Ոլորտի պատասխանատուները քննարկել են անտառապատման և անտառվերականգնման ոլորտի վերաբերյալ հարցեր


Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ընդլայնված քննարկում Հայաստանում անտառապատման, անտառվերականգնման, բնական վերաճի օժանդակման, լանդշաֆտային վերականգնման, ագրոանտառային համակարգերի ձևավորման գործընթացների շուրջ: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։


 


Միջոցառմանը մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գարեգին Միրզոյանը, կազմակերպության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, ոլորտում ներգրավված պետական, միջազգային, դոնորային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։


 


Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն իր խոսքում կարևորել է ոլորտում կիրառվող մեթոդաբանությունների, մոնիթորինգի համակարգերի, որակի գնահատման չափանիշների համադրելիությունը՝ նշելով, որ անտառային օրակարգի շուրջ համախմբվելու նպատակը միասնական մոտեցումների ձևավորումն է, որոնք կապահովեն իրականացվող ներդրումների արդյունավետությունը, արդյունքների չափելիությունը և անտառների վերականգնման երկարաժամկետ կայունությունը։


 


«Հայանտառ» ՊՈԱԿ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գարեգին Միրզոյանն իր խոսքում ևս կարևորել է օրվա հանդիպումը՝ նշելով, որ քննարկումը կարևոր հարթակ է ոլորտում կուտակված փորձի վերհանման, առկա խնդիրների բացահայտման և միասնական մասնագիտական մոտեցումների ձևավորման համար։


Գարեգին Միրզոյանը ներկայացրել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի՝ անտառային ոլորտում պետական լիազորություններ իրականացնող կառույցի վերջին երեք տարիների գործունեության ամփոփը, ոլորտի կառավարման և կազմակերպության գործունեության հիմքում ընկած իրավական կարգավորումները, անդրադարձել առկա հիմնախնդիրներին և դրանց լուծման հնարավոր ուղիներին։ ՊՈԱԿ-ի գործունեության համատեքստում նա առանձնացրել է ոլորտի զարգացմանն ու արդյունավետ կառավարմանը միտված առաջնահերթություններ և առաջարկություններ՝ ընդգծելով, որ դրանց հետևողական իրականացումը կնպաստի անտառային ոլորտի զարգացմանը։ Մասնավորապես, կարևորվել են օրենսդրական և ենթաօրենսդրական կարգավորումների կատարելագործումը, մարդկային և ֆինանսական ռեսուրսների ներգրավման և արդյունավետ օգտագործման հնարավորությունների ընդլայնումը։


 


Քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են գործող իրավական կարգավորումներին, անտառապատման և անտառվերականգնման ծրագրերի պլանավորման և իրականացման գործնական փորձին, տարածքների ընտրության, հողային և կլիմայական պայմանների գնահատման, ծառատեսակների և տնկանյութի ընտրության, տնկման, ցանքի, բնական վերաճի օժանդակման, հետագա խնամքի և պահպանության միջոցառումների իրականացման առանձնահատկություններին։


Առանձին ուշադրություն է դարձվել անտառային մոնիթորինգին, տվյալների հավաքագրման և փոխանակման մեխանիզմներին, արդյունքների գնահատման չափանիշներին։ Մասնակից կազմակերպությունները ներկայացրել են իրենց կողմից իրականացվող ծրագրերը, կիրառվող գործիքակազմը, արձանագրված խնդիրներն ու դրանց լուծման վերաբերյալ առաջարկությունները։


 


Հանդիպմանը ներկայացված առաջարկությունները հիմք կծառայեն անտառապատման և անտառվերականգնման աշխատանքների իրականացման համար միասնական կամ նվազագույն պարտադիր մեթոդական, որակական և մոնիթորինգային չափանիշների լավարկման գործընթացում՝ նպաստելով ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետության, թափանցիկության և երկարաժամկետ արդյունքների բարձրացմանը։


 

Դիտումների քանակ1

Leave a comment