Չինաստանի ԱԳ նախարարն ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխզիջման հույս է հայտնել

Քաղաքականություն

27.05.2026 | 16:01

Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին կրկին կոչ է արել Մերձավոր Արևելքում փխրուն հրադադարի ռեժիմին մասնակցող կողմերին հարգել հրադադարը՝ հույս հայտնելով, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը զիջումների կգնան։ Այս մասին գրում է Al Arabiya-ն՝ հղում անելով AFP-ին։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց քննարկման ժամանակ Ին ելույթ է ունեցել, երբ Իրանը մեղադրել է Միացյալ Նահանգներին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ և զգուշացրել հակահարվածի մասին։ ԱՄՆ ուժերը հարձակվել էին Իրանի հարավում գտնվող հրթիռային կայանների, ինչպես նաև ականապատման փորձ կատարող նավակների վրա՝ սպառնալով պատերազմը դադարեցնելու համաձայնագրի կնքմանը։

Պաշտոնյան ասել է, որ Չինաստանը ջանքեր է գործադրում հակամարտությունը լուծելու համար և պահպանել է կապն ու համակարգումը ներգրավված հիմնական կողմերի հետ։

«Մենք հույս ունենք, որ շահագրգիռ կողմերը կշարունակեն հավատարիմ մնալ հրադադարի պահպանմանը և կշարունակեն միմյանց հետ հանդիպել, որպեսզի խաղաղությունը հնարավորինս շուտ վերադառնա Մերձավոր Արևելք։ Մենք աջակցում ենք Պակիստանի և այլ երկրների ակտիվ միջնորդությանը, ինչպես նաև աջակցում ենք համապատասխանաբար Միացյալ Նահանգների և Իրանի կողմից ձեռնարկվող ջանքերին»,- հավելել է նա։

Վան Ին հույս է հայտնել, որ շահագրգիռ կողմերը «կշարունակեն միմյանց հետ հանդիպել»։

Հավելենք, որ երկուշաբթի Վան Ին Պեկինում հանդիպել է Պակիստանի բանակի գլխավոր ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ, որը Թեհրանի և Վաշինգտոնի միջև հիմնական միջնորդն է։ Նրանք քննարկել են Մերձավոր Արևելքում խաղաղությունը վերականգնելու իրենց ջանքերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment