Կրեմլին պատկանող Storm 1516 («Փոթորիկ 1516») բոտերի ցանցը մայիսի 28-ից ի վեր հերթական կեղծքն է տարածել X-ում շուրջ 20 հաշիվների միջոցով՝ պնդելով, թե ՀՀ-ն համաձայնության է եկել Եվրոպական Միության հետ Հայաստանում ընդունել 250 000 մուսուլման միգրանտների։
«Եվրոպական Միության հետ կապերը ամրապնդելու հուսահատ փորձի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարտավորվել է երկիրը դարձնել բնակության վայր 250,000 մուսուլման միգրանտների համար, որոնք չեն կարողացել ինտեգրվել եվրոպական հասարակություններին»,- ասվում է ցանցի տարածած տեսանյութում։
Տեսանյութի հիմքում թուրքական Ulusal կայքում Ազիզ Երգանյանի ստորագրությամբ հրապարակումն է, որում նշվում է, թե 2026 թվականի մայիսին Հայաստանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից հետո Հայաստանը և Եվրոպական Միությունը ստորագրել են մի շարք համաձայնագրեր, որով Հայաստանը պարտավորվել է ընդունել 250 հազար ապօրինի մուսուլման փախստականի։
Մինչդեռ Հայաստանը նման համաձայնագիր չի ստորագրել Եվրոպական Միության հետ, և ապօրինի միգրանտներ ընդունելու պարտավորություն չի ստանձնել որևէ փաստաթղթով։
Կարդացեք նաև՝ Կրեմլի հիբրիդային արշավները Հայաստանի ու եվրոպական երկրների դեմ․ գաղտնի փաստաթղթեր
Գոյություն չունեցող հեղինակը՝ Փերինչեքի կայքում
Թուրքական կայքում հրապարակված հոդվածի հեղինակ է ներկայացվում հայկական ազգանվամբ ոմն Ազիզ Երգանյանը (Aziz Yerganian)։
«Փաստերի ստուգման հարթակը» դեռևս շաբաթներ առաջ, անդրադառնալով թուրքական այս նույն կայքում հրապարակված՝ իբրև թե ՀՀ-ում իսլամը պաշտպանող օրինագիծ ընդունելու մասին կեղծ լուրին, գրել էր, որ կայքը և համանուն հեռուստաալիքը փոխկապակցված են թուրքական ազգայնական ու քեմալական ուղղվածություն ունեցող «Հայրենիք» կուսակցության (թուրքերեն՝ Vatan Partisi) և նրա ղեկավար Դողու Փերինչեքի հետ, որը Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության առաջամարտիկներից է:
Այն ժամանակ էլ հոդվածի հեղինակ էր ներկայացվում հայկական ազգանունով Եգանյանը: FIP.am-ը այս անուն-ազգանունով հեղինակի մասին բաց աղբյուրներում տվյալներ կամ նախկինում արված հրապարակումներ չէր հայտնաբերել։
Միևնույն ժամանակ, պարզել էր, որ ենթադրյալ հեղինակի լուսանկարը իրական մարդու լուսանկար չէ, deepfake է՝ գեներացված է արհեստական բանականության միջոցով։
Փաստացի, արդեն երկրորդ անգամ թուրք ազգայնականի հետ փոխկապակցված կայքում Հայաստանի վերաբերյալ կեղծ հոդվածը վերագրվում է գոյություն չունեցող հեղինակի, և այն համակարգված ձևով X-ում տարածում է Կրեմլի բոտերի ցանցը։
Կարդացեք նաև՝ Լրացված․ Կրեմլի Storm 1516-ի հերթական արշավը․ EuroNews-ի լոգոյով կեղծ պատում՝ Փաշինյանի ու իր մամուլի քարտուղարի մասին
Սփյուռքը՝ Կրեմլի Storm-1516-ի թիրախում․ «Ադրբեջանցիների վերադարձի» մասին կեղծ լուրը՝ անգլերենով
Նանե Մանասյան
The post Կրեմլի Storm 1516-ը ու Փերինչեքի կայքը տարածում են «ՀՀ բերվող 250 000 մուսուլման միգրանտների» կեղծ լուրը appeared first on FIP.AM.