Հնդիկ երիտասարդը ոստիկաններին հայտնել է, որ իր համերկրացիները ծեծել են, վնաuվածքներ պատճառել․ Shamshyan

Մայիսի 20-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Երևան սիթի» սուպերմարկետի մոտ օտարերկրացիները վիճաբանում են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով արդեն տեղում Հնդկաստանի քաղաքացի 24-ամյա Գաուրով Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ մայիսի 19-ին ժամը 23։00-ի սահմաններում Ռուբինյանց փողոց 24/7 հասցեի դիմաց իր ծանոթ, ազգությամբ հնդիկ Սանին, Սանջեյը և Բուպինդերը աշխատանքի հետ կապված վիճաբանել են իր հետ, որի ժամանակ Սանջեյը ծանր մետաղյա թևնոցով հարվածել է իր գլխին, այնուհետև Սանին դանակով 3 անգամ հարվածել է իր մեջքին, իսկ Բուպինդը բռնել է իր ձեռքերից, ինչի արդյունքում իրեն պատճառել են մարմնական վնասվածքներ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Սանիի, Սանջեի և Բուպինդի  տվյալները պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։

Leave a comment