Ինչպիսի՞ն են Թուրքիայի եւ Ադրբեջանի իրական ծրագրերը Հայաստանի հանդեպ, ի՞նչ է թաքնված «խաղաղության դարաշրջանի» հետեւում եւ ինչու՞ են այս երկու երկրներն աննախադեպ միջամտություն դրսեւորում նախընտրական Հայաստանի ներքին քաղաքականությանը:
«Առաջատար հետազոտությունների հայկական կենտրոն» հասարակագիտական ՀԿ-ն կազմակերպել էր փորձագիտական քննարկում «Նախընտրական Հայաստանը թուրք-ադրբեջանական ծրագրերում. ռազմավարությունից մինչեւ մարտավարություն» թեմայով, որի ընթացքում տարածաշրջանով զբաղվող առաջատար արեւելագետները գիտական հիմնավորումներով անդրադարձան Հայաստանի անվտանգության համար գերկարեւոր այնպիսի հարցերի, որոնք նախընտրական շրջանում հանրային դաշտ են նետվում այլափոխված եւ խեղաթյուրված ձեւով:
Ելույթներով հանդես եկան թյուրքագետ, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, իրանագետ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը, թյուրքագետ, դոցենտ Վարուժան Գեղամյանը, իրանագետ, դոցենտ Արտյոմ Տոնոյանը։
Մեդիամաքսը ներկայացնում է առանցքային դրվագներ հնչած ելույթներից:
Հայաստանը՝ թուրքական դիվանագիտական թակարդում
Ռուբեն Մելքոնյան
Թուրքիայի ռազմավարությունը Հայաստանի հանդեպ մշակվել, ամրապնդվել եւ կարծրացել է տասնամյակների ընթացքում ու բնութագրվում է որպես մաքսիմալ կոշտ։ Դա դրսեւորվել է ոչ միայն հռետորաբանության, այլեւ ռազմական, քաղաքական, տնտեսական ագրեսիայի տեսքով ընդդեմ Հայաստանի։ Արդյոք այն ներկայումս փոխվե՞լ է։ Հարցին մասնագիտական պատասխանն է՝ ո´չ:
Թուրքիայի քաղաքականության խորքային ուղղությունների մեջ որեւէ դրական փոփոխություն չի արձանագրվել, իսկ այն, ինչ արձանագրվել է, դա կոշտ ռազմավարության ժամանակավոր քողարկումն է մեղմ մարտավարությամբ, որը որեւէ կերպ չի վնասում թուրքական կարծր քաղաքական գծին, սակայն կարողանում է ստեղծել Թուրքիայի քաղաքականության թվացյալ մեղմացման, փոփոխության տպավորություն, որն էլ ավելի թեժ ու բուռն կերպով տարածվում է Հայաստանում ներկայիս իշխանության եւ նրա քարոզչական ողջ գործիքակազմի միջոցով՝ ոչ միայն մերձիշխանական լրատվամիջոցների, այլեւ մերձիշխանական, իշխանական քարոզիչ-փորձագետների, ՀԿ սեկտորի ներկայացուցիչների եւ այլն։
Մասնագետները եւ դիվանագետները շատ հստակ գիտեն, որ Թուրքիան իր ուժի քաղաքականության մեջ կիրառում է կոշտ ուժի համադրումը փափուկ ուժի հետ, եւ ըստ նպատակահարմարության՝ դրանց տեղերը եւ դիրքերը փոխվում են։ Ներկայումս, հատկապես Հայաստանի ընտրական գործընթացներին ընդառաջ եւ արդեն նախընտրական փուլում մենք տեսնում ենք Թուրքիայի մեղմ մարտավարության բացահայտ դրսեւորում, որը միտված է վերը նշված թյուր տպավորության ստեղծմանը՝ առանց խորքային կոշտ ռազմավարության փոփոխության: Եվ եթե նայենք Թուրքիայի ձեռնարկած քայլերին, ապա կտեսնենք, որ դրանք բոլորը մակերեսային ու սիմվոլիկ բնույթի են:
Թուրքիան ներկայումս Հայաստանի հանդեպ կիրառում է սիմվոլիկ, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ կոսմետիկ, մեղմ քայլերի քաղաքականություն, սակայն դրա դիմաց շարունակելով պահանջել Հայաստանի կողմից լրջագույն, ինքնութենաստեղծ, ռազմավարական, գաղափարախոսական եւ այլ կարեւոր զիջումներ: Մասնավորապես՝ Հայաստանը զիջում է, կամ պատրաստվում է զիջել թուրքական պահանջներով ներկայացված Սահմանադրությունը փոխելու հարցը, ազգային սիմվոլիկա Արարատ լեռից հրաժարվելու հարցը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ակտիվության դադարեցման եւ այլ կարեւոր հարցեր, եւ դրա դիմաց ստանում է, պայմանական ասած, Անիի պատմական կամուրջը համատեղ վերանորոգելու խոստում կամ խոստման խոստում, առեւտրական փաստաթղթերում, որպես ապրանքի վերջնակետ Հայաստան նշելու «աշխարհացունց ձեռքբերում» եւ այլն։ Սա կարելի է բանաձեւել հետեւյալ կերպ. զիջում ես կարեւորը՝ ձեռք ես բերում կոսմետիկը:
Թուրքիայի եւ Ադրբեջանի նախապայմանները մեկ ամբողջություն են, դա այդպես չտեսնելը սխալ է, իսկ դիվանագետի կամ քաղաքական գործչի պարագայում՝ կոպտագույն եւ երկրի համար ճակատագրական սխալ: Այդ նախապայմանները ըստ նպատակահարմարության հետ ու առաջ են արվում, մե՛կ ներկայացնում է Ադրբեջանը, մե՛կ Թուրքիան, բայց անզեն աչքով անգամ նկատելի է, որ գործում են սինխրոն՝ Ցեղասպանության հարց, Արարատ, անկլավներ, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»՝ TRIPP անունով եւ բազմաթիվ այլ խնդիրներ:
«Զանգեզուրի միջանցք»՝ TRIPP փաթեթավորմամբ
Ռուբեն Մելքոնյան
Նրանք, ովքեր TRIPP-«Զանգեզուրի միջանցք» խնդիրը գովերգում են, երբեմն չափից ավելի, իսկ արեւմտամետների պարագայում` ուղղակի համարում են Հայաստանի փրկություն, ուղղակի չգիտեն, թե ինչի մասին են խոսում, ուղղակի չեն գիտակցում, թե ինչ է այդ միջանցքն իրականում ենթադրում:
Ադրբեջանական կողմը չի ուզում քննարկել որեւէ այլ տարածքով ճանապարհ, քան Արաքսի պռնկով անցնող ճանապարհն է, որը մեզ կտրում է Իրանի հետ սահմանից: Դա այդպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է, որը նախկինում կոչվում էր «Թուրանի ճանապարհ», հիմա էլ կոչվում է Թրամփի ճանապարհ կամ TRIPP: Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի տարածքը եւ TRIPP-ի տարածքը միլիմետրերով համապատասխանում են իրար, այսինքն՝ անունը փոխվել է, վերաբրենդավորում է արվել, որով թույլ է տրվել Հայաստանի իշխանություններին ասել, թե իրենք «Զանգեզուրի միջանցք»-ը չեն իրականացնում, այլ TRIPP-ը։
TRIPP-ը կամ «Զանգեզուրի միջանցքը» ոչ թե տրանսպորտային ապաշրջափակում է, այլ թուրքական պահանջ է, որը կապիտուլյացիայի ոգով դրվում է Հայաստանի առջեւ, որը նախկինում էլի դրվել է եւ մշտապես մերժվել, սակայն հիմա Հայաստանի իշխանությունները դա չեն մերժում, միայն անունն են փոխում՝ բնույթը չմերժելով:
Ադրբեջանի տեղանվանական պատերազմը՝ ծրագրված քաղաքականության մաս
Վարդան Ոսկանյան
