Մեր ռազմավարական գործընկերությունը բարձրացրինք նոր մակարդակի․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

26.05.2026 | 17:33

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության և տնտեսական նախագծերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Երևանում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոի հետ հանդիպման ընթացքում։

Փաստաթղթերի ստորագրման արարողության ժամանակ Միրզոյանը նշեց, որ Ռուբիոյի այցը վկայում է Երևանի և Վաշինգտոնի՝ երկկողմ կապերը խորացնելու հանձնառության մասին։ Նրա խոսքով՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական հարաբերությունները ներկայում առավել ամուր են, քան երբևէ, իսկ երկու երկրները թևակոխել են պատմականորեն աննախադեպ փուլ։

Արտգործնախարարը հիշեցրեց, որ անցած տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի ընթացքում, որը հյուրընկալել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հնարավոր է դարձել հաստատել խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև պայմանավորվածություններ ձեռք բերել տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։

«Եվ կրկին ընդամենը մի քանի ամիս անց այսօր՝ մայիսին, Երևանում մենք կարողացանք նախաստորագրել արդեն միջպետական համաձայնագիրը TRIPP ծրագրի վերաբերյալ: Իհարկե, սա չի ծածկում այն ամբողջ ճանապարհը, որ մենք այս ամիսների ընթացքում միասին անցել ենք»,- նշեց Միրզոյանը։

Նախարարը նաև ընդգծեց, որ վերջին ամիսներին կողմերը ստանձնել են հանձնառություններ արհեստական բանականության, կիսահաղորդիչների, միջուկային էներգետիկայի և կրիտիկական միներալների ոլորտներում համագործակցության ուղղությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Leave a comment