Միաժամանակ, հաշվի առնելով, որ հարցի ուսումնասիրությունը նախաձեռնվել էր Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ, Պաշտպանը շարունակել է կիրառել այն բոլոր գործիքները, որոնք հնարավոր են անձի համաձայնության բացակայության պայմաններում։
Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ հունիսի 2-ին կանխարգելման ազգային մեխանիզմի շրջանակներում չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Այցի ընթացքում ուսումնասիրվել են նաև հացադուլ հայտարարած անձանց, այդ թվում՝ Արտուր Օսիպյանի իրավունքների ապահովման, պահման պայմանների և նրանց կողմից բարձրացված խնդիրների հետ կապված հարցերը։ ՄԻՊ ներկայացուցիչների հետ զրույց է ունեցել նաև Օսիպյանը։
Այցի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն հացադուլ հայտարարած անձանց զբոսանքի կազմակերպման վայրի և ձևաչափի վերաբերյալ: Մշտադիտարկման արդյունքում մի շարք հարցեր քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և բժշկական անձնակազմի հետ։ Բարձրացված խնդիրների մի մասը ստացել է լուծում, իսկ մյուսների ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
Հունիսի 2-ին ՄԻՊ աշխատակազմում անհայտ էլեկտրոնային հասցեից ստացվել է Օսիպյանի դիմում-բողոքը` ուղղված Մարդու իրավունքների պաշտպանին (թվարգրված հունիսի 1-ով)` կոնկրետ իր գործով զբաղվելու խնդրանքով: Հետադարձ կապի համար նշված է եղել քրեակատարողական հիմնարկից տարբերվող հասցե: Հաշվի առնելով վերը շարադրվածը և այն, որ այցի ընթացքում անձը չի նշել դիմում ներկայացնելու հանգամանքի մասին` ՄԻՊ աշխատակազմը իրականացրել է քայլեր` հավաստիանալու, որ դիմում-բողոքը ներկայացված է Ա. Օսիպյանի կողմից և վերջինս տալիս է համաձայնություն իր գործով ուսումնասիրություն իրականացնելու, ուստի` նաև անձնական տվյալներ հավաքագրելու նպատակով: Մասնավորապես, հունիսի 3-ին Պաշտպանի ներկայացուցիչները ևս մեկ անգամ այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, տեսակցել Օսիպյանին և հենց տեղում ձեռնարկել նրա իրավունքների պաշտպանությանն ուղղված անհրաժեշտ քայլեր։ ՄԻՊ-ին ուղղված դիմումի մասին անձը նշել է նաև հրապարակային: