Հունան Պողոսյանի ծննդյան օրն է

Հարգելի պարոն Պողոսյան

Ընդունեք մեր ջերմ շնորհավորանքն ու բարի մաղթանքները Ձեր ծննդյան 62-րդ տարեդարձի կապակցությամբ։

Դուք ընդամենը երկու տարի աշխատեցիք Սյունիքում՝ մարզպետի կարգավիճակով (2018-20 թթ), բայց կարողացաք դառնալ մեզանից մեկը՝ մարզի հոգսերը և ուրախությունները դարձնելով Ձեր անձնականը՝ այդկերպ և ընդմիշտ մնալով սյունեցիներիս հետ։

Մենք չենք մոռանում Արցախյան 3-րդ պատերազմի օրերին Ձեր գործունեությունը և՛ ռազմաճակատ մեկնողների հետ էիք, և՛ թիկունքի աշխատանքները կազմակերպողի դերում էիք, և՛ ամեն ինչ անում էիք սյունեցու հերոսական ոգու հերթական պոռթկումին սատար կանգնելու համար։

Միայն հետագայում իմացանք, որ Ձեր հրաժարականը 2020-ի դեկտեմբերին՝ արժանապատիվ  հայ մարդու, Սյունիքի ռազմավարական բացառիկ դերն ու նշանակությունը գիտակցող պետական գործչի համարձակ քայլ էր, որով փորձեցիք  կանգնեցնել Սյունիքի դեմ նյութվող դավադրության հեղինակներին։

Դուք դեմ արտահայտվեցիք Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև ստորագրվող դավաճանական համաձայնագրին, որի համաձայն Սյունիքի արևելյան սահմանների իշխող բարձունքները, Գորիս–Կապան և Կապան–Ճակատեն ճանապարհները նվիրվեցին Ադրբեջանին։

Դուք կարող էիք (շատերի պես) հաշտվել այդ քայլի հետ և մնալ իշխանության մեջ՝ ցույց տալով, թե իբր ոչինչ չի պատահել Սյունիքի հետ։ Բայց, ինչպես նշեցինք, փորձ արեցիք կասեցնել հակասյունիքյան այդ գործարքը, թեև դավադիրները (ի վերջո) հաղթեցին։

Մենք չենք մոռանում նաև Ձեր անկեղծ ջանքը՝ Սյունիքում ամրապնդելու հանրային համերաշխությունը, ավելի խորացնելու սյունեցիներիս՝ ի վերուստ տրված պետականամետության, հայրենատիրության անսակարկելի զգացումը։

Հիշեք՝ Սյունիքի դռները միշտ բաց են Ձեր առջև։ Ընդ որում՝ դա մի կարգավիճակ է, որին կերազեն շատերը, որին չեն կարող արժանանալ գործող բազմաթիվ վայ-իշխանավորներ։

Պարոն Պողոսյան

Սյունիքը բախտորոշ ժամանակներ է ապրում։

Հավատացած եղեք՝ սեփական իշխանությունը կամ սեփական պաշտոնները, սեփական բիզնեսը և անվաստակ արտոնությունները պահելու համար Սյունիքն առևտրի առարկա դարձնողները ձախողվելու են անպայման ու նետվելու են պատմության աղբանոց։

Եվ Սյունիքի տարածքային ամբողջականությունն անպայման վերականգնվելու է, Սյունիքը մնալու է հայոց անկախ պետականության հուսալի ողնաշարը, և շարունակվելու է հավերժին միտված նրա երթը։

Աստված պահապան Սյունյաց աշխարհին և նրա նվիրյալ զավակներին ու բարեկամներին։

 

«Սյունյաց երկիր»

Leave a comment