Փաշինյանի պնդումը Սամվել Կարապետյանի անձնագրի մասին․ ФСБ-ի մասին հիշատակումը խեղաթյուրված է

ՔՊ ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը նախընտրական բանավեճի ժամանակ պնդումներ է արել, որոնց ենթատեքստից կարելի է դրանք վերագրել ռուսաստանցի հայ գործարար Սամվել Կարապետյանին։

«Ես հստակ ասում եմ, որ էն մարդը, ով 300 հազար ադրբեջանցու վերադարձի թեմա է մտցրել Հայաստանի օրակարգ, և նրա անձնագրի մեջ էլ գրված է, որ նա օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակից է, էն մարդը, որ մեր մանկապարտեզների, զորամասերի, դպրոցների, քաղաքների վրա ավել հոսանքի փող է դրել և գրպանել, էտ մարդը երկար անցկացնելու է բանտում», – ասել է Փաշինյանը։

Ուշադրության արժանի է այն, որ Սամվել Կարապետյանի եղբորորդին, «Ուժեղ Հայաստանի» ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը բանավեճի ողջ ընթացքում այդպես էլ չհերքեց Փաշինյանի պնդումը։

Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ Կարապետյանի և ռուսական ФСБ-ի հնարավոր կապի մասին տեղեկությունները ի հայտ են եկել The Insider պարբերականի հետաքննությունից։

Դրանում հայտնի է դարձել, որ ոչ թե նրա անձնագրի, այլ անձնագրային գործում է եղել նշում։ Անձնագրային գործում «աշխատանքի վայր» դաշտում առկա է եղել ՆԳՆ-ի նշում՝ ФСБ-ի տեղեկատվական կենտրոն։

ՌԴ ՆԳՆ օպերատիվ աշխատակիցը The Insider-ի խմբագրությանը պարզաբանել է, որ այդ նշումը նշանակում է, որ քաղաքացու ստուգման դեպքում անհրաժեշտ է նախ դիմել ФСБ։ Ըստ նույն աղբյուրի՝ սովորաբար այսպես նշվում են ФСБ-ի վերահսկողության տակ աշխատող օտարերկրացիները կամ ոչ հրապարակային տեղեկատուները։

Գարիկ Հարությունյան

Leave a comment