562 հազար 352 դոլար․ սա վերջին 3 ամիսներին՝ մարտի 5-ից հունիսի 2-ը, Meta-ի հարթակներում 2626 միավոր քաղաքական գովազդ կամ հայտարարություն տարածելու նպատակով հայաստանյան քաղաքական ուժերի ու դրանց ներկայացուցիչների ծախսած գումարն է։
Ընդ որում, դրա կեսից ավելին՝ 58%-ը կամ 327 հազար 817 դոլար, ծախսել են միայն «Ուժեղ Հայաստան» դաշինքի էջերը։ Այդ գումարը վճարվել է Facebook-ում ու Instagram-ում 1310 միավոր գովազդ տարածելու համար։
Meta-ի հաջորդ խոշոր պատվիրատուն «Քաղաքացիական պայմանագիր» էջն է՝ իր աջակիցներով՝ 80 հազար 577 դոլար 456 միավոր գովազդի համար։
Ծախսերի ծավալով երրորդ տեղում Ռոբերտ Քոչարյանի էջն է՝ «Հայաստան» դաշինքի էջի հետ միասին՝ 87 հազար 362 դոլար 200 միավոր գովազդի համար։
Որո՞նք են Facebook-ի ու Instagram-ի «ամենաթանկ» 3 գովազդները։
25-30 հազար դոլար «Ուժեղ Հայաստան» էջը վճարել է 1 գովազդի համար, որ ակտիվացվել է այս տարվա փետրվարի 22-ին։ Այն դեռևս ապահովել է 700-800 հազար լսարան, թեև թիրախը 1 մլն դիտումներն են։
«Քաղաքացիական պայմանագիր» էջի ամենաթանկ գովազդն արժեցել է 10-15 հազար դոլար․ այդ գնով հոլովակներից մեկը գովազդվել է 5 անգամ։
Ռոբերտ Քոչարյանը 1 գովազդի համար ամենաշատը վճարել է 3․5-4 հազար դոլար․ այդ գնով նույն հոլովակը 2 անգամ տարածվել է Facebook-ում և Instagram-ում։
Նկատենք, որ «Ուժեղ Հայաստան»-ի էջով ամենատարածված գովազդներից մեկն էլ եղել ադրբեջանցիների «վերադարձը» Հայաստան գուժող հոլովակը։ Կանխատեսված է եղել, որ այն կհասնի 100-500 հազար լսարանի, բայց հավաքել է ավելի շատ՝ 700-800 հազար դիտում։
Հունիսի 3-5-ը քաղաքական մրցակիցները նույնպես նոր գովազդներ են հրապարակել Meta-ի հարթակներում, սակայն դրանց տվյալները դեռևս ամփոփված չեն։
Factor.am-ը Meta ընկերության գովազդային գրադարանից (Meta Ad Library) առանձնացրել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի էջերով և պաշտոնապես որպես քաղաքական գովազդ տարածվող քարոզչական նյութերի տվյալները (կան գովազդներ, որոնք թեև քաղաքական են, բայց պատվիրատուների կողմից չեն պիտակվում որպես այդպիսին, ինչը խախտում է Meta-ի կանոնները)։ Դիտարկել ենք վերջին 3 ամսվա վիճակագրությունը, քանի որ տարբեր ուժերի էջեր տարբեր ժամանակաշրջանում են սկսել իրենց գործունեությունը։
Գայանե Խաչատրյան