Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնագիր կստորագրեն Չուկոտկայի և Ալյասկայի միջև թունելի վերաբերյալ

Բաժանորդագրվել

Ռուսաստան-ԱՄՆ թունելը կկապի Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի տրանսպորտային համակարգերը։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ծրագրում են համաձայնագիր ստորագրել Բերինգի նեղուցի տակով անցնող միջմայրցամաքային թունելի նախագծման մասին, որը կմիացնի Չուկոտկան և Ալյասկան։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում (ПМЭФ-2026) հայտնել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։

«Սա կլինի մեր երկրների միջև խոշորագույն ենթակառուցվածքային նախագծերից մեկը։ Ինչ վերաբերում է թունելին, վաղը նորություն կունենանք. մենք համաձայնագիր ենք ստորագրում այն մասին, որ շարունակում ենք թունելի նախագծումը»,-ասել է ռուս պաշտոնյան։

Ըստ հայտարարության՝ նախագծի իրականացման վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը, որը լրատվամիջոցներում ստացել է «Պուտին-Թրամփի թունել» ոչ պաշտոնական անվանումը, սպասվում է 2026 թվականի հունիսի 5-ին։

Նախորդ ամիսների ընթացքում աշխատանքներ են տարվել թունելի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման ուղղությամբ։ Թունելը մտածված է որպես երկգիծ երկաթուղային և բեռնատար միջանցք և կապելու է Եվրասիայի ու Հյուսիսային Ամերիկայի տրանսպորտային համակարգերը։

Ըստ նախնական գնահատականների՝ ստորջրյա թունելը կարժենա 8 միլիարդ դոլար, դրա շինարարությունը կտևի 8 տարի, իսկ երկարությունը կկազմի 98-113 կմ, ինչը գրեթե երկու անգամ երկար է Լա Մանշ նեղուցի տակով անցնող Եվրաթունելից։

Ռուսական կողմն ավելի վաղ հրապարակայնորեն առաջարկել էր շինարարության մեջ ներգրավել Իլոն Մասկի The Boring Company ընկերությանը։

Leave a comment