Կանաչ խոստումներ․ Մաս 3

Քաղաքականություն
Հասարակություն

Կանաչ խոստումներ․ Մաս 3

 «Ա1+»-ը շարունակում է «դուրս բերել կանաչ օրակարգը» նախընտրական ծրագրերից։   Ներկայացնում ենք, թե Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերը նախընտրական ծրագրերում  ինչպես են անդրադառնում բնապահպանական  օրակարգին ։

Առաջին մասն՝ այստեղ 

Երկրորդ մասն՝  այստեղ   

«Ուժեղ Հայաստան»

Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական ծրագրում բնապահպանական և կանաչ օրակարգը հիմնականում ներկայացված է էներգետիկայի զարգացման և արդյունաբերական նոր քաղաքականության համատեքստում։

Դաշինքն առաջարկում է կանաչ էներգետիկայի զարգացման հետևյալ բանաձևը. «Արևային կայաններ + Էներգիայի կուտակիչներ + Խելացի ցանցեր (Smart Grid)»։ Ծրագրի համաձայն՝ մարտկոցային կուտակիչ համակարգերի ներդրումը թույլ կտա հավասարակշռել արևային էներգիայի տատանումները և չվնասել էլեկտրական ցանցերի կայունությունը։

Ըստ ծրագրի՝ Հայաստանի էներգետիկ անկախությունը և էկոլոգիական անվտանգությունը պետք է հիմնվեն նորագույն տեխնոլոգիաների վրա։

Դաշինքի արդյունաբերական նոր հայեցակարգը նախատեսում է տնտեսության անցում հանքարդյունաբերությունից և խաղադրույքների տնտեսությունից դեպի բարձր տեխնոլոգիական, արտահանելի և մշակող արդյունաբերություն։

«Բարգավաճ Հայաստան»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախընտրական ծրագրում բնապահպանական և կանաչ օրակարգին առնչվող դրույթները ներառված են հիմնականում Երևանի զարգացման և գյուղատնտեսության բաժիններում։

Գագիկ Ծառուկյանի գլխավորած կուսակցությունը Երևանի վերաբերյալ իր առաջարկներում բնապահպանական խնդիրները սահմանում է որպես առաջնահերթություն։ Ծրագրում նշվում է, որ «օդի մաքրությունը և կանաչ գոտիների ավելացումը ռազմավարական նպատակներ են»։

Նախատեսվում է «Երևանի և արվարձանների թափոնների վերամշակման համալիրի կառուցում»։ Գյուղատնտեսության զարգացման համատեքստում կուսակցությունն անհրաժեշտ է համարում ջրային տնտեսության կառավարման համակարգի արմատական վերափոխումը, ինչը պետք է բերի միջնորդ օղակների բացառմանը և ոռոգման ջրի ինքնարժեքի նվազեցմանը։

«Հանրապետություն»

«Հանրապետություն» կուսակցության նախընտրական ծրագրում առանձնացված բնապահպանական բաժին չկա։ Այնուամենայնիվ, Արամ Սարգսյանի գլխավորած կուսակցության ծրագիրը պարունակում է մի շարք դրույթներ, որոնք անդրադառնում են բնական ռեսուրսների կառավարմանը, ջրային տնտեսությանը և էներգետիկային։

Կուսակցության տնտեսական օրակարգի կարևոր կետերից է նոր ջրամբարների կառուցումը, որոնց նպատակը մինչև 5 միլիարդ խ/մ ջրի ամբարումն ու կառավարումն է։ Բացի այդ, նախատեսվում է փոփոխել կառավարության կառուցվածքը՝ ստեղծելով Գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների նախարարություն։ Նախատեսվում է նաև ստեղծել Ատոմային էներգիայի և էներգետիկայի նախարարություն։

Կուսակցությունը նպատակադրված է ամբողջությամբ և արդյունավետ օգտագործել ՀՀ հանքահումքային ռեսուրսները՝ կրճատելով ՌԴ կապիտալի մասնակցությունը և որոշ դեպքերում դրանք պետականացնելով։

«Նոր ուժ»

Հայկ Մարությանի գլխավորած «Նոր ուժ» կուսակցությունը բնապահպանությունը դասում է որպես ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչ․ «Շրջակա միջավայրի պահպանությունը մարդու բնակության և կյանքի համար բարենպաստ և անվտանգ պայմաններ ապահովելուն ուղղված համալիր միջոցառումների համակարգ լինելուց բացի, հանդիսանում է ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչ»։

Հաշվի առնելով այս իմաստով Հայաստանի աղետալի ցուցանիշները՝ կուսակցությունն առաջարկում է «կանաչ» օրակարգ՝ հիմնված եվրոպական չափանիշների և բնական ռեսուրսների խիստ կառավարման վրա։

«Նոր ուժի» ծրագրային առանցքային կետերից մեկը «ԵՄ Կանաչ գործարքի» (EU Green Deal) քայլ առ քայլ մոտարկված տարբերակի ներդրումն է Հայաստանում։ Սա ԵՄ համապարփակ ռազմավարություն է, որի նպատակն է մինչև 2050 թվականը ԵՄ-ն վերածել կլիմայական առումով չեզոք, բնական ռեսուրսների խնայողությամբ օգտագործող տնտեսության՝ նպատակ ունենալով մինչև 2030 թվականը զուտ արտանետումները կրճատել 55%-ով, իսկ մինչև 2040 թվականը՝ 90%-ով։

Կուսակցությունն առաջարկում է անցում կատարել ավանդական «գծային տնտեսությունից» դեպի «շրջանաձև տնտեսություն»՝ հիմք ընդունելով «Զրո թափոն» հայեցակարգը։ Այս մոտեցումը ենթադրում է թափոնների կառավարման ամբողջական շղթայի սահմանում՝ գոյացումից մինչև վերամշակում և ուտիլիզացիա, ներառյալ երկրում առկա բոլոր աղբանոցների վերացումը։

Կուսակցության համար ջրի ամբարումը ռազմավարական առաջնահերթություն է։ Նրանք նախատեսում են ավարտել Եղվարդի և Կապսի ջրամբարների շինարարությունը, ջրային տնտեսությունը սինթեզել բարձր տեխնոլոգիաների հետ՝ ներդնելով ջրի մակարդակի չափման սարքեր, հոսակորուստների հայտնաբերման սենսորներ և ջրամբարների հսկման դրոններ։

Կուսակցությունը Սևանա լճի մասով խոստանում է բացառել 1910 մետր նիշից ներքև կապիտալ կառույցների առկայությունը, ապամոնտաժել եղածները և արգելել կոյուղաջրերի ուղիղ հոսքը լիճ։

«Նոր ուժը» կոշտ դիրքորոշում ունի ընդերքօգտագործման հարցում։ Առաջարկվում է ընդունել բնական ռեսուրսների կառավարման ազգային պլան առաջիկա 50 տարիների համար, որը մորատորիում կսահմանի որոշ տեսակի մետաղական հանքերի շահագործման վրա։

Առանձնահատուկ անդրադարձ կա Ամուլսարի հանքին․ կուսակցությունը նպատակադրված է ուժը կորցրած ճանաչել հանքի շահագործման համար տրամադրված 150 մլն ԱՄՆ դոլարի բյուջետային երաշխիքը և անհրաժեշտության դեպքում իրականացնել կրկնակի փորձաքննություն։

Մայրաքաղաք Երևանի համար կուսակցությունը պահանջում է վերականգնել 1 շնչին ընկնող կանաչ տարածքի նախկին սահմանը՝ 28,8 ք.մ.։ Բացի այդ, նախատեսվում է տասնապատկել ապօրինի ծառահատումների համար նախատեսված տուգանքները, առնվազն 30 տոկոսով ավելացնել կոյուղաջրերի կենսաբանական մաքրման ծավալները, սահմանել օդի աղտոտվածության մշտադիտարկման նոր, բարձր չափանիշներ։

Ըստ այդմ՝ «Նոր ուժի» բնապահպանական ծրագիրը միտված է տնտեսության «թվայնացված և կանաչ» վերափոխմանը՝ շեշտը դնելով պետական խիստ վերահսկողության և եվրոպական փորձի տեղայնացման վրա։

«Բոլորին դեմ եմ»

«Բոլորին դեմ եմ» ինքնալուծարվող կուսակցության նախընտրական ծրագրում բնապահպանական կամ «կանաչ» օրակարգին առնչվող որևէ դրույթ կամ առաջարկ ներառված չէ։

Նախաձեռնությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է քաղաքական դաշտի արմատական փոփոխման օրակարգով։ Ի տարբերություն այլ կուսակցությունների, այս ուժի ծրագիրը չի ներառում ոլորտային բարեփոխումներ, բացառապես կրում է քաղաքական-ինստիտուցիոնալ բնույթ և սահմանափակված է 100-օրյա ժամանակահատվածով, որի նպատակը քաղաքական դաշտի «վերագործարկումն» է։

«Հանուն Հանրապետության»

Արման Բաբաջանյանի գլխավորած «Հանուն Հանրապետության» կուսակցության նախընտրական ծրագրային դրույթները, թեև առանցքային շեշտադրում ունեն Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման և անվտանգային համակարգի վրա, ներառում են նաև «կանաչ անցման» և բնապահպանությանն առնչվող կոնկրետ գործողություններ։

Մասնավորապես՝ նախատեսվում է նվազեցնել ածխաջրածնային կախվածությունը և զարգացնել արևային ու քամու էներգետիկան։

Ծրագրվում է փուլային կերպով փակել այն փոքր ՀԷԿ-երը, որոնք խախտում են գետերի բնական հոսքը և զրկում գյուղատնտեսությանը ջրից՝ դրանք փոխարինելով բնությանը չվնասող լուծումներով։

Առողջապահական ռազմավարության շրջանակներում կարևորվում է բնապահպանական օրենսդրության խստացումը և մաքուր միջավայրի պաշտպանությունը՝ որպես հանրային առողջության պահպանման հիմնասյուն։

Միջազգային հարթակներում (ՄԱԿ, ԵԱՀԿ) Հայաստանի դերի ակտիվացում՝ հատուկ կենտրոնանալով կլիմայական հարցերի վրա։

Հայաստանի Շնորհապետական կուսակցություն

Հայաստանի Շնորհապետական կուսակցության ծրագրում առանձնացված բնապահպանական բաժին առկա չէ։

Փաստաթղթում շրջակա միջավայրին կամ էներգետիկային առնչվող միակ դրույթը տեղ է գտել «Արտաքին քաղաքականություն» բաժնի ներքո՝ որպես միջազգային հարաբերություններում Հայաստանի առաջնահերթություն։

Կուսակցությունը նպատակ է դնում միջազգային հարաբերություններում հասնել միջուկային և վերականգնվող էներգիայի շուկաներում ազգային հնարավորությունների բացազատմանը։

«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք»

«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում չունի բնապահպանությանը վերաբերող քայլ, բայց առաջնահերթություն է համարում Հայաստանի բնական հարստությունների նկատմամբ պետական վերահսկողության վերականգնումը։

Կուսակցությունը նախատեսում է ստեղծել հատուկ հանձնաժողով, որը կքննի, թե ինչպես և ինչու են նախկինում «ծախվել Հայաստանի ոսկու պաշարները», և պատասխանատվության կկանչի մեղավորներին։

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն

Լևոն Շիրինյանի գլխավորած կուսակցությունն իր նախընտրական ծրագիրը չի հրապարակել։ «Ա1+»-ի հարցմանը կուսակցությունը դեռ չի արձագանքել։

 

Leave a comment