ԱՄՆ զինված ուժերը հարվածել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) երկու նավակներին և հրթիռային կայանի Իրանի հարավային Բանդար Աբբաս քաղաքում, հայտնել է «Fox News»-ի լրագրողը։
«Երկու իրանական նավակ բռնվել է Հորմուզի նեղուցում ականներ տեղադրելիս։ (…) ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են ԻՀՊԿ-ի երկու նավակները և նաև հարվածել Բանդար Աբբասում զենիթահրթիռային կայանին, որը թիրախավորել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռները», – գրել է «Fox News»-ի լրագրող Ջենիֆեր Գրիֆինն X սոցիալական ցանցում՝ հղում անելով ռազմական աղբյուրին։
Ըստ նրա՝ զինված ուժերը հայտարարել են, որ հարվածները պաշտպանական բնույթի են եղել, չեն նշանակում ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի խախտում։ «Հարվածները պաշտպանական էին, ոչ թե հարձակողական, և հրադադարը խախտելու փորձ չէին», – ընդգծել է լրագրողը։
Կենտրոնական հրամանատարության խոսնակ, կապիտան Թիմ Հոքինսը, հաստատել է միջադեպը հայտարարության մեջ՝ պարզաբանելով, որ զինված ուժերը հարվածներ են հասցրել ինքնապաշտպանության նպատակով՝ «մեր ուժերը իրանական ուժերի կողմից ներկայացվող սպառնալիքից պաշտպանելու համար»։
Նա բացատրել է, որ հարվածները թիրախավորել են հրթիռային կայանները և իրանական նավակները, որոնք փորձում էին ականներ տեղադրել։ «Կենտրոնական հրամանատարությունը շարունակում է պաշտպանել մեր ուժերը՝ զսպվածություն ցուցաբերելով շարունակվող հրադադարի պայմաններում», – ասել է Հոքինսը։
Ամերիկյան կործանիչները հարձակվել են ԻՀՊԿ-ի երկու ռազմածովային մոտորանավակների վրա, որի հետևանքով զոհվել են չորս նավաստիներ։