Ներկայացնում ենք Newsweek պարբերականի կայքի «Կարծիքներ» բաժնում հրապարակված ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան եւ ՀՀ նախկին փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանի Rubio Armenia Visit Highlights Western Turn—One Step Remains հոդվածի հայերեն թարգմանությունը:
Գրիգոր Հովհաննիսյան
Հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կդիտարկվեն որպես հանրաքվե՝ երկրի առաջ կանգնած անսովոր աշխարհաքաղաքական ռիսկերի վերաբերյալ։ Հայաստանի արեւմտյան կողմնորոշումը չպետք է դիտարկվի որպես որեւէ առանձին առաջնորդի քաղաքական սեփականություն, այլ՝ որպես ռազմավարական վերափոխում Մոսկվայից ունեցած գերկախվածությունից դեպի Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների հետ ավելի լայն գործընկերություն, որը հավաքական ազգային վերագնահատման արդյունք է։
Այս ռազմավարությունն արդեն իսկ տալիս է տեսանելի արդյունքներ։ Մայիսի 4-ին Հայաստանում կայացած Եվրամիության գագաթնաժողովը արտացոլեց երկրի աճող նշանակությունը Եվրոպայի եւ Վաշինգտոնի համար՝ որպես ժողովրդավարական եւ լոգիստիկ հանգույց Հարավային Կովկասում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այցելեց Երեւան՝ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության եւ կարեւորագույն հանքանյութերի վերաբերյալ համաձայնագրերը ստորագրելու նպատակով, ինչպես նաեւ քննարկելու համագործակցությունը Հայաստանի հարավով անցնող տարանցիկ միջանցքի շուրջ, որը կապում է Ադրբեջանը Նախիջեւանի էքսկլավի, այնուհետեւ՝ Թուրքիայի հետ։
Այս համաձայնագրերը ընդգծեցին, թե որքան կենտրոնական է դարձել Հարավային Կովկասը արեւմտյան ռազմավարական մտածողության մեջ՝ այն պայմաններում, երբ Եվրոպան եւ Միացյալ Նահանգները փորձում են ձեւավորել նոր առեւտրային, էներգետիկ եւ լոգիստիկ ուղիներ, որոնք շրջանցում են ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Իրանը։
Այսպիսով, Հայաստանը դիվերսիֆիկացրել է իր գործընկերային հարաբերությունները, խորացրել է կապերը Եվրոպայի հետ, հյուրընկալել արեւմտյան առաջնորդների եւ նվազեցրել է իր կախվածությունը Ռուսաստանից։ Երկար ժամանակ մեկուսացված եւ խոցելի համարվող երկիրը սկսել է արտաքին աշխարհին նայել մի վստահությամբ, որը չէր դիտվել ամբողջ սերնդի ընթացքում։
Այնուամենայնիվ, այս վերափոխման հիմքում ցավոտ կորուստներ են։
Հայաստանի աշխարհաքաղաքական վերադասավորման գինը, ըստ էության, Լեռնային Ղարաբաղի, իսկ հայերի համար՝ Արցախի կորուստն էր՝ լեռնային անկլավի, որը տասնամյակներ շարունակ, Խորհրդային Միության փլուզումից հետո, գործել է որպես փաստացի հայկական պետություն։
2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո, երբ անկլավը նաեւ ենթարկվել էր իննամսյա շրջափակման, այն ամբողջությամբ փլուզվեց։ Ավելի քան 120,000 էթնիկ հայեր գրեթե մեկ գիշերվա ընթացքում ստիպված եղան տեղափոխվել Հայաստան՝ վախենալով հալածանքներից, կալանավորումից կամ ավելի վատ հետեւանքներից ադրբեջանական վերահսկողության պայմաններում։ Աշխարհի ամենահին հայկական համայնքներից մեկը փաստացիորեն անհետացավ այդ տարածքից մի քանի օրում։
Շատ հայերի համար այդ տրավման մնում է թարմ եւ չլուծված, մինչդեռ միջազգային արձագանքը արագորեն մարեց, եւ համաշխարհային ուշադրությունը տեղափոխվեց Մերձավոր Արեւելք՝ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակման եւ դրան հաջորդած ավերիչ պատերազմի հետեւանքով։
Հարավային Կովկասում դիվանագիտական ջանքերը եւ ուշադրությունը հիմնականում կենտրոնացան ենթակառուցվածքային համաձայնագրերի եւ տարածաշրջանային կարգավորման օրակարգերի վրա։ Այդ ընթացքում փախստականները, որոնք հաստատվեցին Հայաստանում, իրենց հետ բերեցին լքված տների եւ գերեզմանատների, դատարկ եկեղեցիների եւ պատմական կենտրոններից արմատախիլ արված հավաքական ինքնության պատմությունները։ Նրանք ստացան համակրանք, սակայն՝ չնչին արդարադատություն, ոչ մի էական փոխհատուցում եւ վերադարձի որեւէ իրատեսական մեխանիզմ։
Այս չլուծված ողբերգության կենտրոնում մեկ այլ խնդիր կա, որը սպառնում է բարդացնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաեւ Հայաստանի արեւմտյան ինտեգրման գործընթացը։ Խոսքը Ադրբեջանում մի քանի տասնյակ նախկին արցախցի պաշտոնյաների եւ հասարակական գործիչների կալանավորման մասին է, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի, ով այս տարվա սկզբին ադրբեջանական դատական գործընթացի արդյունքում դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։
Նրանց կալանքը դարձել է Կովկասում հետպատերազմյան կարգի ձեւավորման առանցքային բարոյական հարցերից մեկը։ Ադրբեջանը նրանց ներկայացնում է որպես հանցագործներ, մինչդեռ հայ հասարակության մեծ հատվածը նրանց դիտարկում է որպես քաղաքական բանտարկյալներ։ Նրանց ճակատագիրը ձեռք է բերել ընդգծված խորհրդանշական նշանակություն, քանի որ շատ հայերի մոտ ամրապնդվում է այն ընկալումը, որ հաշտեցման գործընթացը կրում է անհամաչափ բնույթ՝ Հայաստանը կատարում է հաջորդական զիջումներ, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է ամրապնդել իր ռազմական ներուժը եւ ընդլայնել դիվանագիտական ազդեցությունը։
Այս ընկալումը արդեն կոնկրետ քաղաքական հետեւանքներ ունի խաղաղության գործընթացի համար։ Եթե տարածաշրջանային ինտեգրացիան եւ հեռանկարային տրանսպորտային ու ենթակառուցվածքային նախագծերը կապվում են բանտարկյալների հարցի անտեսման կամ արցախահայության իրավունքների վերջնական փակման հետ, ապա այդ նախաձեռնությունները կպահպանեն բարձր խոցելիություն՝ անկախ ներքաղաքական փոփոխություններից կամ ընտրական արդյունքներից։
Սակայն, նույնիսկ այն հայերը, ովքեր պատրաստ են փոխզիջման և համակեցության, դժվարանում են հասկանալ, թե ինչու բանտարկյալների հարցը այդքան մեծ ուշադրություն չի արժանանում միջազգային հանրության կողմից այն ժամանակ, երբ Ադրբեջանը ձգտում է ամրապնդել իր լեգիտիմությունը, խորացնել առեւտրային հարաբերությունները և ընդլայնել Արեւմուտքի հետ տարանցիկ համաձայնագրերը։
Ներկայիս դիվանագիտական միջավայրը Եվրոպային եւ Միացյալ Նահանգներին տալիս է զգալիորեն ավելի մեծ լծակներ, քան նրանք, ըստ երեւույթին, պատրաստ են լիարժեք օգտագործել, եւ դրանք այլեւս զուտ տեսական չեն։ Ռուբիոյի այցը Երեւան՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պատմական այցից երեք ամիս անց, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ նոր ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը, արտացոլում են Հարավային Կովկասում արդեն ընթացքի մեջ գտնվող խորքային աշխարհաքաղաքական վերադասավորումը։
Ադրբեջանը ձգտում է կայունության, ներդրումների եւ ճանաչման՝ որպես Կենտրոնական Ասիան, Կովկասը, Թուրքիան եւ Եվրոպան կապող առանցքային տարանցիկ եւ էներգետիկ հանգույց։ Այն ցանկանում է, որ ենթակառուցվածքային համաձայնագրերը իրականացվեն առանց խափանումների, ապահովվի երկարաժամկետ տնտեսական ինտեգրում արեւմտյան շուկաների եւ ինստիտուտների հետ։ Հայաստանը, իր հերթին, ձգտում է անվտանգությանը, ինտեգրմանը եւ արեւմտյան կայուն աջակցությանը՝ միաժամանակ փորձելով իրականացնել պատմական շրջադարձ Մոսկվայից՝ ի հեճուկս Ռուսաստանի տնտեսական ճնշումներին եւ սպառնալիքներին։
Տարածաշրջանն այժմ ավելի քան երբեւէ մոտ է իրական վերակազմակերպման՝ հիմնված կապվածության եւ տնտեսական ինտեգրման, այլ ոչ թե զինված բախման տրամաբանության վրա։ Սա այն պահն է, երբ Մարկո Ռուբիոն, Վաշինգտոնը եւ Եվրոպան կարող են առավելագույնս օգտագործել իրենց ազդեցությունը՝ բանտարկյալների հարցը դիտարկելով որպես ավելի լայն կարգավորման անբաժանելի բաղադրիչ, այլ ոչ թե որպես անհարմար մարդասիրական ենթակետ։
Արցախից գերեւարված քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է հիմնական պահանջ լինի տրանսպորտային միջանցքների, տնտեսական համագործակցության և հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունների վերաբերյալ բանակցություններում։
Արեւմտյան կառավարությունները բազմիցս բարձր են գնահատել Հայաստանի ժողովրդավարական զարգացումները եւ ռազմական պարտությունից հետո փոխզիջումների գնալու պատրաստակամությունը։ Նրանք խրախուսել են հաշտեցումը եւ դիվանագիտորեն աջակցել Երեւանին՝ ավելի քիչ բախումնային ուղի ընտրելու համար։ Այդ նույն կառավարությունները այժմ պետք է հստակեցնեն, որ տարածաշրջանային ինտեգրացիան ենթադրում է պարտավորություններ բոլոր կողմերի համար՝ ներառյալ Ադրբեջանը։
Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է դառնա կենտրոնական բաղադրիչ տրանսպորտային միջանցքների, տնտեսական գործընկերության եւ կարգավորման ավելի լայն բանակցությունների օրակարգում։
Նման մոտեցումը ոչ թե կթուլացնի, այլ կուժեղացնի չափավոր դիրքորոշումները Հայաստանի ներսում։ Այն նաեւ կհաստատի, որ Վաշինգտոնի եւ Երեւանի միջեւ ձեւավորվող գործընկերությունը զուտ գործարքային բնույթի չունի, այլ հիմնված է քաղաքական հաշվետվողականության եւ մարդկային արժանապատվության սկզբունքների վրա։
Այն հայ հասարակությանը ցույց կտա, որ դիվանագիտությունը դեռեւս կարող է պաշտպանել մարդկային արժանապատվությունը եւ ազգային շահերը նույնիսկ ծանրագույն կորուստներից հետո։ Դա նաեւ կնվազեցնի այն աճող ընկալումը, որ Հայաստանը մնում է միայնակ իր զոհողությունների մեջ, մինչդեռ միջազգային համակարգը պարգեւատրում է ուժի կիրառումը՝ առանց համարժեք հաշվետվողականության։
Այլընտրանքը խորը ռիսկեր է պարունակում։ Միջանցքային տրամաբանության եւ քաղաքական նպատակահարմարության վրա կառուցված կարգավորումները պատմականորեն հազվադեպ են կայուն եղել այն հասարակություններում, որտեղ խորը դժգոհություններն ու չհաղթահարված կորուստները մնացել են չլուծված։ Տեղահանության եւ դառը կորստի միջով անցած հասարակություններում հետաձգված խնդիրները չեն անհետանում. դրանք կուտակվում եւ պահպանվում են:
Առանց բարոյական լեգիտիմության պարտադրված խաղաղության համաձայնագրերը հազվադեպ են պահպանվում այն վայրերում, որտեղ կյանքը սահմանվում է հիշողություններով, տեղահանությամբ եւ բաց վերքերով։
Հարավային Կովկասը ներկայում կանգնած է հազվադեպ պատմական հնարավորության առջեւ, սակայն իրական խաղաղությունը պահանջում է ավելին, քան միայն միջանցքներ, գագաթնաժողովներ եւ ներդրումային համաժողովներ։ Արդարությունը շարունակում է մնալ տարածաշրջանային նոր կարգի ճարտարապետության անբաժանելի մասը եւ այս համատեքստում Բաքվում պահվող Արցախի բանտարկյալների հարցը դառնում է այդ սկզբունքի կենսունակության ամենաուղղակի փորձաքարը։
Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները: