Կրեմլի «Storm 1516» (Փոթորիկ 1516) բոտերի ցանցին պատկանող X-ի մեկ տասնյակից ավելի հաշիվներ հերթական կեղծիքն են տարածել Հայաստանի մասին՝ պնդելով, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բռնության ու սպառնալիքների է ենթարկում իր մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանին։
Կրեմլի ցանցը սոցիալական մեդիայի իր հաշիվներում մայիսի 26-ի կեսօրից համակարգված ձևով սկսել է տարածել տեսանյութ, որում արվում են վերևում հիշատակված պնդումները։
Արտապատկերումները՝ Storm 1516-ի X-ի հաշիվներից (1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10)
Հիշեցնենք, որ ցանցը արդեն գրեթե մեկ տարի X-ի իր այս ու այլ հաշիվներով կեղծիքներ է տարածում Հայաստանի մասին․ դրանցից վերջինը ցանցը տարածել էր նախորդ շաբաթ, համաձայն որի՝ «Փաշինյանը պետական բյուջեի հաշվին սահմանամերձ շրջաններում տներ է կառուցում ՀՀ-ում բնակվել պատրաստվող 600 000 ադրբեջանցու համար»։
Կարդացեք նաև՝ Հիբրիդային պատերազմի կառուցվածքը․ գործիքներ ու դերակատարներ, որ FIP.am-ը 2025-ին բացահայտեց հայկական լսարանի համար։
Տեսանյութում օգտագործել են Փաշինյանի ու Բաղդասարյանի հանրային գործունեության իրական կադրեր, որոնք հրապարակվել են հայաստանյան բաց աղբյուրներում։
Սրան զուգահեռ տեսանյութում կա խմբագրված դրվագ, որում իբրև թե Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում անձամբ է հուզված, արցունքն աչքերին պատմում Փաշինյանի կողմից բռնության ենթարկվելու մասին։
Մինչդեռ նման տեսանյութ Բաղդասարյանը չի հրապարակել սոցիալական մեդիայի իր ռեսուրսներում։
«Փաստերի ստուգման հարթակը» արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակություն հայտնաբերող մի շարք գործիքների (undetectable.ai, humantext.pro, hivemoderation.com) քննությանը ենթարկեց տեսանյութի ձայնը։
Ըստ այդ գործիքների՝ այդ տեսանյութը DeepFake է՝ գեներացված ԱԲ-ով։
Ապատեղեկատվական արշավն իրականացվել է Doppelganger հնարքով՝ տեսանյութի վրա երևում է միջազգային EuroNews լրատվամիջոցի տարբերանշանը։
Մինչդեռ, այդ լրատվամիջոցը նման մեդիաարտադրանք կամ լուր չի հրապարակել։
Այսպիսով, Կրեմլի բոտերի ցանցը նմանակել է միջազգային ԶԼՄ-ի, օգտագործելով դրա տարբերանշանը՝ դրան վերագրել է լուր, տեսանյութ, որը ԶԼՄ-ն չի հրապարակել։ Ինքը՝ Բաղդասարյանը, ևս նման տեղեկություն կամ տեսանյութ չի հրապարակել, ինչպես պնդում է արվել տեսանյութում։
Միևնույն ժամանակ, տեսանյութի տարածումն իրականացվել է ՀՀ-ի մասին նախկինում բազմիցս կեղծ լուրեր տարածած X-ի հաշիվների կողմից, որոնք հայաստանցի ու միջազգային փաստեր ստուգողների կողմից նույնականացվել են որպես Կրեմլի համար աշխատող Storm 1516 բոտերի ցանցի հաշիվներ։
Նանե Մանասյան
The post Կրեմլի Storm 1516-ի հերթական արշավը․ EuroNews-ի լոգոյով կեղծ պատում՝ Փաշինյանի ու իր մամուլի քարտուղարի մասին appeared first on FIP.AM.