Մարկո Ռուբիոն ներկայացրել է Սերգեյ Լավրովի հետ ունեցած հեռախոսազրույցի որոշ մանրամասներ՝ անդրադառնալով Ուկրաինայի շուրջ իրավիճակին և հնարավոր էսկալացիայի վտանգներին։
Ռուբիոյի խոսքով՝ ռուսական կողմը նախազգուշացումներ է ուղարկել տարբեր դիվանագիտական ներկայացուցչություններին՝ նշելով, որ իրավիճակը շարունակում է մնալ վտանգավոր։
«Բոլոր պատերազմների վտանգն այն է, որ դրանք շարունակվում և երկարաձգվում են, իսկ դա մշտապես ստեղծում է էսկալացիայի կամ նոր ուղղություններով տարածման սպառնալիք», — նշել է նա։
Պետքարտուղարը հայտնել է, որ նախօրեին Լավրովի հետ քննարկել է ոչ միայն այս թեման, այլև մի շարք այլ հարցեր։ Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրել էր Լավրովին կապ հաստատել իր հետ՝ որոշ հաղորդագրություններ անձամբ ԱՄՆ նախագահին փոխանցելու նպատակով։
Ռուբիոն ընդգծել է, որ այս պահին Ուկրաինայի վերաբերյալ ակտիվ կամ նախապես ծրագրված բանակցություններ չկան, սակայն Վաշինգտոնը պատրաստ է ներգրավվել, եթե առաջանա կառուցողական դերակատարության հնարավորություն։
«ԱՄՆ-ը միշտ պատրաստ է օգտակար և կառուցողական դեր խաղալ, եթե նման հնարավորություն ստեղծվի», — ասել է նա։