Ռուսամետ հաքերները Օլիմպիական խաղերի բացումից առաջ հարձակվել են օլիմպիական օբյեկտների և Իտալիայի դեսպանատների կայքերի վրա

Քաղաքականություն

05.02.2026 | 18:30

Իտալիայի անվտանգության ծառայությունները հայտնել են Ձմեռային օլիմպիական օբյեկտների և երկրի ԱԳ նախարարության արտասահմանյան գրասենյակների վրա կիբերհարձակման մասին, հայտարարել է արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին, գրում է Meduza-ն։

Հաքերների թիրախում են եղել Վաշինգտոնում Իտալիայի դեսպանատունը, ինչպես նաև Սիդնեյում, Տորոնտոյում և Փարիզում գործող հյուպատոսությունները: Թիրախում են եղել նաև Ձմեռային օլիմպիական խաղերի հետ կապված կայքերն ու հաստատությունները, այդ թվում՝ Ալպերում գտնվող Կորտինա դ’Ամպեցոյի հյուրանոցների պորտալները (որտեղ կանցկացվեն լեռնադահուկային մրցումները):

Ռուսամետ Noname057 հաքերային խումբը ստանձնել է կիբերհարձակման պատասխանատվությունը:

Նրանց հետ կապված տելեգրամ ալիքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է. «Իտալիայի կառավարության ուկրաինամետ քաղաքականությունը նշանակում է, որ ուկրաինացի ահաբեկիչներին աջակցությունը պատժվում է մեր DDoS հարձակումներով»։

Անտոնիո Տայանին նշել է, որ կիբերհարձակման մեջ ակնհայտ է «ռուսական հետքը»։ Նա հավելել է, որ դա «հաստատվել է հենց հեղինակների կողմից, որոնք նշել են իրենց հարձակման պատճառը»։ Կիբերհարձակումը հաջողությամբ «կանխվել է», հավելել է պաշտոնյան։

2026 թվականի 25-րդ Ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 6-ից 22-ը Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում: Ռուսաստանը Խաղերին կուղարկի ընդամենը 13 մարզիկի: Ռուս (և բելառուս) մարզիկները կմրցեն որպես չեզոք մասնակիցներ՝ առանց դրոշի կամ օրհներգի:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment