Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներին

Քաղաքականություն

05.06.2026 | 18:00

Հունգարիայի Կառավարությունն ուրբաթ օրվանից կդադարեցնի աշխատանքային վիզաների տրամադրումը Ֆիլիպիններից, Վրաստանից և Հայաստանից ժամանած անձանց: Այս մասին հայտարարել է երկրի կառավարության խոսնակը՝ սա անվանելով օտարերկրյա աշխատողների հոսքը կարգավորելու առաջին քայլ, գրում է Reuters-ը։

Վարչապետ Պետեր Մագյարի «Տիսա» կուսակցությունը, որն ապրիլի 12-ի ընտրություններում հաղթանակ է տարել և վերջ դրել աջակողմյան առաջնորդ Վիկտոր Օրբանի 16-ամյա կառավարմանը, հայտարարել է, որ հունիսից դադարեցնում է վիզաների տրամադրումը Եվրամիությունից դուրս գտնվող երկրների աշխատողներին։

Կառավարությունը խստացնելու է հյուր-աշխատողների զբաղվածության հնարավորությունները՝ կապված մտավախությունների հետ, որ նրանք նվազեցնում են տեղական աշխատավարձերը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է մամուլի խոսնակ Վանդա Սոնդին։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ արտասահմանցի աշխատողները կազմում են Հունգարիայի աշխատուժի ընդամենը 2%-ը, սակայն որոշ ոլորտներ, ինչպիսիք են ծառայությունները և արտադրությունը, մեծապես կախված են արտասահմանցի աշխատողներից։

Կառավարությունն ուրբաթ օրվանից կփոխի այն որոշումը, որը թույլ է տալիս ընկերություններին պարզեցված ընթացակարգով աշխատողների բերել Ֆիլիպիններից, Վրաստանից և Հայաստանից։ Արդեն երկրում աշխատողները դեռևս կարող են դիմել վիզայի երկարաձգման համար, ներկայացված հայտերը կգնահատվեն։

Կառավարությունը բարեփոխումները համարում է նախատեսված երկարաժամկետ լուծման առաջին քայլ։

Նշվում է, որ Հունգարիայի խոշորագույն արտասահմանյան ներդրողներից մի քանիսը հայտարարել են, որ հյուր աշխատողների հոսքի լիակատար դադարեցումը կհարվածի ընկերություններին և ավելի լայն տնտեսությանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment