«Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը գրառմամբ արձագանքել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, որում ռուսական գերատեսչությունը «ԵվրոհակաՔրիստոսներ» է անվանել ԵՄ աջակցությամբ գործող ՀԿ-ներին և հիշատակել ԻՔՄ-ն ու ՀՔԱ Վանաձորի գրասենյակը։ Իոաննիսյանը հայտարարել է, թե «կիսում է ՌԴ հատուկ ծառայությունների տխրությունն ու վիշտը՝ Հայաստանի ընտրություններին միջամտության տապալվող փորձերի կապակցությամբ»։
«ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը մի ամբողջ հաղորդագրություն է տարածել «Իրազեկ քաղաքացիների միավորման» ու «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» մասին՝ մեզ անվանելով «ԵվրոհակաՔրիստոսներ» («Евроантихристы»)։
Պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք ոչ թե եվրոհակաՔրիստոս ենք, այլ եվրոմոնարխիստ ու եվրոկոմունիստ։
Ամբողջությամբ կիսում եմ ՌԴ հատուկ ծառայությունների տխրությունն ու վիշտը՝ Հայաստանի ընտրություններին միջամտության տապալվող փորձերի կապակցությամբ։
Հ․Գ․ Ուզում եմ հասկանամ, «Իրազեկն» ու ՀՔԱՎ–ն են այդքան հզոր դարձե՞լ, թե՞ ՌԴ հատուկ ծառայություններն են այդքան խուրդվել, որ մեր մասին հաղորդագրություն են տարածում»,- գրել է Իոասննիսյանը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել էր, թե Եվրամիությունը փորձում է Ռուս ուղղափառ եկեղեցուն դուրս մղել Հայաստանից՝ Երևանից պահանջելով խզել Մոսկվայի հետ կրոնական և հոգևոր կապերը։ Ռուսական գերատեսչությունը նաև պնդել էր, թե ԵՄ աջակցությամբ գործող ՀԿ-ները, այդ թվում՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, մեղադրանքներ են ներկայացրել ՌՈՒԵ երևանյան թեմի ներկայացուցիչների դեմ՝ Հայաստանի իշխանություններին նրանց նկատմամբ հետապնդումների դրդելու նպատակով։