ՀՀ-ում օրենք ընդունում է ԱԺ-ն, ոչ գործադիրը․ Սամվել Կարապետյանի «Սաֆարովի օրենքն» ու Մայր օրենքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը մայիսի 25-ին դարձյալ պնդել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ծրագրում է Հայաստանում 300 000 ադրբեջանցի բնակեցնել․ սրան զուգահեռ Կարապետյանը ներկայացրել է այդ ծրագիրը խափանող օրենսդրական փոփոխություններ։ 

FIP.am-ը նախկինում գրել էր, որ այս պնդումները հիմնված են Ադրբեջանի նախագահի հակահայկական քարոզչական թեզի վրա, և չկան փաստեր ու ապացույցներ, որ ՀՀ կառավարությունը ունի նման ծրագրեր, ավելին՝ Փաշինյանն ու կառավարող «Քաղաքացիական պայմանագիրը» բազմիցս հերքել են, որ հայ-ադրբեջանական օրակարգում երբևէ նման հարց է եղել կամ քննարկվել։ 

Կարդացեք նաև՝ Ադրբեջանական թեզը՝ Հայաստանի ընդդիմության խոսույթ․ ինչպես է տարածվել Հայաստանը Ադրբեջանի մարզ դարձնելու մասին տեսանյութը

«Մենք մեր կառավարության հենց առաջին նիստին ընդունելու ենք գլխավոր օրենքը մեր երկրի համար, դա մենք կոչել են Սաֆարովի կանխարգելման օրենք, որպեսզի արգելենք ադրբեջանցիներին գնել մեր հողերը, գնել մեր տները»,- ասել է Սամվել Կարապետյանը սեղանի շուրջ նստած իր թիմակիցներին։ 

ՀՀ-ում օրենքներ ընդունում է ԱԺ-ն, ոչ թե Կառավարությունը

ՀՀ օրենսդրությամբ Կառավարությունը չի կարող օրենքներ ընդունել, այն միայն կարող է օրենսդրական նախագծեր առաջարկել օրենսդիր մարմնին, որտեղ էլ դրանք կարող են ընդունվել կամ մերժվել։

Այսպես, ՀՀ Սահմանադրության Հոդված 109-ում նշվում է, որ «Օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորը, Ազգային ժողովի խմբակցությունը և Կառավարությունը», ապա նշվում է, որ «Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծն ընդունվում կամ մերժվում է երկամսյա ժամկետում»:

Հոդված 152-ում և 153-ում նշվում է, որ Կառավարությունն ու դրա անդամները «իրավասու են ընդունելու միայն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր»։ 

«Օրենքը» և «ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը» տարբերվում են իրենց իրավական ուժով, ընդունող մարմնով և կարգավորման շրջանակով։ Օրենքը բարձրագույն իրավական ուժ ունեցող նորմատիվ ակտ է (Սահմանադրությունից հետո կամ դրա շրջանակում), իսկ ենթաօրենսդրական ակտը ստորադաս է օրենքին և չի կարող հակասել օրենքին։ Օրենքը ընդունում է Ազգային ժողովը, իսկ ենթաօրենսդրական ակտը ընդունում է Կառավարությունը, նախարարությունները։ 


Հոդված 103-ում էլ սահմանվում է, որ օրենքները, Ազգային ժողովի որոշումները, հայտարարությունները և ուղերձները, բացառությամբ Սահմանադրությամբ սահմանված դեպքերի, ընդունվում են քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

Ի հավելում սրան՝ ՀՀ կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրենքի 4-րդ գլխի 10-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանվում է, որ Կառավարության նիստերում քննարկման են ներկայացվում, մասնավորապես՝ 1) օրենքների նախագծեր, 2) Կառավարության ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծեր, 3) Սահմանադրությամբ կամ օրենքներով նախատեսված այլ հարցեր:

Այսպիսով, Կարապետյանի հայտարարությունը, թե նոր կառավարությունը կարող է իր առաջին նիստում օրենք ընդունել, չի համապատասխանում ՀՀ-ում գործող սահմանադրական ընթացակարգերին։ Կառավարությունը կարող է միայն օրենքի նախագիծ ներկայացնել Ազգային ժողով, որն էլ իրավասու է այն ընդունելու կամ մերժելու:

Նանե Մանասյան 

The post ՀՀ-ում օրենք ընդունում է ԱԺ-ն, ոչ գործադիրը․ Սամվել Կարապետյանի «Սաֆարովի օրենքն» ու Մայր օրենքը appeared first on FIP.AM.

Leave a comment