Արտահերթ ընտրությունների անցկացման հստակ ժամանակահատվածը Փաշինյանը չնշեց, ասաց՝ դեռ կորոշեն։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik․ Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից հետո Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ են անցկացվելու։ Այսօր Գյումրիում նախընտրական քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ (արձակուրդում է), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
«Գյումրիում պետք է իրականացնենք ավագանու արտահերթ ընտրություններ և ժողովրդական իշխանություն հաստատենք Գյումրիում, որ Գյումրին ծաղկի այնպես, ինչպես, օրինակ, Արթիկը, հանրապետության մյուս քաղաքներ, ու ընդհանրապես, ինչպես ՀՀ-ն է ծաղկում։ Հեղափոխությունը պետք է բերի իր օգուտներն ու Գյումրի քաղաքի իր կառավարումը»,- հայտարարեց Փաշինյանը։
Թե երբ են արտահերթ ընտրություններն անցկացվելու, Փաշինյանը չհստակեցրեց․ հայտարարեց, թե դեռ կորոշեն։