Իմ ելույթի վերնագրում կտեսնեք ասացվածք. «Քաղաքը մերն է՝ հալվան մերը». սա ադրբեջանական հայտնի ասացվածք է, որն իմաստային առումով նշանակում է՝ իրավիճակը գտնվում է մեր վերահսկողության տակ, կարող ենք վերցնել, ինչ ուզում ենք: Սա շատ լավ է բնորոշում հատկապես թեման, որին ես անդրադառնալու եմ՝ տեղանունների խնդիրը, որը միայն աշխարհագրական երեւույթ չէ:
Առհասարակ, տեղանունների դիտարկումը շատ կարեւոր է հասկանալու համար հակառակորդի, թշնամու նկրտումները։
Ադրբեջանում ամենաբարձր պաշտոնատար անձանց մակարդակով խոսվում է այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջան»-ից՝ մշտապես օգտագործելով տեղանունների թյուրքական կամ թյուրքացված տարբերակները՝ այդ թվում նաեւ միջազգային հարթակներում: Եթե ուշադրություն դարձնենք այդ հայտարարություններին Հայաստանի Հանրապետության տարածքն անվանում են «present-day Armenian territory»՝ ներկայիս հայկական տարածք, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը, որպես պետական միավոր, նման հայտարարություններում չկա:
Այս երեւույթը պետք է ունենա հստակ գիտական բնութագրում: Ես ընտրել եմ մի քանի տարբերակ, որոնք կարող են նաեւ համատեղ կիրառվել: Ադրբեջանի այս քաղաքականությունը պետք է բնութագրվի որպես՝
– պատմական ռեւիզիոնիզմ,
– տեղանվանական պատերազմ (հիբրիդային պատերազմի կարեւորագույն մաս է),
– քարոզչական-տեղեկատվական ճնշում Հայաստանի Հանրապետության նկատմամբ,
– փափուկ էքսպանսիոնիզմ (ծավալապաշտություն):
Մեզանում հաճախ է խոսվում հիբրիդային պատերազմի մասին, սակայն բոլորովին այլ ուղղություն նկատի ունենալով: Մինչդեռ հիբրիդային պատերազմը մեր հանդեպ հենց հիմա իրականացվում է Ադրբեջանի կողմից՝ շատ շոշափելի գործիքակազմով, տեղանվանական պատերազմի գործիքակազմով։
Տեղանվանական պատերազմն ունի եւս մեկ հարթություն, որի մասին քիչ ենք խոսում: Այն հիմք է նախապատրաստում՝ ապահովելու չակերտավոր լեգիտիմություն ադրբեջանական իբրեւ թե «վերադարձի» համար եւ ապալեգիտիմացնելու մեր ներկայությունն այս տարածքում։ Հետեւաբար, սրանք միայն տեղանունների աղճատումներ չեն: Սա ծրագրված քաղաքականություն է եւ իրականացվում է այն պայմաններում, երբ Հայաստանում ոմանք սարսափում են Արցախ բառը արտաբերելուց, Ստեփանակերտ բառը արտաբերելուց եւ բազմաթիվ նման բառեր արտաբերելուց: Եթե ուշադիր եք եղել, Տիգրանաշեն բառը նույնպես այլեւս չեն արտաբերում:
Միեւնույն ժամանակ ես կիրառում եմ, օրինակ, Քարվաճառ տեղանունը, որովհետեւ դրա համար ունեմ հիմքեր՝ սկսած միջնադարյան արձանագրություններից, վերջացրած պատմագրությունից: Մինչդեռ «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթը չկա որեւէ սկզբնաղբյուրում, հայկական տարածքներին տրվող ադրբեջանական տեղանունները շինծու անվանումներ են:
«Արեւմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրն արդեն ընթացքում է
Վարուժան Գեղամյան
Ադրբեջանի հակահայկական քաղաքականության տարբեր ուղղությունների մեջ առանձնանում է մեկը, որը իմ կարծիքով՝ իր մեջ ներառում է մնացած բոլոր պահանջները: Խոսքն այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջան»-ի ծավալապաշտական հայեցակարգի առաջ մղումն է, որի բաղադրիչ է նաեւ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։
