Տավուշում 14 դպրոց է փակվում, որոնցից 8-ը՝ սահմանամերձ գյուղերում․ Արամ Մանուկյան

Բաժանորդագրվել

ՀԱԿ փոխնախագահը շեշտում է՝ գյուղերը դատարկվում ու ոչնչանում են, երբ դպրոցները փակվում են։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Տավուշում 14 դպրոց է փակվում, որոնցից 8-ը՝ սահմանամերձ գյուղերում։ Այս մասին ասում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ, պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանը՝ տեսաուղերձ հրապարակելով Չինարի գյուղից, որի դպրոցը ևս փակվողների շարքում է։
Չինարին համարվում է «ամենասահմանամերձը», երեք կողմից շրջապատված է ադրբեջանական տարածքներով։ Սեպտեմբերից գյուղից 90-ից ավելի աշակերտները ստիպված են լինելու հարևան գյուղ գնալ։

«8 սահմանամերձ գյուղերի դպրոցներ փակվում են Տավուշի շրջանում, և էդտեղ ապրում է մոտ 13 հազար մարդ։ Գյուղական բնակչության 17 տոկոսը, որոնց դպրոցները փակվում են, կազմում են էս 14 գյուղերը։ Ուզում եմ հարցնել էս փակողներին. ինչո՞վ եք մտածել, որ էս ձևի գյուղը՝ սահմանամերձ և մնացած 8 գյուղերը պետք է ոչնչանան ձեր որոշումների արդյունքում։ Գյուղը ոչնչանում է, երբ որ արդեն դպրոցում աշակերտ չկա, դպրոցը փակվում է։ Նայեք` ինչ շքեղ վերանորոգված, նորմալ դպրոց է։ Հարցնում եմ՝ ինչի՞ եք փակում էս դպրոցը։ Սահմանամերձ գյուղը ոչնչացնելու ծրագի՞ր ունեք»,- ասում է Մանուկյանը։

Նշենք, որ «Ազգային կրթության խորհրդի» նախաձեռնած «Հայաստանի քանդվող ապագան՝ փակվող դպրոցներ» հանրային քննարկման ժամանակ հրապարակվեց հետազոտություն, ըստ որի՝ Հայաստանում սեպտեմբերի 1-ից 231 դպրոց է փակվելու, հիմնականում բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերում։

ՀՀ ԿԳՄՍՆ-ն հերքում է տարածվող տեղեկությունները՝ նշելով, թե կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը միտված է հանրակրթության արդյունավետ զարգացմանը, կրթության հասանելիության ընդլայնմանը և որակի բարձրացմանը, այլ ոչ թե կրթական հնարավորությունների սահմանափակմանը։

Leave a comment