Վրաստանի ՆԳՆ-ում սկսել է գործել ատելության խոսքի դեմ պայքարի նոր բաժինը

Հունիսի 1-ից Վրաստանի ներքին գործերի նախարարության Մարդու իրավունքների պաշտպանության վարչության կազմում սկսել է գործել ատելության խոսքի դեմ պայքարի նոր բաժինը։ Այս մասին տեղեկանում ենք vectornews.ge կայքից։

ՆԳՆ-ի տեղեկացմամբ՝ բաժինը զբաղվելու է սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում և այլ հանրային հարթակներում տարածվող այն հայտարարությունների մոնիթորինգով և կանխարգելիչ բացահայտմամբ, որոնք պարունակում են վիրավորական, մարդու արժանապատվությունը նվաստացնող կամ ատելության խոսք և ունեն Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքով նախատեսված իրավախախտման հատկանիշներ։

Բաժնի լիազորությունների մեջ են մտնում ենթադրյալ իրավախախտումների բացահայտումը, հնարավոր իրավախախտների ինքնության հաստատումը, վարչական վարույթի նյութերի նախապատրաստումը, վարչական իրավախախտման արձանագրությունների կազմումը և գործերի փոխանցումը ընդհանուր իրավասության դատարաններ։

Նոր բաժնի ղեկավար է նշանակվել Թամթա Քիմբարիշվիլին։ Նրա խոսքով՝ բաժինը զբաղվելու է ինչպես հնարավոր իրավախախտումների փաստերի, այնպես էլ դրանցում ներգրավված անձանց բացահայտմամբ և նույնականացմամբ։

Սկզբնական փուլում բաժնում կաշխատի 10 աշխատակից։ ՆԳՆ-ն ընդգծում է, որ բաժնի գործունեությունն իրականացվելու է բացառապես Վրաստանում գործող օրենսդրության շրջանակներում։

Leave a comment