Այս հայեցակարգը Հայաստանի Հանրապետության ներկայիս գրեթե ամբողջ տարածքը դիտարկում է որպես պատմական ադրբեջանական կամ թուրքական հող։ Պանթուրքական արմատներ ունեցող այս մոտեցումը, որի առաջին պրակտիկ դրսեւորումներին կարելի էր հանդիպել 1918-1921 թվականներին, մշտապես առկա է եղել նաեւ հետխորհրդային Ադրբեջանի քաղաքական խոսույթում: Առաջին անգամ «Արեւմտյան Ադրբեջան»-ի մասին պետական մակարդակով սկսել է խոսել դեռ Հեյդար Ալիեւը։ Հեյդար Ալիեւից այս ժառանգությունը, ինչպես որ մնացած ամեն ինչ Ադրբեջանում, փոխանցվել է նրա որդուն՝ Իլհամ Ալիեւին, սակայն որոշ առանձնահատկություններով: Եթե նախկինում դա ներկայացվում էր որպես պատմական հիշողություն, երազանք, ապա հիմա այն դարձել է ռազմավարական նպատակ, քաղաքականություն: Վերջին բնորոշումները ուղիղ մեջբերումներ են Իլհամ Ալիեւի հայտարարություններից:
2020 թվականից հետո Իլհամ Ալիեւը հիմնականում սկսել է խոսել այսպես կոչված պատմաշխարհագրական ռեւիզիոնիզմի մասին՝ ասելով, որ Ադրբեջանի այսօրվա սահմանները լիարժեք չեն արտացոլում Ադրբեջանը եւ իբրեւ թե բազմաթիվ ադրբեջանական տարածքներ գտնվում են Ադրբեջանի սահմաններից դուրս:
2020 թվականից հետո պատմական ռեվիզիոնիզմը դարձել է Ադրբեջանի հիմնական գաղափարախոսություններից մեկը: Ծավալվում է համակարգային գործունեություն․ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի համակարգմամբ այն առաջ է մղում «Արեւմտյան Ադրբեջան համայնք» կոչվող կազմակերպությունը, որն էլ իր հերթին աշխատանքն արտապատվիրակում է տարբեր կառույցների՝ Գիտությունների ակադեմիա, տարբեր համալսարաններ, մեդիաներ եւ այլն:
«Արեւմտյան Ադրբեջան» արհեստածին հայեցակարգը ունի թե՛ ներքին եւ թե՛ արտաքին սպառման նշանակություն։ Հայաստանի ներքաղաքական օրակարգում որոշ քաղաքական ուժեր ներկայացնում են իրավիճակն այնպես, որ սա ընդամենը ներքին սպառման քարոզչություն է՝ հավասարության նշան դնելով նաեւ Արեւմտյան Հայաստան հայեցակարգի միջեւ, ինչը ոչ միայն գիտական տեսանկյունից, այլ նաեւ տրամաբանության տեսանկյունից ամբողջությամբ սխալ է: Ավելին, պետք է հասկանալ, որ երբ մենք «Արեւմտյան Ադրբեջան»-ի թեմային մոտենում ենք բացառապես որպես ներքին սպառման երեւույթի, մենք չենք տեսնում դրանից բխող բոլոր հնարավոր սպառնալիքները:
Այդ ծավալապաշտական հայեցակարգի ինստիտուցիոնալիզացման ու հանրայնացման ինտենսիվացումը սկսվել է 2020 թվականից հետո: Եթե ուշադրություն դարձնեք վերջին տարիների զարգացումներին, կտեսնենք, որ երբ Հայաստանի կողմից եղել է զիջում, Ադրբեջանի կողմից եղել է նոր հարձակում:
«Արեւմտյան Ադրբեջան» հայեցակարգը ենթադրում է բազմաբաղադրիչ ծրագիր: Դրա կարեւորագույն մասերից է այսպես կոչված «վերադարձի» հայեցակարգը, որտեղ բառացիորեն գրված է հետեւյալը. «Արեւմտյան ադրբեջանցիները ոչ միայն պետք է վերադառնան «Արեւմտյան Ադրբեջան», այլ նաեւ պետք է վերաբնակիչներին հարմարեցվի տեղի իրավական դաշտը, պետք է տեղի ունենա տեղանունների փոփոխություն, պետք է տեղակայվի ոստիկանական ու քաղաքացիական կառավարման լիազորություններով միջազգային առաքելություն» եւ այլն։ Այսինքն՝ սա պետական, պաշտոնական ծրագրի մաս է:
«Արեւմտյան Ադրբեջան» արհեստածին հայեցակարգը ծրագիր է գործողության մեջ՝ policy in action: Դա հնարավոր է տեսնել միայն համալիր կերպով նայելու պարագայում։
Մի կողմից բանակցություններում ու քաղաքական տարաբնույթ քննարկումներում 2023 թվականից սկսած Ադրբեջանը պաշտոնապես ասում է, որ դա նախապայմաններից մեկն է Հայաստանի հետ խաղաղության։ Երկրորդ հանգամանքը՝ այն դառնում է միջազգային տարաբնույթ քննարկումների առարկա՝ որպես Հայաստանի հետ խաղաղության ապահովման նախապայման: Երրորդը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ն է, որը խոշոր հաշվով Ադրբեջանում ներկայացվում է որպես «վերադարձ իրենց պապենական հողեր»։ Մեջբերում Իլհամ Ալիեւից. «Արեւմտյան Ադրբեջանը, Արեւմտյան Զանգեզուրը ներկայումս հայկական վերահսկողության ներքո է եւ Զանգեզուրի միջանցքը, իհարկե, օգտագործվելու է մեր կողմից մեր քաղաքացիներին իրենց պատմական հողը վերադարձնելու համար»: Այսինքն՝ հնարավոր չէ «Զանգեզուրի միջանցքը» եւ «Արեւմտյան Ադրբեջանը» դիտարկել առանձին:
Այս ամբողջի շրջանակում է պետք դիտարկել նաեւ այն, ինչ կոչում են սահմանազատում, բայց իմ կարծիքով այս պարագայում ավելի ճիշտ եզրույթ է սահմանազավթումը: Ադրբեջանական խոսույթում անկլավների թեման եւս «Արեւմտյան Ադրբեջան» ծավալապաշտական հայեցակարգի մաս է:
Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիան, այնտեղ ամրացումը, Ադրբեջանում եւս մեկնաբանվում է նույն «վերադարձի» տրամաբանության մեջ, ուստի կարող ենք արձանագրել, որ «Արեւմտյան Ադրբեջան» ծավալապաշտական ծրագիրը, փաստացի, ոչ թե ուղղակի հռետորաբանություն ու ներքին սպառման քարոզչություն է, այլ բառիս բուն իմաստով գործողության մեջ գտնվող հակահայկական ծրագիր, որը, ցավոք սրտի, այս պահին ցույց չի տալիս զիջման որեւէ տեմպ։
Թյուրքական ձեռքերը Հայաստանի ընտրություններում
Ռուբեն Մելքոնյան
Թուրքիան միշտ հետաքրքրվել է Հայաստանի ընտրություններով, բայց նախկինում եղել է պասիվ դիտորդի դերում, իսկ հիմա գերակտիվ է։ Բավական է նայել Թուրքիայի տարբեր պաշտոնյաների բացահայտ հայտարարությունները, որոնք մի կողմից ինքնավստահ տոնով ներկայացնում են հետընտրական Հայաստանում գործողությունների հերթականությունը՝ կանխատեսելով, որ Սահմանադրությունն է փոխվելու, մյուս կողմից՝ իրականացնում են հայաստանյան գործող իշխանություններին ուղիղ կամ անուղղակի աջակցելու քայլեր:
