Սամվել Կարապետյանին վերագրվող դրվագներից մեկով առկա է քրեական  հետապնդումը բացառող հանգամանք․ պաշտպան

Սամվել Կարապետյանի պաշտպան Արշակ Վարդանյանն այսօրվա դատական նիստի ընթացքում հայտնեց, որ Կարապետյանի նկատմամբ նրան վերագրվող դրվագներից մեկով քրեական հետապնդումը բացառող հանգամանք է առկա։

Խոսքը  «Ստրոյպրոյեկտ» ՓԲ ընկերությանն առնչվող դրվագի մասին է։

Ըստ այս դրվագի՝ Սամվել Կարապետյանը «Ստրոյպրոյեկտ» ՓԲ ընկերության տնօրեններ Րաֆֆի Նալչաջյանի և Վարդան Վարդանյանի հետ նախնական համաձայնությամբ, նյութական օգուտներ ստանալու և ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով նշված ընկերության օգտագործումը կազմակերպելու միջոցով, վերջիններիս կողմից ծառայողական լիազորությունների և դրանցով պայմանավորված ազդեցության օգտագործմամբ օրինականացրել է հանցավոր ծագում ունեցող և օրինական գործունեությամբ չհիմնավորվող՝ առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներ:

Արշակ Վարդանյանը նշեց, որ այս դրվագով Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել դեռևս 2025-ի օգոստոսին, բազմիցս դատարան են ներկայացվել միջնորդություններ՝ այս դրվագով Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, սակայն բոլոր դատարանները ֆիքսել են հիմնավոր կասկածի բացակայությունը:

Այս որոշումներից հետո, ըստ փաստաբանի, որևէ նոր փաստական տվյալ ձեռք չի բերվել, որով կփաստվի Սամվել Կարապետյանի առնչությունն իրեն վերագրվող արարքին։ Փաստաբանը նաև դիտարկեց, որ տվյալ դրվագով խափանման միջոցի հարցը քննել է նաև Կարապետյանի գործով նիստը նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը և կրկին եկել հետևության, որ այս դրվագով առկա չէ հիմանվոր կասկած:

Նման պայմաններում, ըստ Արշակ Վարդանյանի, առավել կանխատեսելի որոշումը պետք է լիներ Կարապետյանի նկատմամբ այս դրվագով քրեական հետապնդումը դադարեցնելը, բայց քննիչը քրեական հետապնդումը դադարեցնելու դրվագով հետապնդումը դադարեցնելու միջնորդությամբ չի դիմել դատախազին, դատախազը ևս չի օգտվել իր լիազորությունից և չի դադարեցրել հետապնդումը։

Վարդանյանը նաև դատարանին ներկայացրեց Սամվել Կարապետյանի անձը բնութագրող փաստաթղթեր։ Դրանցում Կարապետյանի դրական բնութագիրը հավաստող տվյալներ էին այն մասին, որ շքանշաններ ու պարգևներ ունի,  բազմաթիվ բարեգործություններ է արել: Վարդանյանն ասաց, որ այս ամենը  որպես անձը բնութագրող տեղեկություն պետք է տեղ գտնի մեղադրական եզրակացության մեջ:

 

Արաքս Մամուլյան

Leave a comment