Շողակաթ համայնքի ղեկավարի և կառուցապատողի գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ Հակակոռուպցիոն դատարան է ուղարկել Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի ղեկավար Ս.Շ.-ի և «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, կառուցապատող Ա.Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը։ Ըստ վարույթի՝ կառուցապատողը Սևանի ափամերձ տարածքում առանց սահմանված փաստաթղթերի շինարարություն է իրականացրել, իսկ համայնքի ղեկավարը, նրա օժանդակությամբ, չի կանխարգելել և չի կասեցրել ինքնակամ շինարարությունը, ինչպես նաև մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

«Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի ղեկավար Ս.Շ.-ի և «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, կառուցապատող Ա.Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Հ.-ն, նպատակ ունենալով Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Դրախտիկ բնակավայրի 1-ին փողոցի թիվ 88/3-4, 88/2 և 88 հասցեներում կառուցել անհատական հանգստի գոտի, առանց սահմանված փաստաթղթերի, իրականացրել է շինարարական աշխատանքներ։ Բացի այդ, Ա.Հ.-ն օժանդակել է Շողակաթ համայնքի ղեկավար Ս.Շ.-ի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն և պաշտոնեական կեղծիք կատարելուն, ինչպես նաև 2021 թվականի հունիսի 4-ին օգտագործել է կեղծ փաստաթուղթ։

Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի ղեկավար Ս.Շ.-ն, Ա.Հ.-ի օժանդակությամբ, 2021 թվականի մարտի 5-ին չարաշահել է պաշտոնեական լիազորությունները։

Ս.Շ.-ի արաքը դրսևորվել է հետևյալում՝

– Առանց շինարարության թույլտվության, բնության հատուկ պահպանվող տարածքում անհատական հանգստի գոտու կառուցման աշխատանքների ընթացքում, լիազորված լինելով կանխարգելելու և կասեցնելու ինքնակամ շինարարությունը, ինչպես նաև ապահովելու դրանց հետևանքների վերացումը, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները։

– Միջոցներ չի ձեռնարկել հողամասի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կանխարգելելու և կասեցնելու, ինչպես նաև ինքնակամ շինարարություն իրականացնող Ա.Հ.-ի նկատմամբ օրենքով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ։

Ս.Շ.-ին մեղադրանք է առաջադրվել նաև պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

Հիշեցնենք, որ Սևանի ափամերձ տարածքներում կառուցված առանձնատների վերաբերյալ Դատախազության կողմից դատարան ներկայացված պետշահերի հայցերի թվում է նաև «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ա.Հ.-ի կողմից ապօրինի կառուցված Սևանի այս առանձնատան հայցը»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment