Լավրովը հայտարարել է, թե օտարերկրյա դիվանագետները պետք է տարհանվեն Կիևից. ԵՄ-ն արձագանքում է՝ ոչ մի տեղ չի գնում

Քաղաքականություն

26.05.2026 | 12:20

ՌԴ ԱԳՆ հայտարարությունից հետո, որն Ուկրաինային սպառնաց Կիևում «որոշումների կայացման կենտրոններին» հարվածներով, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, գրում է Meduza-ն։

Լավրովը նշել է, որ ԱՄՆ-ին և Կիևում առաքելություններ ունեցող այլ երկրներին խորհուրդ է տրվում տարհանել իրենց դիվանագիտական ​​անձնակազմին և այլ քաղաքացիներին։

Ուկրաինայում ԵՄ դեսպան Կատերինա Մատերնովան Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը անվանել է «երեսպաշտության գլուխգործոց»։

«Տարիներ շարունակ բնակելի շենքեր, թանգարաններ, ծննդատներ, դպրոցներ և էլեկտրակայաններ ռմբակոծող ռեժիմը հիմա հանկարծ խոսում է «միջազգային մարդասիրական իրավունքի» և «Ժնևի կոնվենցիաների» մասին։ Մենք հիանալի հասկանում ենք, թե սա ինչ է նշանակում։ Ռուսաստանը ցանկանում է վախ։ Խուճապ։ Ուկրաինայի մեկուսացում։ Բայց դա չի աշխատի։ Եվրամիությունը ոչ մի տեղ չի գնում։ Մենք մնում ենք Կիևում։ Մենք մնում ենք Ուկրաինայի հետ։ Դիվանագետների և միջազգային կազմակերպությունների դեմ սպառնալիքներն ուժի նշան չեն։ Դրանք հուսահատության նշան են»,- նշել է նա։

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը նույնպես արձագանքել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության սպառնալիքներին՝ նշելով, որ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում պետք է դիտարկվի որպես ոչ բարեկամանական գործողություններ:

«Լեհական դիվանագիտական ​​​​առաքելությունների վրա ցանկացած հարձակում մենք կհամարենք նպատակային և միտումնավոր»,- ասվում է հայտարարության մեջ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment