Ինժեներ Գեղամ Օհանյանն արդեն 5 օր է՝ նստացույց է անում նախագահի նստավայրի դիմաց՝ պահանջելով միջնորդել Գլխավոր դատախազությանը՝ ազատ արձակել Արթուր Օսիպյանին։
«Նախագահականից ոչ ոք բացարձակապես չի մոտեցել երեք-չորս օրվա ընթացքում, դրա համար երեկ մենք իրականացրինք մեծ ակցիա՝ կարմիր քարտեր ցույց տվեցինք նախագահին և փաստացի հրաժարվեցինք նրանից ու այլևս չենք ակնկալում որևէ պատասխան»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց Օհանյանը։
Մինչ այս, հարյուրավոր ստորագրություններ են հավաքվել, որոնք նախագահին են ուղարկվել, սակայն դեռևս արձագանք չկա։ Այսօրվանից նոր ստորագրահավաք են սկսել։
«Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ՝ մենք ենք միջնորդելու Գլխավոր դատախազություն՝ երաշխավորելով, որ փոխեն Արթուր Օսիպյանի խափանման միջոցն ու վերականգնվի նրա ազատ խոսքի իրավունքը»,- բացատրեց Օհանյանը։
Փաշինյանը երեկ հեռուստաբանավեճի ընթացքում հիշեց 9 տարի առաջ «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի մահվան դեպքը․ նրա ընդդիմախոսներից ԱԺԲ-ական Գևորգ Կարապետյանն արձագանքեց․ «Արթուր Օսիպյանը տենց մահանալու է, մնա ձեր խղճին»։
Փաշինյանը որևէ կերպ չարձագանքեց ասվածին, փոխարենը մեղադրեց Արման Թաթոյանին․ «Էդ Թաթոյանը պիտի «Հաց բերողի» համար պատասխան տա, նոր գա ստեղ ճամարտակի քաղբանտարկյալների մասին»։
Հայաստանի շնորհապետական կուսակցություն վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանն էլ մի կողմից ասաց, որ Փաշինյանն Օսիպյանի արժանապատվությունը վիրավորող արտահայտություն է արել, մյուս կողմից՝ հայտարարեց․ «Կարող է մարդն իր ասածի համար նստի, դա չի խնդիրը»։
Օսիպյանի ու վարչապետի բանավեճը եղել է հրապարակային՝ Արաբկիրում քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերում։
«Արա՛, ա՛յ փախածներ։ Արա՛, դու ի՞նչ գործ ունես ստեղ ընդհանրապես։ Էս ովքե՞ր են, արա, սրանք։ Եկել են մատ թափ տալու, էս Ղարաբաղի պսևդոէլիտաները։ Ռադներդ քաշե՛ք, արա, ընդհանրապես։ Ո՞վ եք դուք, արա։ Արթուր Օսիպյան, գլուխդ պատի՛ն ես տվել։ Գնայիր զոհվեիր մեր երեխեքի տեղը։ Թալանչի՛ անասուններ»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը, երբ արդեն Օսիպյանին հեռացրել էին տարածքից։
Այս ամենից ընդամենը ժամեր անց ձերբակալված, ապա կալանավորված Արրթուր Օսիպյանն արդեն 18 օր է՝ հացադուլ է հայտարարել։ Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անահիտ Սիմոնյանն այսօր կրկին ահազանգեց՝ Օսիպյանը ծանր վիճակում է, հացադուլի պայմաններում չունի բավարար պաշտպանության երաշխիքներ։ Ավելի քան 900 ստորագրություն է հավաքվել՝ նրան ազատ արձակելու պահանջով։
Օսիպյանի կալանավորումը, որ անընդհատ արծարծվում էր հեռուստաբանավեճի ընթացքում, Փաշինյանի դիրքորոշումը որևէ կերպ չփոխեց։
«Թռել ա, Արթուր Օսիպյանը թռել ա, Արթուր Օսիպյանը և մյուսները թռել են»,- հայտարարեց նա։
Էդմոն Մարուքյանը ստիպված էր Փաշինյանին հիշեցնել, որ բանավեճից երկու շաբաթ առաջ հոգեբուժարանում քաղաքացի է մահացել, որը մինչ այդ ձերբակալվել էր նրա նախընտրական պաստառը պոկելու համար։
«Էս մարդկանց համար ո՞վ է պատասխան տալու: Բանտերում մարդիկ մեռան՝ կախվելով, ինքնասպան լինելով: Երկու շաբաթ առաջ հոգեբուժարանում մահացավ, ո՞վ է ազատվել, ո՞վ է պատասխան տվել»,- ասաց Մարուքյանը։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մահվան որևէ դեպք չի կարող կոծկվել․ «Քանի ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ, այդպիսի բան լինել չի կարող»։
Ու մինչ Փաշինյանն այսպիսի պնդում է անում, Արթուր Օսիպյանի վիճակն օր օրի վատթարանում է։ Իրեն մեղավոր չի՞ զգա, եթե 18 օր հացադուլի մեջ գտնվող արցախցի գործչին որևէ բան պատահի․ Փաշինյանը երեկ անպատասխան թողեց նաև Factor TV-ի այս հարցը։ Իսկ մայիսի 28-ին, ի պատասխան մեր հարցի, ասել էր, որ նա՛ պիտի ներողություն խնդրի։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու իրավապաշտպանները հայտարարում են, որ Օսիպյանի կալանավորման հիմքեր չկան, որ դրանք անհամաչափ են, և որ նա քաղբանտարկյալ է:
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան