Այսօր հաղթահարում ենք առաջին Հանրապետության ժամանակներից մնացած պետության ժամանակավորության բարդույթը. Նիկոլ Փաշինյան

Այսօր հաղթահարում ենք առաջին Հանրապետության ժամանակներից մնացած պետության ժամանակավորության բարդույթը. Նիկոլ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

2026 թվականի Հանրապետության այս օրը նշում ենք բոլորովին նոր՝ պատմական պայմաններում: Շուրջ 35-ամյա հակամարտությունից հետո Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատված: Այս մասին Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Խաղաղությունն այն է, ինչ Հայաստանի առաջին հանրապետությանը չհերիքեց անկախությունը պահպանելու և զարգացնելու համար։

Խաղաղության բացակայությունը դարձավ այն առանցքային պատճառը, որով Հարավային Կովկասի 3 երկրները, 1918 թվականին իրար հետ անկախություն հռչակելով, 1920 թվականին իրար հետևից կորցրին այդ անկախությունը։

Հայաստանի առաջին հանրապետության ճակատագրի մասին պատմական հիշողությունները կարևոր դեր են ունեցել խաղաղության հաստատման գործընթացներում։ Այսօր մենք հաղթահարում ենք Առաջին հանրապետության ժամանակներից մնացած պետության ժամանակավորության բարդույթը և որդեգրում ենք պետության հարատևության օրակարգ՝ առաջնորդվելով այն տրամաբանությամբ, որ Հայաստանի պետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան։ Սա նշանակում է, որ բոլոր իրավիճակներում պետք կենտրոնացած մնանք պետության շահի վրա, և պետություն ու նրա շահը, նրա անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունը դառնում են գործողությունների և որոշումների առանցքային ելակետ, և պետությունն էլ, իր հերթին, դառնում է սեփական քաղաքացիների անվտանգության, ազատության, բարեկեցության գործիք։ Պետության վերելքի այս հայեցակարգը առաջնորդում է մեզ, և մենք գնում ենք այս ճանապարհով։ Հայաստանի Հանրապետությունը գնում է այս ճանապարհով։

Հաստատված խաղաղությունը, նրա հետագա ինստիտուցիոնալացումը, պետության իրավական հիմունքների զարգացումն ու ամրապնդումը, Հայաստանը հակամարտության փակուղուց խաղաղության խաչմերուկ դարձնելը, ներառյալ՝ TRIPP նախագծի իրագործմամբ, ինչպես նաև քաղաքացիների անվտանգությունը ազատությունը և բարեկեցությունը ապահովելը մեր ռազմավարական առաջնահերթություններն են:

Այս նպատակների իրագործման համար կարևոր նշանակություն ունի կրթությունը, որը մենք հռչակել ենք ռազմավարությունների ռազմավարություն։ Պետության մասին մեր գիտելիքի խորացումը գալիս է ասելու, որ խաղաղության պայմաններում պետական կարևորագույն ինստիտուտ է բանակը։ Այսօր Հայաստանի Հանրապետության բանակը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության գործոն է, որովհետև պաշտպանունակ և ուժեղ բանակ չունեցող երկիրը կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար։ Մենք չենք կարող մեզ դնել նման իրավիճակում։

Այսօր մեզ համար պատիվ է 2026 թվականի Հանրապետության օրվա առիթով Հայաստանի Հանրապետության ժողովրդին ներկայացնել այն արդյունքները, որոնց հասել ենք 2022 թվականից ի վեր»,- ասաց վարչապետը։

Leave a comment