Ֆինանսական տուգանքներից մինչև հաղորդումների կասեցում․ 2025-ին ՀՌՀ հանձնաժողովը նախաձեռնել է 84 վարույթ

2025 թվականին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նախաձեռնել է 84 վարույթ


ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ 2025 թվականին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) նախաձեռնել է 84 վարույթ։


Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։ 


Հակոբյանը ներկայացրել է համեմատական տվյալներ՝ նշելով, որ 2011-2018 թվականների ընթացքում հանձնաժողովը նախաձեռնել էր ընդամենը 15 վարույթ, մինչդեռ միայն անցյալ տարի այդ թիվը կազմել է 84։  


Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, 2019 թվականից մինչև նախորդ տարի նախաձեռնվել է մոտ 400 վարույթ, որոնց արդյունքում լրատվամիջոցները ենթարկվել են տարբեր պատժամիջոցների՝ ֆինանսական տուգանքներից մինչև հաղորդումների կասեցում։ 


Հակոբյանը հայտնեց, որ մամուլում մի քանի անգամ հրապարակումներ են եղել, որ հանձնաժողովը շատ կոշտ է մոտենում, խոչընդոտում է մամուլի աշխատանքը և ոտնահարում խոսքի ազատությունը, և նշեց, որ դա պարզաբանման կարիք ունի։ 


«Այդ վարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ են կրել։ Օրինակ՝ հեղինակային իրավունքի խախտում, ինչը շատ կարևոր է։ Մենք, բացի ամեն ինչից, ունենք նաև միջազգային պարտավորություններ։ Ունենք այստեղ տնտեսվարող սուբյեկտ, որը գումար է ծախսում, դրսից հաղորդումներ է բերում կամ պատրաստում և վնաս կրում, երբ այս կամ հեռարձակողն առանց որևէ պարտավորության, կնքած պայմանագրի և վճարած գումարների սկսում է անօրինական բովանդակություն տարածել», – նշել է Հակոբյանը։ 


Երկրորդն, ըստ ՀՌՀ նախագահի, բռնության տեսարաններն են, որոնց դեմ կարևոր է պայքարելը, իսկ մյուս մասը գովազդի օրենքի խախտումներն են։


«Այդ պատիժները ևս կրում են հանրօգուտ բնույթ, որովհետև չի կարելի թույլ տալ այն ապրանքատեսակների գովազդը, որոնք վնասում են ֆիզիկական և հոգևոր առողջությանը», – ընդգծեց Հակոբյանը։


Նրա խոսքով՝ աճել է նաև հանձնաժողովի դեմ ներկայացված դատական հայցերի թիվը, և միայն անցյալ տարի ՀՌՀ-ն մասնակցել է 14 դատական գործընթացի (որոնցից 6-ն արդեն ավարտվել է), այն դեպքում, երբ 2011-2018 թվականներին եղել է ընդամենը 3 հայց։


ՀՌՀ նախագահը նշեց, որ այս դինամիկան իրենց ուրախացնում է, քանի որ եթե նախկինում թե՛ լրատվամիջոցները, թե՛ պետական մարմինները հարցերը լուծելու համար դիմում էին ոչ իրավական քայլերի, ապա այսօր գրեթե բոլոր խնդիրները լուծվում են դատարանի միջոցով։

Leave a comment