Շաքարային դիաբետի դեղամիջոցները և ցավազրկողները կարող են լուրջ կողմնակի ազդեցություններ առաջացնել դատարկ ստամոքսին ընդունելու դեպքում, զգուշացրել է Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահական ծառայության (NHS) ընդհանուր բժիշկ Քասիմ Ահմեդը։
Մասնագետի խոսքերը մեջբերել է Mirror-ը։
Ահմեդի խոսքով՝ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները, այդ թվում՝ իբուպրոֆենը, նապրոքսենը և ասպիրինը, խորհուրդ է տրվում ընդունել սննդի հետ։ Այս դեղամիջոցները ճնշում են պրոստագլանդինների արտադրությունը՝ նյութեր, որոնք ոչ միայն նպաստում են բորբոքմանը և ցավին, այլև պաշտպանում են ստամոքսի լորձաթաղանթը թթվից։ Արդյունքում, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների դատարկ ստամոքսին ընդունումը կարող է մեծացնել լորձաթաղանթի գրգռումը և մեծացնել գաստրիտի, պեպտիկ խոցերի և ստամոքսային արյունահոսության առաջացման ռիսկը։
Ահմեդը նաև զգուշացրել է մետֆորմինը, որը 2-րդ տիպի շաքարախտի բուժման համար ամենատարածված դեղամիջոցներից մեկն է, դատարկ ստամոքսին չընդունել։ Այս դեպքում դեղամիջոցն ավելի հավանական է, որ առաջացնի ստամոքս-աղիքային կողմնակի ազդեցություններ, այդ թվում՝ սրտխառնոց, լուծ, փքվածություն և փսխում։ Նման ռեակցիաների հավանականությունը նվազեցնելու համար սովորաբար խորհուրդ է տրվում դեղամիջոցն ընդունել սննդի հետ կամ անմիջապես դրանից հետո։
Բժշկօ խոսքով՝ որոշ դեղամիջոցների դեպքում հակառակն է գործում: Օրինակ՝ վահանաձև գեղձի դեղամիջոցները, որոնք պարունակում են լևոթիրոքսին, պետք է ընդունվեն դատարկ ստամոքսին: Սնունդը կարող է խաթարել դրանց ներծծումը աղիքներում և նվազեցնել թերապիայի արդյունավետությունը: Հետևաբար, նման դեղամիջոցները սովորաբար խորհուրդ է տրվում ընդունել առավոտյան՝ նախաճաշից 30-60 րոպե առաջ:
Մասնագետը նշել է, որ ընդունման խորհուրդ տրվող ժամանակը կախված է կոնկրետ դեղամիջոցի գործողության մեխանիզմից և նրանից, թե ինչպես է այն ներծծվում օրգանիզմի կողմից: Հետևաբար, բուժումը սկսելուց առաջ կարևոր է ուշադիր կարդալ հրահանգները և հետևել բժշկի ցուցումներին: