Լոլիկ, ելակ` արտահանմա՞ն, թե՞ ներքին շուկայի խնդիրներ. ի՞նչ են պատմում հայ ֆերմերները

https://arm.sputniknews.ru/20260603/lvolik-elak-artahanman-te-nerqin-shukaji-khndirner-inch-en-patmum-haj-fermernery-102970556.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102919661_0:0:2560:1920_1920x0_80_0_0_cecd27872796d13cd5f2a54b01f4392c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ելակ, լոլիկ, հայաստան, արմավիր, արտահանում, ռուսաստան, ռոսսելխոզնադզոր, ֆերմեր, գյուղացի

ելակ, լոլիկ, հայաստան, արմավիր, արտահանում, ռուսաստան, ռոսսելխոզնադզոր, ֆերմեր, գյուղացի

Բաժանորդագրվել

Մայիսի 30-ից Ռոսսելխոզնադզորը Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Հայաստանում պտուղ–բանջարեղեն արտադրողներն այս տարի դժգոհ են տեղական շուկայում իրենց վաճառքի գներից, իսկ այս մտահոգությունը խորանում է դեպի Ռուսաստան արտահանման սահմանափակման արդյունքում ապրանքի գերավելցուկի և, որպես հետևանք, է՛լ ավելի ցածր գների պատճառով։ Sputnik Արմենիան շրջել է ջերմոցային տնտեսություններով հարուստ Արմավիրի մարզում և ֆերմերների հետ զրույցում պարզել` նրանցից շատերը երբեմն հուսահատության շեմին են հասնում` համեմատելով արդեն կատարած ծախսն ու ակնկալվող շահույթը։
Մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ՍԱՏՄ–ն որոշ տնտեսվարողների թույլ չի տվել ելակ արտահանել ՌԴ։
2026 թվականի մայիսի 30-ից Ռոսսելխոզնադզորը Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել։ Գերատեսչությունից պարզաբանել են, որ որոշումն ընդունվել է հայկական պտուղ-բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակի դարձած դեպքերի և բուսասանիտարական անվտանգության ապահովման նպատակով: Ռոսսելխոզնադզորը հունիսի 2-ից սահմանափակել է նաև կորիզավոր պտուղների և խաղողի ներմուծումը Հայաստանից, հուլիսի 3-ից` խնձորի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։

Լոլիկ. փոքր ֆերմերների մեծ խնդիրները

Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ջերմոցներում առավել շատ աճեցնում են լոլիկ, որն իր համով և որակով, ճիշտ է` գերազանցում է ներմուծվողին, սակայն գնային առումով գրեթե մրցակցային չէ։

Համայնքի ֆերմերներից Կարեն և Միշա եղբայրները (անունները փոխված են–խմբ.) տարիներ շարունակ լոլիկ են աճեցրել, սակայն այս տարի հատկապես գազի գերծախսի, ինչպես նաև թունաքիմիկատների թանկացման պատճառով սրտնեղած են։

«Այս տարի վատ եղանակի պատճառով մենք գերծախս ենք ունեցել` գազի սպառումն է շատ եղել, թունաքիմիկատներն են թանկ եղել, ինչպես նաև աշխատուժի գինն է բարձր եղել` համընդհանուր գնաճի ֆոնին։ Այսպես ասեմ` մենք մինչև այս պահը ինչ քանակի պոմիդոր, որ վաճառել ենք, վաճառել ենք` ընդամենը հանելով մեր գազի գումարը, որը կազմում է 12․5 մլն դրամ»,– ընդգծեց եղբայրներից Կարենը, որի ջերմոցի տարածքը 6 500 մետր է։

Այս բոլոր ծախսերով հանդերձ` լոլիկի գինն այսօր 380–400 դրամ է` նախորդ տարվա համեմատ 200 դրամով պակաս։ Վաճառում են միայն տեղական շուկայում, արտահանել խուսափում են` ավելորդ ռիսկերից խուսափելու համար։

«Քանակապես մեծ ծավալով ապրանքը մենք արդեն վաճառել ենք շատ էժան գնով։ Հիմա պայքարում ենք մնացած մեր ծախսը զրոյացնելու համար։ Մեր ֆինանսական վիճակը չի ներում, որ սպասենք մի քանի տարի էլ` մինչև ամեն ինչ լավ լինի. բանկը չի սպասում. վարկերը չեն սպասում, ունենք 9․5 մլն դրամի վարկ` 14․5 %–ով, որը վերցրել ենք ջերմոցը պահելու համար` գազի վճար, թունաքիմիկատներ և այլն։ Մենք մեր տանջանքի գումարը չենք հաշվում, թեև ամբողջ ընտանիքով 8–10 ժամ անդադար աշխատում ենք»,– նշեց Կարենը։

Եթե արտահանման սահմանափակումներից բացի, թանկանա նաև գազի գինը, ապա ֆերմերների խոսքով` իրենց գործունեությունը լրիվ անիմաստ կդառնա` թանկ գազ, շուկայի գերհագեցվածություն ու կատարված ծախսից անհամեմատ ցածր գներ։ Այս դեպքում, մյուս եղբոր` Միշայի կարծիքով պետք է պետությունը որոշակի աջակցություն ցուցաբերի, սուբսիդավորի գյուղացու ծախսերը, որպեսզի հնարավոր լինի բերք ապահովել, շահույթ ստանալ և առանց հուսահատվելու շարունակել աշխատանքը։