Ներկայիս իշխանությունները կամ չեն ընկալում, կամ չեն ուզում ընկալել թուրքական դիվանագիտության ոճը, խնդիրները, նպատակները: Նրանց անխոհեմ քաղաքականության հետեւանքով Հայաստանը հայտնվել է թուրքական դիվանագիտական թակարդի մեջ, իսկ թակարդում շարժվելու եւ գործելու հնարավորությունները խիստ սահմանափակ են, փրկության շանսերը՝ գրեթե զրոյական։ Հայաստանի որդեգրած զիջելու եւ խնդրելու դիվանագիտությունը բերել եւ բերելու է աղետի, ուստի թիվ մեկ հրամայականն է Հայաստանը դուրս բերել թուրքական դիվանագիտության թակարդից:
Վարուժան Գեղամյան
Մենք ունենք արդեն արձանագրված օրինակներ, թե ինչպես է Թուրքիան ուղիղ միջամտում Հայաստանի ներքաղաքական տեղեկատվական դաշտին, մասնավորապես՝ մի քանի տասնյակ հայալեզու ֆեյսբուքյան էջեր, որոնք ամբողջությամբ գտնվում են թուրքական պետության վերահսկողության ներքո եւ տարածում են թուրքական թեզեր, նաեւ ազդեցության մեծ լսարան ունեցող մարդիկ, որոնք հայերենով պրոթուրքական քարոզչություն են իրականացնում անմիջապես Թուրքիայից: Թուրքական պետական հեռուստաընկերության հայերեն էջը եւս շատ ակտիվ է գործում հատկապես վերջին երկու տարիներին, կան նաեւ մի քանի ադրբեջանական ալիքներ, որոնց համակարգումը իրականացնում է Թուրքիայի նախագահին կից հաղորդակցության վարչությունը:
Ի դեպ, քարոզչական խոսույթը հանդիպում է միշտ փաթեթով. եթե պաշտպանում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», ապա իրականացնում է նաեւ հակաեկեղեցական քարոզչություն, արդարացնում Արցախում Ադրբեջանի իրականացրած ոճրագործությունները:
Ներկայացվող խաղաղությունն ընդամենը պատրանք է
Արտյոմ Տոնոյան
Արդյոք Ադրբեջանի քաղաքական վերնախավն ունի՞ իրական խաղաղության հաստատման իրական հանձնառության: Սրա հետ է կապված նաեւ այն հարցի պատասխանը, թե ինչու է հայատյացությունը շարունակվում Ադրբեջանում եւ ինչու է շարունակվելու նաեւ առաջիկա տարիների ընթացքում:
Որպեսզի մենք հավատանք, որ հակառակորդը կամ թշնամին իրապես ունի խաղաղության հաստատման հանձնառություն, ապա պետք է ակնկալենք երկու բան: Մեկը նախկինում եղած խոսույթի փոփոխությունն է, որը թեեւ տեսնում ենք Հայաստանում, սակայն չկա Ադրբեջանում: Այսինքն՝ մենք գործ ունենք դեկլարատիվության հետ:
Մյուս չափումը վերաբերում է նրան, որ երկրի արտաքին եւ ներքին խոսույթները չպետք է տարբերվեն իրարից՝ եթե իրապես կա խաղաղության հանձնառություն: Ընդամենը մեկ օրինակ բերեմ. 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ալիեւը դուրս է եկել հանդիպումից, գնացել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատուն, ու ադրբեջաներերով խիստ թշնամական հայտարարություններ արել։
Ինչու՞ չի փոխվում Ադրբեջանի թշնամական խոսույթը: Առաջին պատճառը կապված է ինքնութենական խնդիրների հետ. Ադրբեջանում դեռ չի ավարտվել ազգաշինության գործընթացը, եւ որեւէ կերպ չի կարող զիջվել որպես հիմնական թշնամի հայերին ունենալու գործոնը: Իրենք շարունակելու են պահել հայերին՝ որպես կենտրոնական եւ հիմնական թշնամի: Երկրորդը՝ ռեժիմի պահպանման եւ վերարտադրության խնդիրն է. 2020 թվականի հուլիսին հետխորհրդային Ադրբեջանի պատմության մեջ աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ՝ հազարավոր մարդիկ ներխուժեցին խորհրդարան, սպասվում էր ներքաղաքական ճգնաժամ, որը հերթական անգամ ռեժիմը հաղթահարեց ճգնաժամը տեղափոխելով թշնամական հռչակված երկրի տարած, այն է՝ պատերազմ Հայաստանի դեմ: Նույնը եղել է 2023 թվականին: Այս գործիքակազմից Ադրբեջանի իշխանությունները չեն հրաժարվելու, ուստի առաջիկա տարիներին Ադրբեջանում տեղի չի ունենալու հայատյացության նվազում կամ վերացում:
