Նիկոլ Փաշինյանի նախատիպը Նիկողոս աղան է, տժվժիկը Ներսես Աղբարի երեսով տվողը

«Ներսես աղբար, ինչպե՞ս էր տժվժիկը, համո՞վ էր»,- ամեն անգամ հարցնում էր Նիկողոս աղան, որը Ներսեր աղբարի համար մի օր տժտժիկ էր առել ու երբ հարցնում էին, թե ի՞նչ տժտժիկի մասին է խոսքը, Նիկողոս աղան պատասխանում էր. «Օր մը, մսավաճառին քով Ներսես աղբարին հանդիպեցա։ Տեսա, որ ախորժակով ջիգյերներուն կնայե..»:

Ահա, ճիշտ Ներսես աղբարի օրն են ընկել մեր խեղճ թոշակառուները, որոնց թոշակները բարձրացել է ընդամենը 10 հազար դրամով։ Քարոզարշավի յուրաքանչյուր օրը, ցանկացած հանդիպման ժամանակ, ամեն բնակավայրում Փաշինյանը թոշակառուների երեսով է տալիս այդ 10 հազար դրամները։ Ընդ որում, ինչպես ասում են՝ «կենացները գնալով քաղցրանում են»։ Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանի պատկերացումներում, մարդկանց բացարձակ բարեկեցության համար պակասում էր ընդամենը 10 հազար դրամ։ Թոշակառուները այլևս ոչ միայն լիովին ապահովված են սննդով, այլև կարող են ամեն տարի իրենց համար գնել կոշիկ, բաժակներ, մեկնել հանգստանալու…

Սա այն նույն Նիկոլ Փաշինյանն է, որ թոշակները բարձրացնելուց բառացիորեն մի քանի օր առաջ հայտարարում էր, որ նախ՝ թոշակները բարձրացնելու հնարավորություն պետբյուջեն չունի, երկրորդը՝ բարձրացնելն անիմաստ է, քանի որ միևնույնն է մեր թոշակառուները չեն իմանալու, թե ինչպես ծախսեն այդ գումարները։

Սակայն օրեր անց տեղի ունեցավ հրաշքը, ոչ միայն պետբյուջեն հաշված օրերի ընթացքում աճեց այնքան, որ թույլատրեց բարձրացումը, այլև Նիկոլ Փաշինյանի մտածողությունում տեղի ունեցավ ֆունդամենտալ փոփոխություն։

Ու հիմա, տեղին-անտեղին, եթերով, թե հանդիպումների ժամանակ, հարցազրույցներում, թե մամուլի ասուլիսներին, ահելի, թե ջահելի հանդիպելիս Նիկոլ Փաշինյանն անդադար թոշակների բարձրացումը փորձում է «ծախել» հասարակության վրա, ակնկալելով նրանց քվեն։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանը բառիս բուն իմաստով ցանկանում է գնել մարդկանց։

Սակայն սա առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանը փորձում է ապահովել իր քաղաքական հաղթանակը գումարի տեսքով ընտրակաշառք բաժանելով։ Շատերը թերևս մոռացել են, որ տարիներ առաջ, երբ «Ելք» դաշինքը մասնակցում էր Երևանի համայնքապետի ընտրություններին, երևանցիներին առաջարկում էր ընտրել իրենց, որից հետո գալ քաղաքապետարան ու ստանալ հասանելիք 10 հազար դրամները։ Այսինքն, եթե այն ժամանակ «Ելք» դաշինքը առաջարկում էր ընտրակաշառք՝ ընտրություններից հետո, ապա այսօր այդ կաշառքը բաժանվել է նախօրորք, իսկ Նիոլ Փաշինյանի «քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նույն «Ելք» դաշինքի մոդիֆիկացիաներից մեկն է ու երկուսի քաղաքական շարժիչը նույն Փաշինյանն է։

Կարեն Կարապետյան

Leave a comment