«Եթե գազի գինը թանկացավ, ի՞նչ պիտի վառենք` փա՞յտ, սալյարկա՞` հնարավոր չէ. մեր ջերմոցի հովացման համակարգը գազով է, ու այլ տարբերակ չունենք։ Այս տարվա հունվար- փետրվար ամիսներին օրեր են եղել` անդադար վառարաններն աշխատել են։ Ցուրտ տարի էր, մենք պատրաստ էինք դրան, ուղղակի պատրաստ չէինք պոմիդորի այսպիսի էժանության»,– նշեց ֆերմեր Միշան։

Եղբայրներով փորձել են նաև ծաղիկ աճեցնել, բավականին ծախս են արել, բայց արդյունքը գոհացուցիչ չի եղել, դեպի ՌԴ արտահանման արգելքն էլ իր հերթին է զրոյացրել շահույթը։

«Ինձ նման հասարակ տղան ամբողջ տարին աշխատում է, 8 աշխատատեղ եմ բացել, բարիք եմ ստեղծում, չեմ ուզում գյուղից հեռանամ, ամեն ինչ անում եմ հայրենիքում արարելու համար…Մենք ընդամենը մի փոքր թևութիկունք ենք ուզում, որ չհիասթափվենք ու շարունակենք մեր քրտնաջան աշխատանքը»,– ընդգծեց Միշան։

Ելակ. կարճ սեզոն, արտահանման խոչընդոտներ

Արմավիրի մարզում ինտենսիվ նաև ելակ են աճեցնում։ Այստեղ համայնքների մեծ մասի ճանապարհներին հնարավոր է տեսնել տարաներով ելակ վաճառողների։ Ելակի մեկ լիքը տարան, որը հավասարազոր է 3 կիլոգրամին, արժե 4000 դրամ։

Վաճառողներից շատերը փոքր ֆերմերներ են, որոնք նույնպես խուսափում են արտահանման խնդիրներից, փորձում են հարմարվել տեղական շուկային` անգամ չվախենալով այն մտքից, որ չարտահանված ելակի մեծ քանակը շուտով ուղղակի ողողելու է շուկան։

«Ելակի սեզոնը շուտով կվերջանա, ինչ էլ հասցնենք վաճառել, լավ է. ելակը շուտ փչացող միրգ է` պետք է արագ իրացնես։ Հիմա ինչքան խմբաքանակ էլ, որ հետ գա սահմանից, ցավոք, մեծ մասն այլևս պիտանի չի լինի վաճառքի համար։ Կամ պիտի մեծ գործարաններն առնեն, ասենք, ջեմ կամ կիսաֆաբրիկատ սարքեն, կամ կես գնից էլ ցածր վաճառեն»,– նման կարծիք հայտնեց Արմեն անունով 55–ամյա վաճառողը։

Նրա խոսքով` ելակի մշակումը մեծ ծախս չի պահանջում` ջերմոցներում գազ չեն վառում, բերքն էլ մի քանի անգամ են հավաքում։ Այս տարի միակ խնդիրը պարարտանյութի թանկությունն է եղել. եթե անցած տարի մեկ պարկ թունաքիմիկատը գնել են 8000 դրամով, ապա այս տարի գինը հասել է 12 000 դրամի։

Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքի բնակիչ տիկին Սիրվարդը, որի ընտանիքը ևս ունի ջերմոցներ, գոհ է այս տարվա իր բերքից։ Նա չի ձգտում իր բերքն անպայման արտահանել, ասում է` տեղական շուկայում էլ լավ գնորդներ ունի, որոնք գալիս ու հենց իր ջերմոցից լավ գներով տանում են ելակը ու հասցնում հիմնականում Երևան։

«Այսինքն՝ մեր ներքին շուկայում մենք հազիվ ենք բավարարում պահանջարկը, քանի որ հենց կոնկրետ մեր աճեցրած ելակն են շատ խանութներ ուզում։ Արտահանել կարող են մեծ հեկտարներ ունեցողները, մեծ ներդրումներ անողները»,– ասաց նա։

Տիկին Սիրվադը գիտի մարդկանց, որոնք արտահանման խոչընդոների արդյունքում խնդիրների առաջ են կանգնել, նրանց բերքով բեռնված մեքենաները հետ են եկել, սակայն կարծում է, որ ելակն այնպիսի հատապտուղ է, որ հնարավոր է արագ վաճառել տեղական շուկայում։

«Մեր գյուղում մեծ ծավալների արտահանում չկա, այ, կա Զվարթնոցում, Աբովյանում, Արթիկում. գազելները կանգնած, տանում են. մենք այդ գործի մեջ այդքան դեռ չենք աճել. մենք ռիսկի չենք գնում, մենք մեր եկամուտի 40 %–ն ենք ներդրում անում. մենք չենք թիթիզանում, մենք անում ենք ամեն ինչ, որ արդյունքը շատ լինի»,– կատակում է նա։

Տիկին Սիրվադի միակ դժգոհությունն այն է, որ բանվորական ուժն է այս տարի թանկացել` 5 ժամվա համար 7000 դրամ են ուզում` գումարած տաքսու գումարը` 4000 դրամ, քանի որ գալիս են կողքի գյուղերից։

Հավելենք, որ այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գրել էր, որ վաղը կառավարությունը կընդունի աջակցության ծրագիր, որով կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի (լոլիկ, պղպեղ, ելակ և ծաղիկ) արտահանումը: Նշել է, որ մրգի արտահանման սուբսիդավորումը կներկայացվի հաջորդիվ։

Հիշեցնենք, որ Լարսի անցակետից հետ է ուղարկվել գյուղմթերքով բեռնված 17 հայկական բեռնատար։ Գործարարները մթերքի մի մասը շուկաներ են տարել, մի մասն էլ տեղավորել սառնարաններում, և այդպես դատարկ բեռնատարներով ուղևորվել Ռուսաստան։

Leave a comment