Ռուբեն Վարդանյանի ընտանիքն ու ընկերները կառուցում են «Կամուրջներ դեպի ապագա»

Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանում հիմնվել է «Կամուրջներ դեպի ապագա» ամենամյա մրցանակը, որը հումանիտար ոլորտում Ռուբեն Վարդանյանի ու Վերոնիկա Զոնաբենդի ընտանիքի եւ նրանց գործընկերների իրականացվող բազմամյա գործունեության նոր փուլ է հանդիսանում:

Մրցանակի առաքելությունն է աջակցել բարեգործության, մշակույթի եւ կրթության ոլորտների այն արդիական նախաձեռնություններին, որոնք ապահովում են կայուն դրական փոփոխություններ մարդկանց համար:
Շնորհանդեսը տեղի է ունեցել Noôdome ակումբային համայնքում մայիսի 25-ին՝ Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրը: Ամսաթվի ընտրությունն ընդգծում է մրցանակի անձնական եւ արժեքային կապը նրա հետ եւ նրա մոտեցումը շարունակելու ձգտումը՝ համախմբել մարդկանց, ինստիտուտներն ու ռեսուրսները՝ հանուն երկարաժամկետ հասարակական նշանակալի փոփոխությունների: Շնորհանդեսին ներկա էին պրոֆեսիոնալ համայնքի ներկայացուցիչներ, բարերարներ և գործընկերներ:
Մրցանակի առաջին դափնեկիրները հայտնի կդառնան 2027 թվականի մայիսին: Նրանք ֆինանսական աջակցություն կստանան իրենց նախագծերի համար եւ լրացուցիչ հնարավորություններ՝ հետագա զարգացման համար:
««Կատարյալ փոթորկի» ժամանակաշրջանում առավել կարեւոր է, որ մեծերն ու ուժեղները համախմբվեն, որպեսզի նրանք, ովքեր նոր են աճում, լրացուցիչ հենարաններ ստանան եւ կարողանան ամրապնդվել: Մեզ համար կարեւոր է, որ մրցանակը դառնա եւ՛ աջակցության ձեւ, եւ՛ վստահության հարթակ, կամուրջ դեպի ապագա՝ դեպի այն նախագծերը, որոնք պատասխաններ կտան ամենակարեւոր ու բարդ հարցերին, որոնք մեր առջեւ դնում է ժամանակը», – ասել է հիմնադրամի հիմնադիր եւ մրցանակի ժյուրիի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը:
Առաջիկա ամիսներին մրցանակի թիմը կներկայացնի պատվավոր ժյուրիի եւ փորձագիտական խորհրդի կազմը, անվանակարգերը եւ մասնակցության ձեւաչափը: Յուրաքանչյուր անվանակարգում մրցանակային ֆոնդի չափը կորոշի կազմկոմիտեն՝ առաջին նիստի ժամանակ:

Leave a comment