Բանավեճի պնդումները՝ սխալներից մինչև մանիպուլյացիաներ․ Factor TV-ի ստուգումը՝ իրական ժամանակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ Հանրայինի եթերում առաջին համարների ամփոփիչ նախընտրական բանավեճին զուգահեռ՝ Factor TV-ի փաստերի ստուգման թիմն առաջին անգամ Հայաստանում իրական ժամանակում՝ ռիալ թայմ փաստերի ստուգում իրականացրեց՝ րոպեների ընթացքում ստուգելով և հանրությանը ներկայացնելով, թե բանախոսների պնդումների որ մասն է ճիշտ, որը՝ սխալ։ Առանձնացրել ենք այն պնդումները, որոնք հնարավոր էր ստուգել փաստերի ստուգման գործիքներով, պաշտոնական տվյալներով և բաց աղբյուրներով։

Առաջին ստուգված հայտարարություններից մեկը վերաբերում էր աղքատության թեմային։ Նիկոլ Փաշինյանը բանավեճի ընթացքում հայտարարեց․ «Հայաստանի Հանրապետությունից, ըստ էության, ծայրահեղ աղքատությունն արմատախիլ է արված»։

Սակայն պաշտոնական վիճակագրությունն այլ պատկեր է ներկայացնում։ Վիճակագրական կոմիտեի ամենաթարմ տվյալների համաձայն՝ 2024 թվականին Հայաստանում ծայրահեղ աղքատ է եղել բնակչության 0,6 տոկոսը կամ շուրջ 18,5 հազար մարդ։ Այսպիսով, Փաշինյանի պնդումը չի համապատասխանում իրականությանը։

Աղքատության վերաբերյալ մեկ այլ հայտարարություն հնչեցրել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը․ «Մեր երկրում այսօր 650 հազար մարդ ապրում է աղքատության մեջ»։

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականին աղքատության մակարդակը կազմել է 21,7 տոկոս։ Իսկ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ Հայաստանի բնակչությունը եղել է 3 միլիոն 76,2 հազար մարդ։ Այս հաշվարկով աղքատության մեջ ապրող մարդկանց թիվը կազմում է շուրջ 667 հազար 535 մարդ։ Այսինքն՝ Կարապետյանի նշած թիվը շատ մոտ է պաշտոնական ցուցանիշին։

Բանավեճի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք պնդումներ է արել նաև ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի վերաբերյալ․ «Ես խոսում եմ հայկական կապիտալի մասին, որը թալանի միջոցով հոսում էր պատերազմի եռագլուխ կուսակցության գրպանները, 2018 թվականից 6-6,6 միլիարդ դոլար է դուրս բերվել և ուղղվել պետական բյուջե, իսկ տարբեր մեխանիզմներով, այդ թվում՝ ապօրինի գույքի բռնագանձման ընթացակարգով, պետությանը վերադարձվել է 8 միլիարդ դոլար և ծառայում է ժողովրդին»։

Սակայն գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի մայիսին Ազգային ժողովում ներկայացրած հաղորդման ընթացքում հայտնել է, որ 2020-2025 թվականներին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 5 միլիարդ 450 միլիոն 494 հազար 148 դրամի գույք և դրամական միջոց։ Դա համարժեք է շուրջ 14,5 միլիոն դոլարի։ 

Այս տվյալները չեն հաստատում վարչապետի հայտարարությունը։ Ավելին, 2018-2019 թվականներին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենք ընդհանրապես գոյություն չի ունեցել։ Այն ուժի մեջ է մտել միայն 2020 թվականի ապրիլին։

Գույքի բռնագանձման թեմայով Փաշինյանն անդրադարձել է նաև Գագիկ Ծառուկյանին․ «Ես հիմա ուզում եմ հստակ արձանագրել, որ ապօրինի ծագում ունեցող գույքի վարույթի շրջանակում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ներկայացվել է հայց, և նրա մոտ 300 միլիոն դոլարի գույք ապօրինի ձեռք բերված է, այսինքն՝ թալանված է ժողովրդից։ Թող գա այստեղ և պատասխանի այդ հարցին՝ ինչպե՞ս է թալանել ժողովրդից 300 միլիոն դոլար»։

Մինչդեռ 2023 թվականի նոյեմբերին ներկայացված Դատախազության հայցադիմումի համաձայն՝ դատարանից պահանջվում է Գագիկ Ծառուկյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 166 միլիարդ դրամի գույք և դրամական միջոցներ։ 2023 թվականի նոյեմբերի փոխարժեքով դա կազմում է շուրջ 414,4 միլիոն դոլար։ Այսինքն՝ Փաշինյանի նշած 300 միլիոն դոլարն ավելի պակաս է, քան այն թիվը, որը կա հայցադիմումում։

Վարչապետը մեկ այլ հայտարարություն է արել նաև Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերաբերյալ․ «Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանի փեսա Միշիկին, մենք Միշիկի ապօրինի գույքերն ենք այսօր հետ վերադարձնում։ Ես խորհրդարանում անդրադարձել եմ, մենք Միշիկից փող չենք վերցրել, մենք Միշիկին փող ենք տվել, որովհետև մեր թերթը (նկատի ունի «Հայկական ժամանակը» – խմբ․) վաճառվել է էդ մոնոպոլ ցանցում, որից իրենք շահույթներ են ստացել»։

Factor TV-ն պարզել է, որ հունիսի 4-ի դրությամբ՝ Միքայել Մինասյանի նկատմամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում դատարան հայցադիմում ներկայացված չէ։ Նման ուսումնասիրության իրականացման մասին հայտարարություն չի արել նաև Գլխավոր դատախազությունը։

Միքայել Մինասյանի նկատմամբ տարբեր տարիներին հարուցված են եղել մի շարք քրեական վարույթներ՝ փողերի լվացման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, խարդախության ու կաշառքի հետ կապված մեղադրանքներով, սակայն այդ գործերով վերջնական դատավճիռներ դեռևս չեն հրապարակվել։

Փաշինյանի մեկ այլ հայտարարություն վերաբերել է գործարար Սամվել Կարապետյանին․ «Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում էլ է հետախուզման մեջ՝ փողերի լվացման համար»։

Այս պնդումը բաց աղբյուրներում հաստատում չի գտնում։ Ֆրանսիայում քննվում է փողերի լվացման գործ, որը կապված է Կարապետյանին պատկանող գույքի հետ։ Խոսքը Ռոկբրուն-Կապ-Մարտեն համայնքում գտնվող «Մարիա Իրինա» վիլլայի մասին է։ Փարիզի դատախազությունը ենթադրում է, որ դրա իրական շահառուն «Գազպրոմ Նեֆթ»-ն է, սակայն, հրապարակված տվյալներով, Սամվել Կարապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարված լինելու մասին տեղեկություն չկա։

Բանավեճի ընթացքում «Միասնության թևեր» կուսակցության ցուցակը գլխավորող Արման Թաթոյանը հայտարարեց․ «Նիկոլ Փաշինյանի ՔՊ կուսակցությունն ամենահսկա գումարներն է ծախսում այս քարոզարշավի վրա»։

ԿԸՀ ներկայացված հաշվետվությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մայիսի 3-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է ունեցել նախընտրական հիմնադրամի ամենամեծ մուտքերն ու ծախսերը՝ համապատասխանաբար 530,5 միլիոն և 505,4 միլիոն դրամ։

Համեմատության համար՝ Արման Թաթոյանի «Միասնության թևեր» կուսակցությունը նույն ժամանակահատվածում նախընտրական հիմնադրամ է մուտքագրել 14,2 միլիոն դրամ և քարոզչության համար ծախսել 12,6 միլիոն դրամ։ Այսպիսով, Թաթոյանի պնդումը համապատասխանում է ներկայացված հաշվետվություններին։

