Գագարին համայնքում այսօր տեղի է ունեցել հայկական Eleveight AI ընկերության կողմից կառուցված ԱԲ առաջին գործարանի պաշտոնական բացման արարողությունը․ ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի․/ԱՌԿԱ/․ Գագարին համայնքում այսօր տեղի է ունեցել հայկական Eleveight AI ընկերության կողմից կառուցված ԱԲ առաջին գործարանի պաշտոնական բացման արարողությունը։ Ընկերությունը ներկայացնում է տարածաշրջանի առաջին NVIDIA Blackwell B 300 ԱԲ գործարանը։
Նոր կենտրոնը նախատեսված է ԱԲ մեծածավալ հաշվարկները սպասարկելու համար` սկսած ԱԲ մոդելների ուսուցումից մինչև բիզնես, գիտական և ինժեներական կիրառություններ։ Նախագծի առաջին փուլի ներդրումները կազմում են 70 միլիոն դոլար։
Այս կապակցությամբ ԲՏԱ նախարարությունը և Eleveight AI-ը ստորագրեցին արհեստական բանականության ոլորտում համագործակցության հուշագիր, որով կողմերը դառնում են գործընկերներ։
«Պետությունը մասնավոր հատվածի, տվյալ դեպքում` Eleveight AI- հետ ԱԲ բարձր հաշվողական ռեսուրսների, հետագայում ռեսուրսներ վարձակալելու, ինչպես նաև տարբեր ուղղություններով համագործակցելու փոխըմբռնման հուշագիր է ստորագրել», -ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ԱԲ գործարանի գործունեության մեկնարկին նվիրված ասուլիսի ժամանակ։
Նա նշեց, որ սա ընդամնը սկզիբն է և առաջիկայում նախատեսվում են շատ կոնկրետ ուղղություններով քննարկումներ` Eleveight AI ընկերության, տարբեր պետական գերատեսչությունների, ինչպես նաև տեխնոլոգիական համայնքի տարբեր խաղացողների հետ` հասկանալու, թե ինչպես կարելի է այդ ռեսուրսներրի մի հատվածն ուղղել կոնկրետ կարիքների բավարարմանը Հայաստանի ներսում։
Նախարարի խոսքով, ՀՀ կառավարության հայեցակարգային մոտեցումն այն է, որ Հայաստանը շատ շուտով պետք է վերածվի ԱԲ գործարանների պարտեզի։
«Հայաստանը տեխնոլոգիան օգտագործողից և սպառողից պետք է վերածվի տեխնոլոգիա արտադրողի ու ստեղծողի, մշակողի ու արտահանողի», – ասաց Հայրապետյանը։
«Eleveight AI»-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արման Ալեքսանյանն իր հերթին կարևորեց ոլորտի արագ զարգացումը։
«Քանի որ ամեն ինչ շատ արագ է զարգանում և փոխվում, պետք է ինչ-որ հայեցակարգ ունենանք, որ կարողանանք պլանավորել` ինչ ուղղություններով համագործակցել, ինչն է կարևոր, ինչին է պետք առաջնահերթություն տալ», – ասաց Ալեքսանյանը։