդակությունը կեղծ է։

Որպես տեսանյութ օգտագործվել է 2026 թվականի մարտի 5-ին Նախիջևանի ենթակառուցվածքների վրա Իրանի կողմից հրթիռային հարվածի հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակի մասին քննակումը։ 

Այդ տեսանյութում Ալիևը խոսում է իրանական հարվածի հետևանքով ստեղծված վիճակի և ձեռնարկվելիք քայլերի մասին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ադրբեջանի նախագահը իրանական այդ հարվածը որակել էր ահաբեկչական գործողություն։ 

Ո՞ր էջերն են տարածել կեղծիքը

«Армянин» էջը, որը 44 հազարից ավելի հետևորդ ունի, տարածում է հակակառավարական բովանդակություն։ Տարածած տեղեկությունները հիմնականում խուճապ առաջացնող են ու կեղծ։ Օրինակ, երեկ այդ նույն էջում տարածվել է Նաիրի Հոխիկյանի տարածած կեղծ տեղեկությունը, թե իբր «ադրբեջանցիները բողոքի ակցիա են կազմակերպել Սիսիանում»․։ 

Մինչդեռ, ՀՀ ներքին գործերի նախարարությունը հերքել էր Սիսիանում   ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրը։ 

«Այսօր Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի դիմաց Իրանի Իսլամական Հանրապետության 25 քաղաքացիներ, որոնք Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղում իրականացնում են շինարարական աշխատանքներ, դիմել են Ոստիկանություն՝ իրենց գործատուի կողմից աշխատավարձը չվճարելու հարցով: Տարածվող տեղեկությունները, թե իբր ադրբեջանցիներ են ժամանել և բողոքի ակցիա են իրականացնում, չեն համապատասխանում իրականությանը»,- նշվում է հաղոդագրության մեջ։ 

Մյուսը՝ մոտ 180 հազար հետևորդով «Հետաքրքիր էջը» ևս տարածել էր տեսանյութը, ապա որոշ ժամանակ անց հեռացրել այն։ 

Սրան զուգահեռ, էջը ևս տարածել է Հոխիկյանի եթերը, որում նա Սիսիանում ակցիա իրականացնող իրանցիներին ներկայացրել էր որպես ՀՀ բերվող 300 000 ադրբեջանցիներից մի քանի տասնյակը։ 

Այսպիսով, հակաիշխանական քարոզչություն իրականացնող էջերը կեղծել են Ալիևի մասնակցությամբ խորհրդակցության բովանդակությունը՝ դրան վերագրելով ՀՀ եկող ադրբեջանցիների և ՀՀ սահմանադրության փոփոխության վերաբերյալ օրակարգերը։ 

Էջերը ադրբեջանցիների վերադարձի թեզի շրջանակում օգտագործել են նաև Հոխիկյանի կեղծ պնդումը, որը Սիսիանում բողոքող իրանցիներին որպես ադրբեջանցիներ էր ներկայացրել։ 

Նանե Մանասյան

The post Կեղծ լուր ֆեյսբուքյան էջերում․ Ալիևի` այլ հարցով խորհրդակցությունը ներկայացվել է որպես «300 000-ի վերադարձի» քննարկում appeared first on FIP.AM.

Leave a comment