Բանավեճի ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձավ նաև 300 հազար «ադրբեջանցիների վերադարձի» հարցը․ «Ուզում եմ ներկայացնեմ, թե ով է 300 հազար ադրբեջանցիների վերաբերյալ խոսույթը Հայաստան բերել։ Արտաքին հետախուզական ծառայության հաշվետվությունն է 2026 թվականին, հուսով եմ՝ Դուք կարդացել եք ընդհանրապես։ Այստեղ գրված է՝ Ադրբեջանը Վաշինգտոնյան հռչակագրից հետո, խաղաղության նախաստորագրումից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է Արևմտյան Ադրբեջանի քարոզչությունը, ինչը զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության և երկարաժամկետ խաղաղության համար»։

Կարապետյանի մեջբերումը, թեև փոքր փոփոխություններով, ընդհանուր առմամբ, արտացոլում է ՀՀ արտաքին հետախուզական ծառայության զեկույցում ներկայացված միտքը։

Զեկույցում նշվում է․ «Ծառայության համապարփակ վերլուծությունը ցույց է տալիս, որ երկարաժամկետ հեռանկարում խաղաղության կառուցման վրա էականորեն բացասաբար ազդող և ռիսկային գործոն են Ադրբեջանի կողմից պետական մակարդակով առաջ տարվող, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթներն ու դրանց ուղեկցող գործողությունները։ Ծառայության ունեցած տվյալները ցույց են տալիս, որ Ադրբեջանը Վաշինգտոնյան հռչակագրից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է սույն քարոզչությունը, ինչը զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության և երկարաժամկետ խաղաղության համար»։

Սակայն զեկույցում որևէ հիշատակում չկա 300 հազար կամ այլ քանակով ադրբեջանցիների վերադարձի մասին, այն ռիսկ է համարում «Արևմտյան Ադրբեջանի» և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթներն ու «դրանց ուղեկցող գործողությունները»՝ առանց ներկայացնելու, թե ինչ գործողությունների մասին է խոսքը։ 

Նույն թեմային անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Մենք փակել ենք, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» և ադրբեջանցիների վերադարձի թեման։ Ես դա չեմ թաքցնում, մենք փակել ենք 500 հազար հայերի՝ Ադրբեջան վերադառնալու թեման փակելով»։

Արտաքին հետախուզական ծառայության զեկույցը նման ձևակերպումներ չի պարունակում, միայն «Արևմտյան Ադրբեջանի» ու «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթները գնահատում է որպես ռիսկային գործոն։

Բանավեճի ուշագրավ դրվագներից էր նաև ФСБ-ի հետ Սամվել Կարապետյանի կապի մասին Փաշինյանի՝ ոչ մեկ անգամ արված հայտարարությունները և Նարեկ Կարապետյանի լռությունը։   

Նշենք, որ Սամվել Կարապետյանի և Ռուսաստանի ԱԴԾ-ի (ФСБ) հնարավոր կապերի մասին բարձրաձայնած The Insider-ի հետաքննության համաձայն՝ նշումը եղել է ոչ թե անձնագրում, այլ անձնագրային գործում։ «Աշխատանքի վայր» բաժնում առկա է եղել ՆԳՆ նշում՝ «ФСБ-ի տեղեկատվական կենտրոն»։

The Insider-ի ներկայացմամբ՝ այդպիսի նշումները սովորաբար վերաբերում են ФСБ-ի վերահսկողության տակ աշխատող օտարերկրացիներին կամ ոչ հրապարակային տեղեկատուներին։

Factor TV-ի փաստերի ստուգման թիմը շարունակում է ուսումնասիրել բանավեճի ընթացքում հնչած մյուս հայտարարություններն ու պնդումները։ Հետևեք մեր աշխատանքին, քանի որ փաստերը կարևոր են, հատկապես՝ ընտրական շրջանում, երբ յուրաքանչյուր հայտարարություն կարող է ազդել հանրային ընկալումների և քաղաքական որոշումների վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

 

 

Leave a comment