ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում Արցախի ղեկավարության դատավճիռները

«Զգույշ, աստիճաններ են», – հայտարարել է նա լրագրողներին։


ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերտին հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում Արցախի նախկին ղեկավարներին տրված դատավճիռները և Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին ընդդիմության հայտարարությունները:


«Զգույշ, աստիճաններ են», – հայտարարել է նա լրագրողներին։

Արցախի նախկին ղեկավարության դատավճիռների մասին


Բաքվի ռազմական դատարանը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ հարուցված շինծու գործերով դատավճիռները։ Դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին,  Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին և արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին։ 


Դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին։


Որոշումը պայմանավորված է նրանով, որ դատարանի վերջնական որոշման կայացման պահին լրացել է նրանց 65 տարին, իսկ Ադրբեջանի օրենսդրությամբ արգելված է 65 տարին լրացած անձանց նկատմամբ կիրառել ցմահ ազատազրկում։ 


Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը Ադրբեջանը մեղադրում է մի քանի տասնյակ շինծու հոդվածներով՝ պատերազմ ծրագրելու և իրականացնելու, ապօրինի վերաբնակեցման և այլն:


Ընդդիմությունը հայտարարում է ՀՀ–ում քաղբանտարկյալների մասին


Ավելի վաղ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը հայտարարել էր, որ քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդման է ենթարկվում ավելի քան 70 մարդ, իսկ նրանցից մոտ 40-ը գտնվում են քրեակատարողական հիմնարկներում:


Leave a comment