Ո՞վ կդառնա ՆԳ նախարար, Ինչպես են «կեղծ ընդդիմադիրներն» աշխատում Փաշինյանի վերարտադրության համար. Մամուլը՝ սուրճով

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի քաղաքական դաշտում վաղուց արդեն ձևավորվել է մի շերտ, որը պաշտոնապես իրեն ներկայացնում է որպես «ընդդիմություն», սակայն իրականում կատարում է մեկ կարևոր քաղաքական ֆունկցիա՝ թույլ չտալ, որ հակաիշխանական ընտրազանգվածը համախմբվի իրական իշխանափոխության շուրջ։ Այս ուժերը տարբեր են արտաքինով, բառապաշարով ու ոճով, բայց ունեն մեկ ընդհանուր հատկանիշ՝ նրանք երբեք չեն հարվածում Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմքերին այնպես, որ այն իրական վտանգ զգա։ Ընդհակառակը՝ հաճախ հենց իրենց գոյությամբ են ապահովում գործող իշխանության վերարտադրությունը։

Այդ շղթայում առանձնահատուկ տեղ ունի իրեն «Շնորհապետական» անունը կրող կուսակցության ղեկավար Գուրգեն Սիմոնյանը։ Քաղաքագետի, «ազգային» գործչի և «նոր քաղաքական ուժի» առաջնորդի կերպարով ներկայացող Սիմոնյանը վերջին շրջանում ակտիվորեն փորձում է զբաղեցնել այն դաշտը, որտեղ հավաքված են հակառուսական տրամադրություններ ունեցող, բայց Փաշինյանից դժգոհ քաղաքացիները։ Սա պատահական չէ։ Սիմոնյանը տարիներ շարունակ հանդես է եկել ընդգծված հակառուսական դիրքերից՝ կոչ անելով դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄից, հեռացնել ռուսական զորքերը Հայաստանից և ամբողջությամբ փոխել Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունը։ Սակայն ամենակարևոր հարցը սա չէ։ Ամենակարևորը քաղաքական հետևանքն է։

Այսօր Նիկոլ Փաշինյանի գլխավոր խնդիրը ոչ միայն վարկանիշի անկումն է, այլ նաև այն, որ հասարակության մեծ հատվածը այլևս չի հավատում նրա խոստումներին։ Հետևաբար, իշխանությանը պետք են «կեղծ այլընտրանքներ», որոնք կկարողանան հավաքել դժգոհ, բայց գաղափարապես մոլորված ընտրողներին։

Հենց այստեղ է սկսվում սատելիտների դերը։

Գուրգեն Սիմոնյանը փորձում է ներկայանալ որպես «ազգային շահի պաշտպան», բայց իրականում նրա ամբողջ քաղաքական գործունեությունը բերում է նույն կետին՝ ընդդիմադիր դաշտի մասնատմանը և Փաշինյանի համար վտանգավոր ընտրազանգվածի ցրմանը։ Նա կարող է երբեմն քննադատել Փաշինյանին, բարձր տոնով խոսել պետականության մասին, բայց երբեք չի ձևավորում այնպիսի քաղաքական օրակարգ, որը կարող է իրական համախմբում ստեղծել գործող իշխանության դեմ։ Սա դասական քաղաքական տեխնոլոգիա է. ստեղծել վերահսկվող «ընդդիմություն», որը կվերցնի բողոքական ձայները, բայց չի վերածվի իշխանափոխության ռեսուրսի։

Սիմոնյանի դեպքում խնդիրը նույնիսկ ավելի խորն է։ Նա փորձում է խաղալ ազգային զգացմունքների վրա՝ միաժամանակ առաջ տանելով այն նույն գաղափարական գիծը, որը տարիներ շարունակ օգտագործվել է Փաշինյանի իշխանության կողմից՝ հասարակությունը բաժանելու, ավանդական դաշնակիցներին թշնամի ներկայացնելու և քաղաքական իրական օրակարգը փոխարինելու համար։ Նրա քաղաքական վարքագիծը գնալով ավելի է հիշեցնում ոչ թե անկախ ընդդիմադիր գործչի, այլ իշխանությանը ձեռնտու նախագծի աշխատանք։

Նույն քաղաքական տրամաբանության մեջ է տեղավորվում նաև Արամ Սարգսյանի, Լևոն Շիրինյանի և Արման Բաբաջանյանի գործունեությունը։

Արամ Սարգսյանը տարիներ շարունակ ներկայացել է որպես «ժողովրդավարական» և արևմտամետ քաղաքական գործիչ, սակայն գործնական քաղաքականության մեջ հաճախ հայտնվել է այնպիսի դիրքերում, որոնք օբյեկտիվորեն նպաստել են գործող իշխանության օրակարգին։ Նրա հիմնական քաղաքական թեզերը գրեթե ամբողջությամբ համընկնում են Փաշինյանի արտաքին քաղաքական գծի հետ։

Լևոն Շիրինյանն ու Արման Բաբաջանյանն անգամ քաղաքական դաշինքով են մասնակցել ընտրություններին՝ ձևավորելով բացահայտ արևմտամետ և հակառուսական բևեռ։ Նրանք մշտապես հանդես են եկել նույն գաղափարական շեշտադրումներով՝ ՀԱՊԿ-ի քննադատություն, Ռուսաստանի դեմ կոշտ հռետորաբանություն, արևմտյան ինտեգրման քարոզ և «նախկինների վերադարձի վտանգի» թեզեր։

Բայց եթե Բաբաջանյանի կամ Շիրինյանի դեպքում հասարակության զգալի հատվածը վաղուց հասկացել է նրանց քաղաքական իրական տեղը, ապա Գուրգեն Սիմոնյանի պարագայում դեռ կան մարդիկ, որոնք շարունակում են նրան ընկալել որպես «նոր», «անկախ» կամ «ազգային» դեմք։ Սա է նրա հիմնական վտանգավորությունը։

Կեղծ հայրենասիրությունը միշտ ավելի վտանգավոր է, քան բացահայտ հակառակորդը։ Բացահայտ հակառակորդին հասարակությունը տեսնում է անմիջապես, իսկ քաղաքական սատելիտները գործում են այլ մեթոդով՝ նրանք վերցնում են ժողովրդի արդար զայրույթը և այն տանում փակուղի։

Այսօր արդեն ակնհայտ է, որ Փաշինյանի իշխանությունը պահվում է ոչ միայն ՔՊ-ի վարչական ռեսուրսով, այլ նաև այն «կեղծ ընդդիմադիրների» միջոցով, որոնք հասարակության մի հատվածին թույլ չեն տալիս միավորվել իրական քաղաքական փոփոխության շուրջ։

Եվ այդ համակարգում Գուրգեն Սիմոնյանը դարձել է ամենաակտիվ և ամենավտանգավոր սատելիտներից մեկը՝ «ազգային» բառերի փաթեթավորմամբ սպասարկելով նույն իշխանությանը, որի դեմ իբր պայքարում է։

 

 

«Հրապարակ» թերթը գրում է․  

Արդեն գրել ենք, որ իշխող կուսակցությունը «վարձկանների» միջոցով է քարոզչություն անում՝ բուկլետներ բաժանում, տնետուն շրջում։ Նրանք ՔՊ անդամներ չեն, պարզապես վարձու աշխատանք են կատարում։

Մեզ պատմեցին, որ ՔՊ աշխատակազմը բուկլետ բաժանող վարձկանների «քթերից է բերում» 200 հազարական դրամները, որոնք վճարում են բուկլետ բաժանող յուրաքանչյուր անձի՝ քարոզչություն անելու, տնետուն այցելելու, ՔՊ-ի չեղած գաղափարախոսությունը պրոպագանդելու համար։

Մեզ ասացին, որ աշխատակազմից պահանջել են ոչ միայն Փաշինյանի երեւանյան հանդիպումներում «մասսովկա» ապահովել, այլեւ ասել են՝ գումարի երկրորդ մասն կտան, եթե նորից այցելեն այն բնակարանները, որոնց դռներն առաջին այցի ժամանակ փակ են եղել: Ասել են, որ պետք է հասնել նրան, որ փակ դռներ չլինեն, նաեւ՝ ճշտեն, թե քանի կողմնակից ունի ՔՊ-ն, որ քարոզչության մասին ամբողջական պատկեր ունենան։

 

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ցանկացած ընտրության պարագայում կարևորվում են ոչ միայն ծրագրերը, այլև այն անձինք, որոնք կյանքի են կոչելու դրանք, այսինքն՝ ապագա կառավարության անդամները: Ըստ այդմ, պատահական չէ հանրության հետաքրքրությունը, թե հիմնական ընդդիմադիր ուժերն ինչ «կադրային ռեսուրսով» են մոտենում ընտրություններին:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս առումով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքում կան որոշակի հստակեցումներ: Ի մասնավորի, մեր աղբյուրների փոխանցմամբ, արդեն հաստատված է Ներքին գործերի նախարարի թեկնածուն: Նա, մեր տեղեկություններով, ներկայում գործող ոստիկաններից է:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ առողջապահության նախարարության համակարգում ձևավորվել է նոր պրակտիկա, ըստ որի՝ պետական ենթակայության մի շարք բժշկական կենտրոնների տնօրեններ ընդունվել են ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» կլինիկական օրդինատուրա՝ «Հանրային առողջապահություն» մասնագիտությամբ՝ միաժամանակ շարունակելով իրենց կառավարչական պաշտոնավարումը։

ՀՀ առողջապահության նախարարության օրենսդրական փոփոխություններից հետո, երբ հիվանդանոցների տնօրենների համար բժշկական կրթությունն այլևս պարտադիր չէ, առողջապահական համակարգում ձևավորվել է նոր, ուշագրավ պրակտիկա․ պետական ենթակայության մի շարք բժշկական կենտրոնների ղեկավարներ ընդունվել են ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» կլինիկական օրդինատուրա՝ «Հանրային առողջապահություն» մասնագիտությամբ։

Խոսքը 1 տարի 2 ամիս տևողությամբ առկա ուսուցման մասին է, որի ընթացքում, ըստ գործող կարգի, ուսանողները պետք է մասնակցեն կրթական գործընթացներին՝ միաժամանակ շարունակելով իրենց մասնագիտական և վարչական պարտականությունները, ղեկավարելով բժշկական կենտրոններ, իսկ որոշ դեպքերում նաև ներգրավված լինելով քաղաքական գործընթացներում։

Այս համատեքստում բարձրացված հարցերին ի պատասխան՝ «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանի կողմից հնչեցված մտահոգություններին անդրադառնալով, Առողջապահության ազգային ինստիտուտը պարզաբանել է, որ կրթական գործընթացները կազմակերպվում են «ուշ ժամերին» և հանգստյան օրերին։ Անգամ նախօրեին Ալեքսանդր Բազարչյանի ղեկավարած ինստիտուտը ռիլ է հրապարակել դասապրոցեսից, թե ինչպես են մարդիկ դասերին նստած։

Սակայն հենց այս պարզաբանումը, ըստ էության, չի փակում հարցերը, այլ նոր հարցեր է առաջացնում՝ ինչպես է իրականում կազմակերպվում առկա ուսուցումը, եթե ուսանողները միաժամանակ զբաղեցնում են բարձր պատասխանատվության կառավարչական պաշտոններ։

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին ի պատասխան՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ նման իրավիճակն ընդունելի չէ և պետք է մանրամասն ուսումնասիրվի։

«Պետք է ծառայողական քննությամբ և այլ ձևերով պարզաբանվի, պետք է ճշտվի»,– արձագանքել է նախարարը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ընդունելի է հիվանդանոց ղեկավարելու ընթացքում առկա կրթական գործընթացում ձևական կամ ոչ լիարժեք մասնակցությունը։

Նախարարը նաև նշել է, որ օնլայն ուսուցման հարթակներ գոյություն ունեն, որոնք պահպանվել են դեռևս քովիդի ժամանակաշրջանից և շարունակում են կիրառվել, սակայն ընդգծել է, որ․

«Եթե ինչ-որ մեկը առկա դասընթացի մեջ չի մասնակցում, դա անընդունելի է»։

Միևնույն ժամանակ, բարձրացված հարցերից առանցքայինը մնում է անպատասխան․ ինչպես է ապահովվում, որ «առկա» համարվող կրթությունը իրականում համապատասխանում է իր բովանդակությանը, ինչ մեխանիզմներով է վերահսկվում հաճախելիությունը, և արդյոք կրթական գործընթացը չի վերածվում ձևական որակավորման համակարգի։

Այս պահին, ըստ նախարարի արձագանքի, հարցը տեղափոխվում է ծառայողական քննության դաշտ, ինչը փաստացի նշանակում է, որ համակարգը թեման պարզաբանելու կարիք ունի»։

 

Leave a comment