Հայ-թուրքական սահմանի բացման «կենսականությունը»՝ թշնամական քարոզչություն
Վարուժան Գեղամյան
Տպավորություն կա, որ դեռ 1990-ականներից ինչ-որ մեկը հայ-թուրքական սահմանի բացման անհրաժեշտության հարցը նետել է հանրային օրակարգ՝ իբրեւ թե դա կենսական անհրաժեշտություն է եւ բացարձակ բարիք, եւ բոլորը սկսել են քննարկել՝ ինչպես բացել այդ սահմանը:
Մինչդեռ ճիշտ հարցը հետեւյալն է՝ ընդհանրապես պե՞տք է բացվի այդ սահմանը: Գիտական հետազոտությունները պետք է պարզեն սահմանի բացումը ավելի շատ դրակա՞ն է Հայաստանի համար, թե՞ բացասական, արդյոք այդ սահմանի բացման պարագայում մենք չե՞նք ստանում անվտանգային եւ այլ տեսակի խնդիրներ:
Կարծում եմ, որ այս պարագայում մենք նորից գործ ունենք թուրքական քարոզչության հետ: Թուրքական կողմը հետեւողականորեն օգտագործում է սահմանները բացելու խայծը՝ զիջում կորզելու համար:
Ռուբեն Մելքոնյան
Արդյոք պե՞տք է բացել այն սահմանը, որով գալու է Հայաստանի մահվան վկայականը: Երբ որ այն Հայաստանի համար կենսական նշանակություն է ունեցել՝ Հայաստանը կանգնած է եղել սովի եզրին, այդ սահմանը բացվել է: Հիմա այդ իրավիճակը չէ:
Վարուժան Գեղամյան
Այս թեմայով խոսելիս միշտ հետեւյալ մեջբերումն եմ հիշում․ 1920 թվականին Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը արեւելյան ճակատի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրին ուղղված հեռագրում գրում է․ «Բացարձակ անհրաժեշտություն է Հայաստան պետության վերացումը ․․․․ Վերը նշված նպատակը պետք է իրականացնել քողարկված ու փափուկ ձեւով ինչպես խաղաղության պայմանագրի տեքստում, այնպես էլ նրանից բխող գործողություններում՝ հայերի աչքերում մշտապես խաղաղասեր երեւալու պայմանով»։
Ռուբեն Մելքոնյան
Ադրբեջանում (ավելի քիչ Թուրքիայում) հակահայկականությունը ոչ թե ուղղակի հռետորաբանություն է, այլեւ իրենց ինքնության հիմքն է, ուստի հրաժարվելով հակահայկականությունից, Ադրբեջանը պետք է հրաժարվի իր ինքնությունից։
Եվ հիմա համեմատենք․ Հայաստանի ներկայիս իշխանության քաղաքականությունը տանում է նրան, որ մենք հրաժարվենք մեր ինքնությունից եւ մեր ինքնությունը ստեղծող սյուներից, Ադրբեջանը ընդհակառակը՝ ամրապնդում է հակահայկականության վրա կառուցված իր սյուները։
Ներկայիս թուրքական վերնախավին, որը եղել է արցախյան օկուպացիայի ճարտարապետը, ներկայացնել որպես հայության համար մտահոգ, սահմանը բացելու համար մտահոգ քաղաքական ուժ, դա առնվազն ճիշտ չէ։ Մենք պետք է ֆիքսենք այս իրողությունները եւ հասկանանք՝ կա դա փոխելու հնարավորություն։
Գրի է առել Գայանե Ենոքյանը
Լուսանկարները՝ հեղինակի