Հոդվածով նախատեսված կաշառք տալու հանցակազմի առարկա՝ կաշառքի չափերի հստակեցման կապակցությամբ առկա է օրենսդրական բաց. Գեւորգ Քոչարյան

ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում կաշառք տալու համար, իսկ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում նախատեսված են խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու հանցակազմերը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանի խոսքով՝ վերոնշյալ հոդվածով նախատեսված կաշառք տալու հանցակազմի առարկա՝ կաշառքի չափերի հստակեցման կապակցությամբ առկա է օրենսդրական բաց, որն էլ շտկելու նպատակով Կառավարությունը հանդես է եկել օրենսդրական առաջարկով:

Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետում լրացում կատարել. այն է՝ «հանցավոր ճանապարհով ձեռք բերված» բառերից հետո լրացնել «տրված» բառը, որն իրենից ենթադրում է խոստանալ, առաջարկել կամ տրամադրել: Այլ կերպ՝ Քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետում խնդրո առարկա հանցանքների օբյեկտիվ կողմը կազմող հիշյալ գործողությունների առանձին թվարկման անհրաժեշտությունը բացակայում է: Հանցագործությունն ավարտված է համարվում կաշառքը կամ ապօրինի վարձատրությունը տալու, առաջարկելու, խոստանալու կամ տրամադրելու պահից:

Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Եվ երրորդ՝ վերջին փոփոխությամբ առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերում հղում կատարել նաև անչափահասներին վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավանորմին:

Փոխնախարարի խոսքով՝ օրենսդրական բացը լրացնելու անհրաժեշտությունն առաջացել է Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումից:

Օրենքի նախագիծը քննարկվել և դրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 5-ին հրավիրած նիստում:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment