Վերջին շրջանում հանրային և քաղաքական քննարկումներում ակտիվորեն շրջանառվում են պնդումներ, թե 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ Ռուսաստանից Հայաստան ժամանողների հոսքն աճել է։
Այդ պնդումների ֆոնին «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Հայաստանի սահմանային անցակետերով Ռուսաստանի Դաշնությունից ժամանած անձանց (ցամաքային և օդային ճանապարհով) վերաբերյալ պաշտոնական տվյալները՝ հասկանալու, թե ինչպես է փոխվել ներհոսքը վերջին տարիների հունվար-ապրիլ ամիսներին, և ինչ միտումներ են արձանագրվել 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ։
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2026 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Ռուսաստանից Հայաստան ժամանածների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12.4%-ով։
Վերլուծության հիմքում Ազգային անվտանգության ծառայության կողմից FIP.am-ի հարցմանն ի պատասխան տրամադրված տվյալներն են, որոնք ներառում են Հայաստանի օդային և ցամաքային բոլոր հիմնական անցակետերը։
Ընդհանուր պատկերը
2022-2026 թվականների հունվար-ապրիլ ամիսներին Ռուսաստանից Հայաստան ժամանածների թիվը զգալի տատանումներ է ունեցել։ Եթե 2022 թվականին գրանցվել էր 256,853 ժամանում, ապա 2023 թվականին ցուցանիշն աճել է մինչև 385,657։ Ըստ էության, 2022-2023 թվականների աճի վրա զգալի ազդեցություն է ունեցել ռուս-ուկրաինական պատերազմից հետո ձևավորված միգրացիոն հոսքը։
Հետագա երկու տարիներին նկատվել է նվազման միտում։ 2026 թվականին հոսքը կրկին աճել է՝ հասնելով 393,148-ի։ Սա ոչ միայն 12.4%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, այլև հանդիսանում է ուսումնասիրված ժամանակահատվածի (2022-2026թթ․) ամենաբարձր արդյունքը։
Հունվար-ապրիլ․ ամսական դինամիկան՝ 2025-2026 թթ․
Տվյալները ցույց են տալիս, որ 2026 թվականին աճ է գրանցվել բոլոր ամիսներին՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Սակայն աճի տեմպերը տարբեր են եղել։
Հունվարին Ռուսաստանից Հայաստան ժամանածների թիվը կազմել է 97,145 մարդ, ինչը 2.1%-ով ավելի է, քան 2025 թվականի նույն ամսին (95,185)։ Միաժամանակ, 2026 թվականի հունվարյան ցուցանիշը դարձել է ուսումնասիրված ժամանակահատվածի ամենաբարձր հունվարյան արդյունքը՝ գերազանցելով նաև 2023 և 2024 թվականների մակարդակները։ Հունվարի տվյալները ցույց են տալիս, որ ժամանողների հիմնական հոսքը ձևավորվում է «Զվարթնոց» օդանավակայանի հաշվին, որտեղ գրանցվել է 91,627 ժամանում, կամ ամսվա ընդհանուր ցուցանիշի շուրջ 94%-ը։
Փետրվարին Ռուսաստանից Հայաստան ժամանել է 77,733 մարդ, ինչը 10.5%-ով ավելի է, քան 2025 թվականի փետրվարին (70,329)։ Սակայն, ի տարբերություն հունվարի, փետրվարյան ցուցանիշը դեռևս զիջել է 2023 թվականի փետրվարին գրանցված 85,950 ժամանմանը։
Մարտին արդեն ավելի նկատելի աճ է արձանագրվել։ Ռուսաստանից Հայաստան ժամանել է 103,307 մարդ, ինչը 17.8%-ով ավելի է, քան 2025 թվականի մարտին (87,710)։ Միաժամանակ, սա դարձել է ուսումնասիրված ժամանակահատվածի ամենաբարձր մարտյան ցուցանիշը։
Ապրիլին գրանցվել է ոչ միայն տարվա, այլև ամբողջ ուսումնասիրված ժամանակահատվածի ամենաբարձր ամսական ցուցանիշը։ 2026 թվականի ապրիլին Ռուսաստանից Հայաստան ժամանել է 114,963 մարդ, ինչը 19.0%-ով ավելի է, քան 2025 թվականի նույն ամսին (96,585)։ Ընդ որում, այս ցուցանիշը գերազանցել է նաև նախկին առավելագույնը՝ 2023 թվականի ապրիլին գրանցված 110,015 ժամանումը։
Ընդհանուր առմամբ, տվյալները ցույց են տալիս, որ 2026 թվականին աճ է արձանագրվել տարվա բոլոր չորս ամիսներին, իսկ աճի տեմպերը տարվա ընթացքում աստիճանաբար արագացել են՝ հունվարի 2.1%-ից հասնելով ապրիլի 19.0%-ին։
Ո՞ր անցակետի հաշվին է ձևավորվել աճը
2026 թվականին Ռուսաստանից Հայաստան ժամանողների աճը հիմնականում ձևավորվել է «Զվարթնոց» օդանավակայանի հաշվին։ Հունվար-ապրիլ ամիսներին այդ անցակետով ժամանել է 367,137 մարդ, ինչը կազմում է Ռուսաստանից Հայաստան ժամանածների ընդհանուր թվի (393,148) 93.4%-ը։ Համեմատության համար՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածում «Զվարթնոցի» մասնաբաժինը կազմել էր 91.3%։
Այսպիսով, ստացված տվյալների վերուծությունը ցույց է տալիս, որ 2026 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Ռուսաստանից Հայաստան ժամանողների հոսքը նախորդ տարվա համեմատ աճել է 12.4%-ով։
Աճ է արձանագրվել տարվա բոլոր չորս ամիսներին, իսկ առավել նկատելի եղել է մարտին (+17.8%) և ապրիլին (+19.0%)։ Ընդ որում, 2026 թվականի ապրիլին գրանցված 114,963 ժամանումը դարձել է ուսումնասիրված ժամանակահատվածի ամենաբարձր ամսական ցուցանիշը։
Շեշտենք, որ ուսումնասիրված տվյալները թույլ չեն տալիս եզրակացնել, թե ժամանողների աճը կապված է ընտրական գործընթացների հետ, քանի որ դրանք չեն պարունակում տեղեկություններ ժամանած անձանց քաղաքացիության, ընտրական իրավունքի կամ այցի նպատակի վերաբերյալ։
Գայանե Մարկոսյան
The post ՌԴ-ից Հայաստան ժամանումներն աճել են 12.4%-ով․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները appeared first on FIP.AM.