ՀՀ կառավարությունը նախաձեռնում է ՀԷՑ–ի օտարման գործընթացը. Ռոմանոս Պետրոսյան

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀԷՑ–ի 100 տոկոս բաժնետոմսերի օտարման համար սահմանվել է եռամսյա ժամկետ, որը լրացել է մայիսի 25–ին։ Եռամսյա այս ժամկետում կառավարության, տվյալ դեպքում` ՏԿԵՆ–ի հետ, պետք է տեղի ունենային բանակցություններ` ընկերության վաճառքի գնի շուրջ։ Ընդհանուր հայտարարի չգալու դեպքում հանրային գերակա շահի տարբերակով պետք է տեղի ունենար գործընթացը։ Մայիսի 8–ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը ՀԷՑ–ը ձեռք բերելու համար 380 000 դոլար է առաջարկել սեփականատերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին։ Կարապետյանը գումարի այս չափն անընդունելի է համարել, և մայիսի 25–ին ՀՀ կառավարության հետ բանակցությունները չեն կայացել։

Ռոմանոս Պետրոսյանը հիշեցրել է, որ մայիսի 25-ին լրացավ ՀՀ վարչական դատարանի կողմից կիրառված հայցի ապահովմամբ սահմանված ժամկետը, որի ընթացքում ՀՀ կառավարության առաջարկի հիման վրա պետք է տեղի ունենար «ՀԷՑ» ՓԲԸ բաժնետերերի կողմից ընկերության 100% բաժնետոմսերի՝ կառավարության հետ համաձայնեցված կարգով օտարում։

«Հաշվի առնելով այն փաստը, որ սահմանված ժամկետներում բաժնետոմսերի օտարում տեղի չի ունեցել, և ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի իրավանորմերով՝ ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետոմսերի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու (պետականացնելու) գործընթաց»,– գրել է Պետրոսյանը։

Leave a comment