ՌԴ-ն լուրջ ազդակներ է ուղարկում Հայաստանին․ Օվերչուկ

Ռուսաստանը դիտորդի դերում չէ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու շուրջ ստեղծված իրավիճակում, այլ հստակ ազդանշաններ է ուղարկում Երևանին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Մենք որոշակի ազդանշաններ ենք ուղարկում։ Եվ այդ ազդանշանները շատ լուրջ են։ Երկար ժամանակ է, ինչ այս քննարկումներն ենք վարում նրանց հետ, շատ անկեղծորեն։ Ակնհայտ է, որ այս ամենը տեղի է ունեցել փակ դռների հետևում։ Նրանք այս ամենը գիտեն և շատ լավ հասկանում են, բայց շարունակում են»,- ասել է նա։ 

Օվերչուկը հավելել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ոչ մի երկիր չէր ցանկանա, որ Հայաստանը դուրս գա Միությունից։

«Կրկին, ոչ ոք չի ուզում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից։ Մենք, անշուշտ, դա չենք ուզում»,- ասել է նա և հավելել, որ Երևանի քաղաքական կուրսը հենց այդ ուղղությամբ է գնում։

ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ Հայաստանը գիտակցում է ԵԱՏՄ անդամակցության բոլոր առավելությունները և, հետևաբար, չի շտապում դուրս գալ Միությունից։ 

«Եվ ինչ-որ պահի շարունակեն այս կուրսը, այն կհակասի թե՛ ԵԱՏՄ-ի նորմատիվ-իրավական կարգավորումներին, թե՛ Միության իրավական դաշտին։ Սա բավական նուրբ հարց է, որը պետք է մշտապես վերահսկել։ Մենք դա անում ենք»,- ասել է Օվերչուկը։ 

Նա հավելել է, որ Հայաստանը կատարում է ԵԱՏՄ-ի շրջանակներում իր պարտավորությունները և երբեք չի խախտել միության կանոնները։

Leave a comment