«Փոքր Մհեր»՝ առաջին AI լիամետրաժ մուլտֆիլմը տարածաշրջանում

«Փոքր Մհեր»՝ առաջին AI լիամետրաժ մուլտֆիլմը տարածաշրջանում

Առաջին անգամ տարածաշրջանում ստեղծվում է լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմ արհեստական բանականության (AI) միջոցով:

«Փոքր Մհեր» մուլտֆիլմի հիմքում հայկական «Սասնա ծռեր» էպոսն է՝ ներկայացված ժամանակակից և նորարարական մեկնաբանությամբ։ Սյուժեի կենտրոնում Մհերն է, որը դուրս է գալիս Ագռավաքարից և հայտնվում մերօրյա հայկական գյուղում՝ բախվելով նոր իրականությանը, որտեղ նա, միաժամանակ, զարմացած է, շփոթված և անսասան իր բնույթով։

«Փոքր Մհեր»-ը պատմություն է, որը փոքրերին կստիպի ծիծաղել ու երազել, մեծերին՝ կանգ առնել ու մտածել։ Ինչպես նշում է ռեժիսորը՝ փոքրերին հասկանալի, մեծերին հետաքրքիր։ Նախագծի նպատակն է նոր շունչ հաղորդել հայկական էպոսին և այն նոր սերնդին ներկայացնել հասկանալի ու ժամանակակից ձևով։ Ստեղծվել է դինամիկ, ժամանակակից անիմացիոն ֆիլմ, որը կլինի հետաքրքիր, հասանելի և գրավիչ թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար։

Այս անիմացիոն նախագծի առանձնահատկությունն այն է, որ այն ստեղծվում է նորարարական տեխնոլոգիական մոտեցմամբ՝ տարբերվելով ավանդական մուլտիպլիկացիոն արտադրությունից։ Մուլտֆիլմում չեն կիրառվում դասական անիմացիայի սովորական գործիքակազմերը․ կերպարների սկզբնական էսքիզներն ու գեղարվեստական լուծումները մշակվում են նկարիչների կողմից, իսկ դրանց վերջնական տեսքը, շարժողական դինամիկան և վիզուալ զարգացումը ձևավորվում են արհեստական բանականության գործիքների կիրառմամբ։ Մուլտֆիլմի հնչյունավորումը վստահվել է հայտնի հայ դերասանների մասնակցությանը։

Արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն է տալիս արտադրական ամբողջ գործընթացը՝ գաղափարի մշակումից մինչև վերջնական իրագործում, իրականացնել շուրջ 5-6 անգամ ավելի արագ, քան դասական արտադրական մեթոդների դեպքում։ Նախագծում կիրառվում են ոլորտի վերջին AI գործիքներն ու մասնագիտական փաթեթները, որոնք ապահովում են պատկերի բարձր որակ, տեխնիկական ճշգրտություն և ժամանակակից վիզուալ արդյունք։ Վիզուալ լուծումներից տարբերվող՝ երաժշտական հատվածը չի գեներացվում արհեստական բանականությամբ։ Մուլտիլմի երաժշտությունը ստեղծվում է երաժիշտների կողմից, իսկ հերոսներին ձայնավորում են հայտնի դերասաններ՝ ապահովելով հանդիսատեսի համար ծանոթ, կենդանի և հուզական հնչողություն։Բնականաբար, AI գործիքները չեն փոխարինում արվեստագետներին․ դրանք ընդամենը նոր հնարավորություններ են բացում ստեղծագործական թիմի համար։

Նախատեսվում է «Փոքր Մհեր» անիմացիոն նախագիծը ներկայացնել նաև միջազգային լսարանին՝ այն թարգմանելով տարբեր լեզուներով և հասանելի դարձնելով միջազգային հարթակներում։ Թեև մուլտֆիլմի հիմքում հայկական էպոսն է, սցենարը կառուցված է այնպես, որ պատմությունը հասկանալի և հետաքրքիր լինի նաև օտարազգի հանդիսատեսի համար։

Սցենարը մշակվել է երեք հիմնական թիրախային խմբերի համար՝ երեխաների, դեռահասների և չափահասների։ Երեխաների համար մուլտֆիլմում նախատեսված են վիզուալ հումորի և արկածային դրվագների տարրեր, իսկ դեռահաս և չափահաս հանդիսատեսի համար՝ խորքային մտքեր, բազմաշերտ երկխոսություններ և ժամանակակից ընթերցումներ։

 «Փոքր Մհեր» անիմացիոն ֆիլմը հունիսի 1-ից կբարձրանա մեծ էկրան։

Leave a comment