TikTok-ը երրորդ տարին անընդմեջ Չինաստանի ամենաթանկ բրենդն է

TikTok-ը երրորդ տարին անընդմեջ ճանաչվել է Չինաստանի ամենաթանկ բրենդը։ Այդ մասին նշվում է Brand Finance China 500 ամենամյա զեկույցում։

TikTok/Douyin սոցիալական հարթակի բրենդի արժեքը մեկ տարվա ընթացքում աճել է 45%-ով՝ հասնելով 153.5 միլիարդ դոլարի։

Էներգահամակարգերի ոլորտի State Grid Corporation of China ընկերությունը (+20%, մինչև 102.4 միլիարդ դոլար) պահպանել է երկրորդ հորիզոնականը, իսկ Industrial and Commercial Bank of China (+15%, մինչև 90.9 միլիարդ դոլար) և China Construction Bank (-1.5%, մինչև 77.2 միլիարդ դոլար) բանկերը զբաղեցրել են համապատասխանաբար երրորդ և չորրորդ տեղերը։

Եվս երկու բանկ փոխել են իրենց դիրքերը․ Bank of China-ն (+10.9%, մինչև 70.8 միլիարդ դոլար) բարձրացել է հինգերորդ հորիզոնական, իսկ Agricultural Bank Of China-ն (-10.6%, մինչև 62.8 միլիարդ դոլար) նահանջել է վեցերորդ տեղ։ Յոթերորդ հորիզոնականը պահպանել է Moutai թունդ ալկոհոլային խմիչքի բրենդը (+2.2%, 59.6 միլիարդ դոլար)։

Ինտերնետ-հսկա Tencent-ը (+18.3%, մինչև 52.1 միլիարդ դոլար) իններորդ տեղից բարձրացել է ութերորդ հորիզոնական՝ մեկ աստիճանով ներքև մղելով China Mobile հեռահաղորդակցական բրենդին (+5.2%, մինչև 49.4 միլիարդ դոլար)։ Ping An ապահովագրական բրենդը (+13%, մինչև 48.8 միլիարդ դոլար) շարունակում է եզրափակել լավագույն տասնյակը։

Ամենաարագ աճ գրանցած բրենդը դարձել է Fuyao Glass Industry-ն՝ ավտոմոբիլային ապակիների աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկը, որի արժեքն աճել է 2.4 անգամ՝ հասնելով 1.2 միլիարդ դոլարի։

Զեկույցում նշվում է, որ Չինաստանի 100 ամենաթանկ բրենդների ընդհանուր արժեքը անցած տարվա ընթացքում աճել է 8%-ով և կազմել 2.13 տրիլիոն դոլար։

Թոփ-100-ում ընդգրկված 64 բանկային բրենդների ընդհանուր արժեքն աճել է 1.2%-ով՝ հասնելով 473.4 միլիարդ դոլարի։ Ապահովագրական բրենդների ընդհանուր արժեքը բարձրացել է 2%-ով՝ մինչև 136 միլիարդ դոլար։

Ավտոմոբիլային բրենդների արժեքն աճել է 10%-ով՝ մինչև 54.6 միլիարդ դոլար։ Այդ թվում՝ BYD-ի արժեքն աճել է 23%-ով՝ մինչև 17.3 միլիարդ դոլար, իսկ Geely-ինը՝ 26%-ով՝ մինչև 4.5 միլիարդ դոլար։

Նավթագազային ոլորտում գրանցվել է 3% աճ՝ մինչև 74.1 միլիարդ դոլար։ Ոլորտի առաջատարը մնացել է PetroChina Co.-ն, որի արժեքն աճել է 7%-ով՝ մինչև 35.7 միլիարդ դոլար։

Էլեկտրոնիկայի և կիսահաղորդչային արտադրանքի ոլորտում բրենդների արժեքն աճել է 16%-ով՝ մինչև 184 միլիարդ դոլար։ Huawei-ի արժեքն աճել է 10%-ով՝ մինչև 35.1 միլիարդ դոլար, CATL-ինը՝ 53%-ով՝ մինչև 30.1 միլիարդ դոլար, իսկ TSMC-ինը՝ 37%-ով՝ մինչև 39.4 միլիարդ դոլար։

Leave a comment