Իրանական աղբյուրը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները Իրանի և ԱՄՆ-ի միջև սպասվող համաձայնագրի վերաբերյալ՝ դրանք անվանելով «ճշմարտության և ստի խառնուրդ»։ Այս մասին հայտնում է իրանական Fars գործակալությունը։
Աղբյուրի խոսքով՝ կեղծ պնդումներից մեկը վերաբերում է Հորմուզի նեղուցի բացմանը՝ առանց նավերից վճարներ գանձելու պահանջին։
«Շրջափակման վերացումից հետո Իրանը կբացի նեղուցը՝ իր պայմանավորվածություններին համապատասխան։ Այդ միջոցառումները կարող են ներառել նավերի մոնիթորինգ և ստուգումներ, ինչպես նաև անվտանգության և ծառայությունների տրամադրում, որոնք պատրաստում է Թեհրանը»,- նշել է աղբյուրը։
Մեկ այլ «խեղաթյուրում», ըստ իրանական կողմի, վերաբերում է հարստացված ուրանի դուրսբերմանը։ Աղբյուրը պնդում է, որ նման կետ հուշագրում գոյություն չունի և այն «ամբողջությամբ անհիմն է»։
Միաժամանակ ներկայացվել են Իրանի հիմնական պահանջները, որոնց մասին, ըստ աղբյուրի, Թրամփը չի խոսել․
Իրանի սառեցված ակտիվներից 12 միլիարդ դոլարի անհապաղ վճարում։ Առանց այդ պայմանի Թեհրանը չի անցնի բանակցությունների հաջորդ փուլին։
Կրակի դադարեցում բոլոր ճակատներում, հատկապես Լիբանանում։
Աղբյուրը նաև ընդգծել է, որ վերջնական համաձայնագիրը հիմնված կլինի Իրանի Իսլամական Հանրապետության «կարմիր գծերի» և սկզբունքների վրա։
«Համաձայնագիրը կկառուցվի ԱՄՆ-ի նկատմամբ լիակատար անվստահության հիման վրա, և ցանկացած խախտման դեպքում անմիջապես պատասխան քայլեր կձեռնարկվեն»,- հայտարարել է իրանական աղբյուրը։