Իրանի առողջապահության նախարարությունը Մոջթաբա Խամենեիի վնասվածքների մասին մանրամասներ է հայտնել

Քաղաքականություն

25.05.2026 | 18:49

Իրանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի նորընտիր գերագույն առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին փետրվարի 28-ին ավիահարվածի ժամանակ, որի հետևանքով սպանվեց նրա հայրը՝ այաթոլլահ Ալի Խամենեին, դեմքի, գլխի և ոտքերի «մակերեսային վնասվածքներ» է ստացել, գրում է CNN-ը։

Կրտսեր Խամենեիի վերջույթները չեն անդամահատվել, նրա վնասվածքները լուրջ չեն եղել և հատուկ բուժում չեն պահանջել, ասել է Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանպուրը։

«Դեմքի, գլխի և ոտքերի մակերեսային վնասվածքներից բացի, որոնք չեն հանգեցրել անդամահատումների կամ հատուկ բարդությունների, ոչ մի էական բան տեղի չի ունեցել, և որպես բժիշկ՝ իմ տեսանկյունից դրանք լուրջ վնասվածքներ չեն համարվել և հատուկ բուժում չեն պահանջել, բացառությամբ մեկ կամ երկու կարերի»,- ասել է նա։

Քերմանպուրը նշել է, որ Խամենեին հիվանդանոցից դուրս է գրվել հաջորդ օրվա վաղ առավոտյան։

The New York Times-ն անցյալ ամիս հաղորդել էր, որ Խամենեիի դեմքն ու շրթունքները լուրջ այրվածքներ են ստացել, իսկ մեկ ոտքը երեք անգամ վիրահատվել է, իսկ այաթոլլան սպասում է պրոթեզի։

Պատերազմի սկսվելուց ի վեր իրանցի պաշտոնյաները պնդում են, որ Խամենեին լավ առողջական վիճակում է և վերահսկում է ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու բանակցությունները՝ մեղադրելով Իրանի թշնամիներին իր առողջության մասին լուրեր տարածելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment