Վրաստանի վարչապետը Թուրքիայի նոր դեսպանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության ապահովման կարևորությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Թուրքիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուստաֆա Թյուրքեր Արըզի հետ, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։

Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան:



Հանդիպման ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջև ամուր ռազմավարական գործընկերությունը, որը հիմնված է ընդհանուր տարածաշրջանային շահերի վրա։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական կապերի ամրապնդման կարևորությանը, միաժամանակ նշվել է, որ Թուրքիան Վրաստանի առաջատար առևտրային գործընկերն է։

Կողմերը քննարկել են Միջին միջանցքի զարգացման հնարավորություններն ու համատեղ տարածաշրջանային նախագծերը։ Այդ համատեքստում ընդգծվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման կարևորությունը։

Leave a comment