Իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել UFC-ի հետ։ Այդ մասին հայտարերել է հանրահայտ ինսայդեր ու լրագրող Արիել Հելվանին։
«Սա մեծ պատմություն է, ցավոտ բիզնես-պատմություն։ Քոնորը վերադառնում է, բայց չհաջողվեց երկարաձգել նրա պայմանագիրը։ UFC-ն ուզում էր նոր պայմանագիր կնքել Մաքգրեգորի հետ, բայց նա չցանկացավ։
Քոնորին 2 մենամարտ է մնացել UFC-ում։ Մեկը կանցնի հուլիսի 12-ին, իսկ երկրորդը՝ 2027 թվականի առաջին կամ երկրորդ եռամսյակում։ Իսկ հետո՞։
Պատկերացնո՞ւմ եք Մաքգրեգորին որպես ազատ գործակալ։ Որքա՞ն, օրինակ, նույն Netflix-ը կվճարի նրա մենամարտի համար։ Հսկայական գումարներ»,- իր յութուբյան ալիքում ասել է Արիել Հելվանին։
Հիշեցնենք, որ UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոնը հուլիսի 12-ին Լաս Վեգասում կայանալիք UFC 329 մրցաշարում մենամարտելու է ամերիկացի Մաքս Հոլուեյի հետ։ Նրանք հանդիպել են նաև 2013 թվականին, երբ միավորներով հաղթել է իռլանդացի մարտիկը։
37-ամյա Մաքգրեգորը նախորդ մենամարտն անցկացրել է 2021 թվականի ամռանը, երբ ծանր վնասվածք էր ստացել ամերիկացի Դասթին Պորյեի հետ մրցելիս։ Խառը մենամարտերում նա մասնակցել է 28 հանդիպման, տարել 22 հաղթանակ ու կրել 6 պարտություն։