ԵՄ-ին հնարավոր անդամակցության որոշումը հայ ժողովրդի ընտրությունն է, բայց Երևանը պետք է հաշվի առնի Եվրամիության էության փոփոխությունները, որոնք տնտեսական միությունից վերածվում են ռազմաքաղաքականի, ասել է ՌԴ փոխվարչապետը
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ ԵՄ-ին հնարավոր անդամակցության որոշումը հայ ժողովրդի ընտրությունն է, բայց Երևանը պետք է հաշվի առնի Եվրամիության էության փոփոխությունները, որոնք տնտեսական միությունից վերածվում են ռազմաքաղաքականի: Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Եթե մի օր նրանք սկսեն նման բանակցություններ արդեն պաշտոնապես, ապա այդ բանակցությունները կտևեն շատ երկար տարիներ։ Եվ հարկ կլինի, իհարկե, նայել բուն Եվրամիության դինամիկային, ինչի է այն վերածվում։ Եվ այստեղ, այդ թվում, իհարկե, պետք է տեսնել և հետևել այն հայտարարություններին, որոնք այսօր գալիս են Եվրոպական հանձնաժողովից, Բրյուսելից, իսկ դրանք կապված են նրա հետ, որ Եվրոպական միությունը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքական միության»,-Օվերչուկի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
«Պատրաստ են արդյոք հայերը միանալ ռազմաքաղաքական միությանը, որն այսօր շատ ագրեսիվ է տրամադրված Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Երևի նման հարց էլ հայերը պետք է իրենց տան։ Ամեն դեպքում, իհարկե, այդ մասին նույնպես բազմիցս ասվել է, որ այս կամ այն ինտեգրացիոն միավորման օգտին ընտրությունը միշտ հայ ժողովրդի ընտրությունն է»,-հավելել է Օվերչուկը։
Նրա խոսքով, այստեղ ակնհայտ է, որ ինչ-որ որոշումներ ինչ-որ պահի պետք է կայացվեն։
«Որովհետև, իրոք, այդ մասին նույնպես շատ է խոսվել, և մեզ մոտ, և Հայաստանում Նիկոլ Վովաևիչը խոսել է այդ մասին․ բոլորը հասկանում են, որ միաժամանակ երկու ինտեգրացիոն միավորումներում Հայաստանը չի կարող լինել։ Ուստի, եթե ինչ-որ ժամանակ նման ընտրություն կատարվի, ապա այդ ընտրությունը կունենա համալիր բնույթ՝ հաշվի առնելով այն դինամիկան, որն այսօր մենք տեսնում ենք Եվրամիության էության փոփոխության մեջ»,-եզրափակել է Օվերչուկը։